կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 10:04
Քաղաքական

ՀՀԿ պարտվեց Վիգեն Սարգսյանին. «Ժամանակ»

ՀՀԿ պարտվեց Վիգեն Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը չնահանջեց 1000 դրամների նախագծի պարտադիր բաղադրիչից, թեեւ մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, երբ մարդիկ ստանան կամավոր հրաժարվելու հնարավորություն: Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարության հանդեպ տեւական ժամանակ լռություն էր պահպանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախագծի պաշտոնական հեղինակը:

Սարգսյանը խոսեց ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս եւ հայտարարեց, որ պարտադիրից նահանջ չի լինի: Այդ համագումարում Վիգեն Սարգսյանը դարձավ ՀՀԿ անդամ:

Վիգեն Սարգսյանը եւ՛ իշխանական համակարգում, եւ՛ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանի համար ունի առանցքային դերակատարում, հատկապես նոր՝ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում, որը խաղաղ ժամանակամիջոցում չունի գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այս տեսանկյունից Սարգսյանի դերակատարումը Սերժ Սարգսյանի համար առանցքային է: Այդ իմաստով սկզբունքային հարց էր դառնում պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի, ըստ էության, առաջին նախաձեռնության տապալումը թույլ չտալը:

Միաժամանակ ՀՀԿ մեծամասնության համար էլ, վերը բերված նույն շարժառիթներով հանդերձ, որոնք Վիգեն Սարգսյանին դարձնում են այդ մեծամասնության մրցակից, նրա տապալումը դառնում էր որոշակի ցանկալի իրողություն: Եվ պատահական չէ, որ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց հնարավոր նահանջի՝ կամավորի մասին, իսկ Վիգեն Սարգսյանը տեւական ժամանակ լռեց՝ մինչեւ ՀՀԿ անդամակցումը:

Եվ այդպիսով՝ պարտադիր բաղադրիչի պահպանումը ըստ էության դարձավ Վիգեն Սարգսյանի առաջին հաղթանակը արդեն ՀՀԿ ներսում, իհարկե՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի աջակցության: Տեսականում, իհարկե, ՀՀԿ մեծամասնությունը հնարավորություն ունի խորհրդարանական քննարկումների արդյունքում քվեարկելու եւ տապալելու Սարգսյանի նախագիծը գոնե այն տեսքով, ինչով այն պնդվում է: Սակայն գործնականում հասկանալի է, որ ՀՀԿ մեծամասնության առաջին պարտությունը այլեւս կատարված իրողություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: