կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-12-09 16:40
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի համբուրգյան ձախողումը

Ադրբեջանի համբուրգյան ձախողումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն, երեկ Համբուրգում մեկնարկած` ԵԱՀԿ նախարարական խորհրդի երկօրյա նիստի շրջանակներում հանդես են եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ չափազանց ուշագրավ հայտարարությամբ:

Նախ՝ նրանք «վճռականորեն» դատապարտել են ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաև ապրիլյան պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ կատարված «վայրագությունները»։ Պարզ է, որ թեև չի հնչում Ադրբեջանի անունը, սակայն մի կողմից, լարվածության ներկայիս աճով պայմանավորված, ուժի սպառնալիքի աղբյուը հենց Բաքուն է, իսկ մյուս կողմից` ապրիլյան վայրագությունների խնդիրը բարձրացրել է հայկական կողմը, հետևաբար` դրա դատապարտումն ուղղված է հենց հայկական կողմի այդ պահանջի բավարարմանը:

Համանախագահները կոչ են արել «խստորեն հետեւել 1994-ի ու 1995-ի հրադադարի մասին համաձայնագրերին», որոնք համարել են ռազմական գործողությունների դադարեցման հիմք: Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն էր փորձում ՄԱԿ-ում բարձրացնել այդ պայմանագրերը չեղարկելու հարցը: Բաքուն փորձում էր զարգացնել նաև այն թեզը, թե ներկայիս հրադադարի հիմքը ոչ թե այդ համաձայնագրերն են, այլ Մոսկվայում ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի միջև ձեռք բերված` կրակի դադարեցման շուրջ բանավոր համաձայնությունը: Դա ևս ուղղված էր 1994-95թթ. համաձայնագրերի իրավական և քաղաքական նշանակության թուլացմանը: Այս իմաստով` համանախագահող երկրների արտգործնախարարների հստակ դիրքորոշումն ամրագրում է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժում այս հարցում ստատուս քվոն փոխելու` Բաքվի փորձերը:

Նրանք նաև փորձել են Ադրբեջանին վերադարձնել այս տարվա մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ հայտարարություններով նրա ստանձնած պարտավորություններին: «Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման` ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկության հարցում։ Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միաժամանակ»,- նշվում է նրանց համատեղ հայտարարությունում։ Այս ձևակերպումներից պարզ է դառնում, որ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնություն տված է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանը, ինչի հիման վրա մշակվել է որոշակի մեխանիզմ: Բայց Բաքուն շարունակում է արհեստական խոչընդոտներ հարուցել դրանց ներդրման ճանապարհին: Ինչ վերաբերում է շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծմանը, ապա Վիեննայի գագաթաժողովից այս կողմ ոչ մի առաջընթաց չկա: Ու թեև Բաքուն փաստացի փորձում է տապալել այն, սակայն ՄԽ համանախագահող երկրներն այս հայտարարությամբ սկզբունքորեն այն պահում են օրակարգում՝ հասկանալի դարձնելով, որ դրանից Բաքուն փախչելու տեղ չունի:

Հայտարարության մեջ արվող այն դիտարկումը, թե այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն «կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միաժամանակ», խոսում է այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է ԼՂ հարցի կարգավորման բովանդակային բանակցություններից՝ պնդելով ապահովել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների պարտադիր կատարումը: Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Համբուրգում չի կայացել բանակցող կողմերի և ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների 3+2 ֆորմատով նախատեսված հանդիպումը: Այն, որ դա տապալվել է Երևանի պատճառով, խոստովանել է  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Եվ ահա, խոսելով պայմանավորվածություների կատարմանը զուգահեռ կարգավորման բանակցությունների սկսման մասին, ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները փաստացի առաջարկում են գնալ փոխզիջման. Ադրբեջանն ապահովում է պայմանավորվածությունների կատարումը, Հայաստանը համաձայնում է հընթացս վերադառնալ բանակցություններին: Չի կարելի բացառել, որ հենց այս շրջանակում է երեկ տեղի ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, մանավանդ` եթե նկատի ունենանք, որ դա հաջորդել է Նալբանդյան-Լավրով հանդիպմանը, և միանգամայն հավանական է, որ այս հարցում լեզու գտնելու նպատակով Լավրովը կարող էր «հորդորել» Նալբանդյանին` գնալ Մամեդյարովի հետ հանդիպմանը, ինչից Երևանը մինչ այդ խուսափում էր: Համենայն դեպս, դատելով նրանից, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ այլ մանրամաս այդ հանդիպումից չի տվել, հուշում է, որ հայկական կողմը փորձել է այն դարձնել զուտ արարողակարգային:

Անկախ դրանից, սակայն, Համբուրգում ադրբեջանական դիվանագիտությունը մարտավարական ձախողում է ունեցել: Նախ՝ Ադրբեջանին կարծես թե չի հաջողվել, առանց իր ստանձնած պարտավորությունների կատարման, Հայաստանին «քարշ տալ» ԼՂ հարցով բովանդակային բանակցությունների սեղանի մոտ: Երկրորդ՝ ընդունելով նմա բովանդակությամբ հայտարարություն՝ համանախագահող երկրները բանակցային գործընթացի փակուղայնության պատասխանատուն համարեցին Բաքվին:  Սա բարդ վիճակի մեջ է դնում Ադրբեջանին թե' իր պատերազմական շանտաժային մարտավարությունը շարունակելու և թե' հետագա բանակցությունների օրակարգին համաձայնել-չհամաձայնելու առումով:

Համբուրգյան այս հանդիպումները, ըստ այդմ, նշանակալից էին երկու բանով: Նախ՝ Հայաստանը, թեկուզ զուտ տակտիկական առումով, կարողացավ դիմանալ արտաքին ճնշմանը և հանդես գալ պայմաններ թելադրողի, նախապայմաններ առաջադրողի կարգավիճակով: Թերևս պատահական չէր հենց համբուրգյան այդ բանակցությունների պահին նախագահ Սերժ Սարգսյանի դեմոնստրացիոն այցը Արցախ: Դա ուղերձ էր Երևանից, որ հայկական կողմը պատրաստ է ամենավատթար սցենարին և այս դեպքում դիրքերը չի զիջելու: Եվ երկրորդ՝ համանախագահները գնդակն այս դեպքում ամբողջապես ուղարկեցին նույնիսկ ոչ թե Ադրբեջանի կիսադաշտը, այլ դարպասը: Եվ հիմա պետք է սպասել, թե Բաքուն ինչպես այն դուրս բերելու ցանցից:

Գևորգ Դարբինյան