Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական «Կոմերսանտ» թերթը տեղեկացնում է, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնում է Ադրբեջան` մասնակցելու երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստին և նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության, սպառազինության մատակարարման հետ կապված հարցեր: Հղում կատարելով անանուն աղբյուրների՝ թերթը գրում է, որ ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկն այս տարվա ընթացքում Հայաստանին «Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի տրամադրման կապակցությամբ Ռուսաստանի դիրքորոշումը պարզաբանելն է` հաշվի առնելով, որ ադրբեջանական գործընկերները ծայրահեղ բացասաբար են արձագանքել դրան:
Ռոգոզինի Բաքու կատարելիք այցից առաջ «Կոմերսանտ»-ի նման հրապարակումը հետապնդում է Բաքվում կայանալիք բանակցությունների օրակարգին ադրբեջանական կողմին նախապատրաստելու և դժվարին բանակցությունների համար դրական սպասումների ֆոն ապահովելու նպատակ: Նման տեղեկատվության հրապարակումը բացահայտում է, որ, որքան էլ տարօրինակ հնչի, Բաքուն Հայաստանին «Իսկանդեր» համակարգերի տրամադրման պատճառով Մոսկվային ենթարկել է տոտալ շանտաժի՝ թերևս սպառնալով դադարեցնել Ռուսաստանից զինտեխնիկայի հետագա գնումները և նրա փոխարեն այլ մատակարար երկրներ գտնել: Թերևս պատահական չէ, որ Ռոգոզինը Բաքու է գործուղվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած այցից գրեթե անմիջապես հետո: Նախքան Բաքու մեկնելը Նեթանյահուն նշել էր, որ այցի ընթացքում քննարկվելու է նաև իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկակական համագործակցության խորացման և իսրայելական ռազմական արտադրանքի, մասնավորապես` «Երկաթե գմբեթ» ՀՕՊ ժամանակակից եզակի համակարգի` Ադրբեջան մատակարարման հարցը: Իսկ Ալիևը Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել էր, թե իրենք Իսրայելից մոտ 5 մլրդ դոլարի ժամանակակից սպառազինություն են ձեռք բերել և մտադիր են դա շարունակել:
Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին ՀՀ ԶՈւ-ն Երևանում ցուցադրեց «Իսկանդեր Է» համակարգը, Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարարը հայտարարեց, թե իրենք մի քանի երկրների հետ բանակցություններ են սկսել երկրում միջին հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ձեռք բերման շուրջ: Նոյեմբերի 13-ին Պակիստան մեկնեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը դրանից հետո նշել էր, թե Ադրբեջանը ցանկություն է հայտնել Պակիստանից ներկրել պաշտպանական ռազմական տեխնոլոգիաներ և ճշգրիտ զենքեր: Դրան գրեթե զուգահեռ` ադրբեջանական կողմը բանակցություններ էր սկսել Թուրքիայի հետ՝ ձեռք բերելու 120 կմ խոցման շառավիղ ունեցող «Ցամաք-ցամաք» տեսակի «Ֆըրթընա» («Մրրիկ») հրթիռային համակարգ:
Բաքվի այս հապշտապ, կարելի է ասել` ցայտնոտային հակաքայլերը Մոսկվայում, թերևս, ընկալել են որպես Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելու պատճառով դեմարշի նշան և իրենց ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդ երկրներից մեկը կորցնելու ուղղակի կամ անուղղակի սպառնալիք: Դրա վրա ազդել է, թերևս, նաև դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի ավիացիոն ուժերի կողմից դեպի Սիրիա ուղևորվող ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավի մուտքն իրենց երկրի օդային տարածք արգելելու որոշումը: Համենայն դեպս, պետք է նկատի ունենալ, որ երբ պաշտոնական Երևանը հատկապես ապրիլյան պատերազմից հետո շատ կոշտ ձևով Մոսկվայի առջև բարձրացրեց Ադրբեջանին հարձակողական արդիական զինտեխնիկա մատակարարելու հարցը, ՌԴ վարչապետ Մեդվեդևը, ապա նաև փոխվարչապետ Ռոգոզինը հայտարարեցին, որ եթե իրենք հանդես չգան մատակարարողի դերում, միևնույն է՝ իրենց տեղը կզբաղեցնի որևէ այլ երկիր:
Բաքուն հենց այս մտավախության վրա էլ «բռնել» է Մոսկվայի կոկորդը: Այն փաստը, որ Ռոգոզինի այցից առաջ Մոսկվան հայտարարում է պարզաբանումներ տալու պատրաստակամության մասին, կարող է նշանակել երկու բան: Առաջին՝ Մոսկվան ակնարկում է Բաքվին, որ պատրաստ է նրանից «հայկական Իսկանդերի» հետ կապված կնճիռը հարթելուն ուղղված փոխհատուցող առաջարկներ լսել: Հարցն այն է՝ որպես փոխհատուցում ի՞նչ կպահանջի Իլհամ Ալիևը Ռոգոզինից. հավասարակշռությունը վերականգնելու համար իրենց և՞ս տրամադրել այդ հրթիռային համակարգից, օգնել Ադրբեջանում հրթիռային համակարգերի արտադրության համատեղ ձեռնարկությո՞ւն ստեղծել, թե՞ մեծացնել ճնշումները Երևանի վրա՝ ԼՂ հարցում վերջինիս միակողմանի զիջումներ պարտադրելու համար:
Երկրորդ՝ ամենևին չի բացառվում, որ Ռոգոզինը Բաքվին փորձելու է ներկայացնել երկաթյա հիմնավորումներ կամ երաշխիքներ, որ հայկական կողմը որևէ պարագայում, անգամ` ԼՂ լայնածավալ պատերազմի դեպքում այդ համակարգերը չի կիրառելու: Որքան էլ սա անհավանական է թվում, այնուամենայնիվ, մեկ գործոն թույլ է տալիս կասկածել, որ Մոսկվան իրեն կարող է նման բան թույլ տալ: Ուշադրություն դարձնենք այն իրողությանը, որ Մոսկվան պարզաբանումներով հանդես գալու պատրաստակամություն է հատնում միայն կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի ստեղծման մասին` Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև համաձայնագրի ստորագրումից հետո: Մինչև հիմա հայտնի չէ՝ ի՞նչ զորամիավորումներ են ընդգրկվում այդ խմբավորման մեջ: Սակայն համաձայնագրում կա երկու կարևոր կետ, որոնք կարող են անուղղակիորեն վերաբերել նաև հրթիռային այդ կայանքների կիրառելիության սահմանափակումներին: Նախատեսվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համատեղ աշխատելու են զորքերի սպառազինության և, ուշադրություն դարձնենք, կառավարման համակարգերի ունիֆիկացման կամ միավորման ուղղությամբ: Ի՞նչ տեսակի սպառազինության մասին է խոսքը, պարզ չէ: Եթե թեկուզ տեսականորեն պատկերացնենք, որ այն վերաբերում է նաև «Իսկանդեր-Է»-ի այդ մեկ դիվիզիոնին, ապա դա կարող է նշանակել, որ խոսքը կարող է գնալ նաև դրա կառավարման ունիֆիկացման կամ, որ նույնն է, գրեթե լիովին ռուսական վերահսկողության տակ անցնելու մասին: Առավել ևս, երբ, ըստ համաձայնագրի, զորախումբը, իր սպառազինությամբ հանդերձ, պատերազմի ժամանակ ենթակա է լինելու հիմնականում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին: Այսինքն` եթե այդ դիվիզիոնը ևս հայ-ռուսական միացյալ զորախմբի մաս է կազմելու, ապա կարելի է պատկերացնել, թե որն է լինելու Ռոգոզինի տված երաշխիքը Բաքվին: Այս իմաստով առավել քան հրատապ է դառնում պաշտոնական Երևանի հստակ պարզաբանումը` միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը տարածվո՞ւմ է նաև «Իսկանդեր Է» համակարգի դիվիզիոնի վրա:
Գևորգ Դարբինյան