կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 15:53
Հասարակություն

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման:

Լինդեն այս մասին ասել է ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ հայ հասարակությունը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ԵԱՀԿ-ի պասիվ դիրքորոշումից, նաև՝ հարցին, թե ԵԱՀԿ գործող նախագահը կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահի տեսակետը, թե ԼՂ հակամարտությունը լուծված է:

«Համաձայն չեմ, որ ԵԱՀԿ-ն շատ ջանք չի գործադրում կոնֆլիկտի հարցում, այն հարցում, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ է: Ես անձամբ հանդիպում եմ ունեցել նրա հետ երեկ՝ քննարկելու իրավիճակը: Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որը համանախագահում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնք փորձում են անել շատ դրական քայլեր»,- ասել է Լինդեն ու նշել, որ իրենք, սակայն, անցյալ տարի սահմանափակ հասանելիություն են ունեցել տարածաշրջանում կորոնավիրուսի, նաև այլ պատճառներով:

ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրել է, որ հունիսի կեսին նաև Հայաստանին  15 հայ ռազմագերիների վերադարձնելու համաձայնություն եղավ, Հայաստանն էլ Ադրբեջանին տրամադրեց քարտեզներ, որոնք հեշտացնելու են ականազերծման աշխատանքները: Լինդեն դա համարեց վստահության ամրապնդման ողջունելի միջոց: Նրա կարծիքով՝ դա տեղի է ունեցել Վրաստանի արժեքավոր դերակատարության, ԱՄՆ-ի, նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ում շվեդական համանախագահության գերազանց համագործակցության արդյունքում։