Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի` մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Ավելին` մինչ տարեվերջ ավարտին կհասցվեն գյուղմթերքի վերամշակման 6 ներդրումային ծրագրեր:
Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը Դավիթ Լոքյանին ներկայացրել է ներդրումային մի ծրագիր, որի արդյունքում համայնքի բնակիչները կրկնակի եկամուտ կունենան «վար ու ցանքից»` չհաշված նոր բացված աշխատատեղերը:
Պողոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարին առաջարկել է գյուղում կտավատի ձեթի արտադրման գործարան բացել: Ըստ նրա` գյուղում հին ժամանակներից եղել է ձիթհանք, սակայն վերջին 20-30 տարիներին այն չի գործել: «Հիմա ես նորից սկսել եմ աշխատեցնել այն, նորից ձեթ ենք հանում, բայց` փոքր մասշտաբներով: Խնդիրն այն է, որ շշալցում չունենք, և հիմա օրական 40-50 լիտր ձեթ ենք ստանում, բայց լցնում ենք «Կոլա»-ի շշերի մեջ ու այդպես վաճառում: Տեսեք` կտավատ մշակելը գյուղացու համար ցորենից, գարուց շատ ձեռնտու կլինի, քանի որ նրանք երկու անգամ շատ եկամուտ կստանան. գյուղացիները մոտ 1600 հա կցանեն, կաշխատեն ու նորմալ կապրեն»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նա նշեց նաև, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 40 000 դոլարի ներդրում` 25 000-ը` գործարանի, 15 000-ն էլ` հոսքագծի համար: Ըստ գյուղապետի` գյուղում ունեն հարմար շինություններ, որտեղ էլ կարող են հիմնել գործարանը, իսկ ներդրված գումարը 1 տարի հետո կկարողանան հետ վերադարձնել, եթե հաջողվի նաև լուծել արտահանման հարցը: «15 աշխատատեղ կբացվի, խոսքը, իհարկե, հիմնական աշխատատեղերի մասին է, բայց ստացվում է այնպես, որ ամբողջ գյուղը զբաղված կլինի դրանով: Կուզեի նաև արտահանվեր, քանի որ որակի հետ կապված խնդիր չենք ունենա` ամեն ինչը տեղն է, ինչո՞ւ մեր արտադրանքը չպետք է արտահանվի: Հարցը ներկայացրել եմ պարոն Լոքյանին, սպասում եմ պատասխանի»,- ասաց Պողոսյանը:
Վայոց ձորի Զառիթափ համայնքում էլ ջերմոցային տնտեսություն հիմնելու առաջարկություն է արել գյուղի բնակիչ Վահագն Բաբայանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ջերմոցային տնտեսությունը յուրօրինակ բան է լինելու` աճեցվելու են ելակ, ազնվամորի, հապալաս: Հիմնական նպատակը, ըստ Բաբայանի, այն է, որ ջերմոցներում կիրառվելու են նորարարական տեխնոլոգիաներ` էներգիայի խնայողությամբ և ծախսերի կրճատմամբ:
«Ավանդականից տարբեր մի բան եմ առաջարկել: Նախատեսվում է երկու ջերմոց` 2000 քմ տարածքով: Այնտեղ նոր ձևով են աճեցվելու մշակաբույսերը. դրանք ոչ թե հողի մեջ են դրվելու, այլ հատուկ նյութի մեջ, ոչ թե սովորականի պես են ոռոգվելու, այլ կաթիլային ոռոգման համակարգ ենք ունենալու, ինչն էլ կնպաստի 70 տոկոսով ջրի ծախսի կրճատմանը: Բացի այդ` էներգիայի աղբյուրը արևն է լինելու` արևային պանելներ կտեղադրենք: Այս նոր` հիդրոպոնիկ եղանակով աճեցումը կնպաստի, որ բերքատվությունը սովորականից 3-4 անգամ ավելի լինի»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ նոր համակարգով աշխատելը հնարավորությւոն կտա կառավարելու բերքը` անկախ եղանակային պայմաններից:
Նա տեղեկացրեց նաև, որ ծրագիրը 56 մլն դրամի ներդրում է պահանջում, որը կյանքի կոչելուց հետո` 3 տարվա ընթացքում, հետ կվերադարձվի: Բաբայանը նշեց նաև, որ ծրագիրն իրականացնելու դեպքում 15 հիմնական աշխատատեղ կունենան, իսկ բերքահավաքի ժամանակ ևս 30-35 մարդու կարիք կլինի:
Բաբայանն իր ծրագիրը ներկայացրել է Դավիթ Լոքյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Նշենք, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել է 140 բնակավայր: Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության: Միջազգային գործակալությունների կողմից սկսվել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը, և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին: