կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 15:43
Քաղաքական

Վահրամ Բաղդասարյանի համար Սեյրան Օհանյանի պահվածքն անընդունելի է

Վահրամ Բաղդասարյանի համար Սեյրան Օհանյանի պահվածքն անընդունելի է
Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ է հանդես եկել, որ վերադառնում է քաղաքականություն, լայն դաշինքով է հանդես գալու, և որ իր տեղը բաց էր մնացել քաղաքական դաշտում:

 ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց` թե ում տեղն է բաց քաղաքական դաշտում, կորոշեն ընտրությունները, և հանրությունը դրա գնահատականը կտա: «Որևէ մեկը, մեծ հաշվով, քաղաքական դաշտում որևէ տեղ չի սեփականաշնորհել, բայց որ բաց կա ընդդիմադիր դաշտում, դա ակնհայտ է, այդ տեղը պետք է լրացվի ճիշտ ընդդիմությունով, կառուցողական ընդդիմությունով, գաղափարական ընդդիմությունով»,- ընդգծեց հանրապետականը:

Ըստ Բաղդասարյանի` լայն դաշինքը ևս լայն հասկացություն է: «Սպասենք իրադարձությունների զարգացմանը, երբ արդեն վերջնական կձևավորվի քաղաքական դաշտը, այսինքն` ընտրություններին հայտ ներկայացնող քաղաքական ուժերի վերջնական պատկերը, կտեսնենք` ինչ կոնտեքստում է ներկայանալու քաղաքական դաշտը»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով` պետք է սպասել ու տեսնել` Գագիկ Ծառուկյանն արդյո՞ք ընդդիմադիր գործունեությամբ է վերադառնում: «Քանի որ նա չի խոսել` ինչ գործունեությամբ է վերադառնում, և ոչ միայն նա, այլ քաղաքական ուժեր էլ կան, որ դեռ հստակ չէ, ուստի պետք է սպասել նրանց հայտարարություններին, որից հետո էլ մենք կխոսենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Օհանյանի վերադարձին և իշխանություններին քննադատելուն, Բաղդասարյանի համար դա ընդունելի չէ: «Ինձ համար ընդունելի չէ ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլև ընդհանրապես բոլոր այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք երկար տարիներ ոչ միայն իշխանության մաս են եղել, այլև կրել են քաղաքական պաշտոններ, հիմա անդրադառնում են այդ տարիներին` միևնույն ժամանակ լինելով դրա մեջ: Ի՞նչ էին մտածում այդ ժամանակ: Այլ խնդիր է, երբ որ խոսում են այն ամենի մասին, ինչի մասին մենք ենք խոսում, չենք ասում` ամեն ինչ իդեալական է, կան բացեր, դա ուրիշ հարց է»,- ասաց նա: