կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 17:37
Մշակույթ

Չի կարելի ստեղծագործողին պետության փողով դարձնել իշխանամետ. Արմեն Մարտիրոսյան

Չի կարելի ստեղծագործողին պետության փողով դարձնել իշխանամետ. Արմեն Մարտիրոսյան

Եթե մինչ այսօր պետությունը գրահրատարակիչներին գումար էր տրամադրում այս կամ այն գրականությունը տպելու համար, հիմա այլևս չի տրամադրելու։ Խնդիրն այն է, որ 2017-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով մշակութային խնդիրներին, ասաց, թե հույս ունի, որ այլևս second hand գրականություն չի հրատարակվի։ Դրան հաջորդեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի արձագանքը, թե այսուհետ պետությունը պետպատվերը կվերանայի և  հրատարակված լավագույն գրքերը պարզապես կգնի թանգարանների, գրադարանների համար, ինչպես նաև կօժանդակի ժամանակակիցների հանրահռչակմանը` նրանց գրքերը թարգմանելով այլ լեզուներով: Սա, սակայն, բուռն քննարկումների տեղիք է տվել, քանի որ գրողներից շատերը կարծում են, որ պետպատվերի վերացմամբ գրքեր հրատարակող չի լինի: Yerkir.am-ի զրուցակիցն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

-Պարո'ն Մարտիրոսյան, ի՞նչ եք կարծում, փոփոխությունն ի՞նչ կտա հրատարակիչներին:

-Մշակույթի նախարարությունը, պետպատվերն իրականացնելով, տարիներ շարունակ խախտել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, քանի որ մրցակցությունը խաթարվել է այս բնագավառում: Տեսեք` եթե որևէ հրատարակիչ ներդրում է կատարում, որպեսզի այս կամ այն գրողին հրատարակի, այնուհետև պետությունը մեկ այլ հրատարակչի գումար է տալիս, որ այդ նույն հեղինակին կամ մեկ ուրիշին հրատարակի, ստացվում է, որ մրցակցությունը հրատարակիչների միջև խաթարվում է: Մյուս կողմից` պետության միջամտությունը խաթարում է մրցակցությունը հենց գրողների միջև, որովհետև մի գրողի պետությունը փող է տալիս, իսկ մյուսին` ոչ: Եթե հերթի է դնում գրողների գրքերը, այս դեպքում էլ ստացվում է` հավասարեցնում է: Ամենալավն ինչն է այս դեպքում` չխախտել օրենքն ու շուկայից դուրս գալ: Պետությունը չպետք է մրցակցի իր հարկատուների հետ` հարկատուների տված փողերով: Հարկատուները միմյանց միջև կարող են մրցակցել, քանի որ արդարությունը հավասար հնարավորությունների տիրույթ է, այլ ոչ թե` հավասարության: Եթե հավասար հնարավորություններ ունեն մարդիկ, և մեկը ոչ մի բան չի անում, իսկ մյուսը շատ է անում, պարզ է, չէ՞, որ շատ անողը կունենա շատ: Ոչ ոք աշխարհում չի խոստացել, որ ոչինչ չանողը կամ անտաղանդը պետք է հասարակության հաշվին որևէ բան ստանա: Հաջորդ խնդիրը` եթե անգամ նույն հրատարակչությանը մի գրքի համար ֆինանսավորում է պետությունը, իսկ մյուսի համար չի ֆինանսավորում, ստացվում է` երկու գիրք մրցակցությունից դուրս են հայտնվում, և մեկը մյուսի շուկան սպանում է: Բայց այստեղ կա շատ ավելի ծանր մի բան` ինձ ցույց տվեք դեպի իշխանությունը չկողմնորոշված որևէ ստեղծագործողի, այսինքն` չի կարելի պետության փողով ստեղծագործողին դարձնել իշխանամետ: Մյուս կողմից` շատ ավելի վատ բան` չի կարելի պետության փողով կողմնորոշել, որպեսզի «ստեղծագործողը» սկսի կռահել, թե իշխանությունն ինչ կուզեր և սկսի փնովել ընդդիմությանը: Այսօր մեր հասարակական կյանքում հենց այդ երևույթներն են տիրում, քանի որ 15 տարի շարունակ իշխանությունը կողմնորոշել է ստեղծագործողին, իսկ սա բարոյական, հակահասարակական էլեմենտ է մտցնում մեր հարաբերություններում:

-Այսինքն` որոշումը կարելի՞ է դրական համարել: Այդ դեպքում ինչո՞ւ են գրողներից ոմանք բողոքում, և, իրոք, այստեղ ռիսկ չկա՞, որ ժամանակակից գրողներից ոմանք լուսանցքում կհայտնվեն:

-Շատ կարևոր է, որ հարցը համալիր լուծում ստանա: Ես` որպես հրատարակիչ, առաջարկել եմ, որ մեզ փող չտան, մյուս կայացած հրատարակիչները նույնպես նույնն են ասում` մեզ փող մի' տվեք, այդ գումարն ուղղեք գրադարաններին: Կարևոր է, որ ամբողջ գործընթացը /գրքերի գնման և բաշխման/ թափանցիկ լինի, իսկ թափանցիկության մասը պետք է ինչ-որ կայք ապահովի, որ ցանկացած մարդ այդ ցանցի միջոցով կարողանա տեսնել, թե ինչ գրքեր են մտել իր գրադարան ու գնալ իր գրադարանավարից ուզել դրանք: Իմ առաջարկն էլ այն էր, որ գյուղապետերի, համայնքապետերի միջև մրցույթ անցկացնենք և մրցանակներ տանք` լավագույն մշակույթ ունեցող համայնք և մշակույթն անտեսած համայնք: Դրական մրցանակակիրները կստանան լրացուցիչ գրքեր, իսկ նրանք, ովքեր բացարձակ ուշադրություն չեն դարձնում գրադարաններին, և դրանք նկուղներում են, որտեղ էլ գրքերը փտում են, այդ գյուղապետերը պախարակվեն: Կարծում եմ, որ իրավիճակը, որ նրանց անունը կթնդա գյուղերում, մանավանդ` ընտրություններից առաջ, ոչ մի գյուղապետի պետք չէ: Այսինքն` եթե ծրագիրը համակողմանիորեն իրականացվի, մեծ արդյունք կստանանք: Մենք խրախուսում ենք այն գրադարաններին, որոնք ինչ-որ բան կանեն, կամ մեկ այլ տարբերակ` քանի գիրք գրադարանը ցույց տա, որ գնել է, և գրական ինչքան մեծ ծածկույթ է ապահովել /չի նշանակում` մի գրքից 500 հատ պետք է գնել, քանի որ պարզ է` կոռուպցիոն ռիսկ կա/, ապա հենց այդքան գիրք էլ պետության կողմից կտրվի համայնքային գրադարանին: Այսինքն` որքան ներդրում է անում համայնքը, այնքան մեծանում է աջակցությունն այդ համայնքին: Այստեղ միայն գրքի ու փողի մեջ չէ խնդիրը, պետք է գրադարանավարի աշխատավարձը բարձրացնել, քանի որ այդքան ցածր ստացող գրադարանավարի աշխատանքն էֆեկտիվ չէ: Գրադարանավարի գիտելիքներին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, պետք է դասընթացներ կազմակերպել, թեև մենք ունենք բուհեր, որտեղ գրադարանավարներ են պատրաստում: Մեր առաջարկած տարբերակները բացառում կամ մինիմալի են հասցնում կոռուպցիոն ռիսկերը, որովհետև եթե նախկինում հրատարակիչը կամ գրողը ծանոթ ունեին այդ հանձնաժողովում և ստանում էին պետպատվեր կամ պետաջակցություն, հիմա ծանոթն էլ չի անցնի: Բացի այդ` անտաղանդ գրողն ավելի մեծ հնարավորություն ուներ պետպատվերով տպագրվելու, քան տաղանդավորը, քանի որ տաղանդավորի տաղանդն ուղղված է հենց գրականությանը, իսկ անտաղանդինը, պարզ է, որ նա մնացած առումներով ավելի ակտիվ է: Այսինքն` ովքեր չեն կարողանում իրենց էներգիան ծախսել ստեղծագործական բնագավառում, սկսում են ապաստեղծագործականում ինչ-որ բան անել, և այսօր մեր «գրողները» դարձել են պարազիտներ պետության մարմնի վրա, և ամենավտանգավորը գիտե՞ք որն է, որ նա եթե իմանա` օրգանիզմը քայքայելուց հետո ինքը կոչնչանա, չի քայքայի այն: Քաղցկեղի տրամաբանությամբ մտածող «ստեղծագործողները» երբեք արգելակներ չեն ունենալու, մինչև վերջ քամելու են մեր պետության հյութը: Այսինքն` թքած ունենալով` բանակ ունե՞ս, թե՞ ոչ, բանակդ ի՞նչ կարիքներ ունի, պետությունդ ի՞նչ կարիքներ ունի, նրանք ուղղակի, ուղեղներն անջատած, ասում են` պետպատվերը պետք է: Եկեք իրավիճակը պրոֆեսիոնալ այլ դաշտի հետ համեմատենք, օրինակ` Հենրիխ Մխիթարյանի համար հիմա պայքարում են տարբեր թիմեր, և նա ինչ-որ կերպ ընտրում է` որ թիմի հետ ինչ գումարով աշխատել, նույնը գրող-հրատարակիչ հարաբերությունը պետք է լինի:

-Փաստորեն, ստացվում է` մի կողմից լուծվում է մարզային գրադարանների կամ, առհասարակ, գրադարանների հագեցվածության հարցը, մյուս կողմից` կան գրքեր, որոնք որակյալ են, բայց չեն կարդացվում, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը: Օրինակ` գաղտնիք չէ, որ հիմա պոեզիայի ժանրն այնքան էլ չի կարդացվում, ի՞նչ են անելու բանաստեղծները:

-Եթե գիրքը չի ընթերցվելու, ինչո՞ւ դա հրատարակենք: Լավ, ասենք` այն տպագրեցինք ու մի ամբողջ պահեստ լցրեցինք, դրանից հաճո՞ւյք ենք ստանում: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ չեն կարդում, և արդյո՞ք որևէ մեկն ուսումնասիրել է` ինչու չեն կարդում: Ո՞վ ասաց, որ այսօր Տրոցկի, Վիսոցկի չեն կարդում: Այլ հարց է, որ մարդը, ով տառերն իրար կողք է շարում, մենք նրան անվանում ենք գրող` անկախ նրանից` գրագե՞տ է շարում, թե՞ անգրագետ: Մեր` «Արձակ»-ի մրցույթում 120 մասնակցից 70-ն անգրագետ են և, բացի Րաֆֆու «Սամվել»-ից, ուրիշ բան չեն կարդացել, եթե, իհարկե, դա էլ կարդացել են: Ինչպե՞ս կարելի է այդ զանգվածին անվանել գրող, հետո ի՞նչ, որ մարդը որոշել է` ինքը գրող է, չէ՞ որ բոլոր բառերն իմացողն էլ բանասեր չէ, այդ բառերով պետք է միտք կազմել, իսկ այդ միտքը պետք է ինչ-որ մեկին պետք լինի:

-Այսինքն` կարո՞ղ ենք վստահ ասել, որ վախ չկա, որ արժեքավորը կկորչի, այլ` ընդհակառակը:

-Մեր ժամանակակից գրողներից Արմեն Հայաստանցին 3 հատոր վեպ է գրել, և մենք, առհասարակ, չենք էլ մտածել դիմել պետպատվերի, քանի որ գիտենք` նրան գրքերը եթե  ամբողջությամբ չվաճառվեն էլ, ապա մեր ձեռնարկության համար պատիվ է, որ դրանք տպագրենք, քանի որ հնչեղություն են ստանում թե՛ գրողը, թե՛ հրատարակչությունը: Տարիներ շարունակ Արամ Պաչյան ենք հրատարակել, և մեզ չի հետաքրքրել` պետպատվեր կա՞, թե՞ ոչ, այսինքն` այսպես, թե այնպես, այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք պետական աջակցության ցանկում, բոլորն իրագործելու ենք` ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում էլ:  Մարդիկ, ովքեր դեմ են այս փոփոխություններին, մտածում են, որ պետական փողով կարելի է ռիսկի գնալ ու տպել այսինչ գրողի գործերը, իսկ եթե իրենց փողով պետք է ռիսկի դիմեն, չեն ուզում: Ի՞նչ է սա ցույց տալիս, որ այս մարդիկ անամոթ են, քանի որ պետական փողի, պետության վրա թքած ունեն և ռիսկի են դիմում միայն, երբ պետք է ոչ իրենց գրպանից վճարեն:

-Գրող-գրականագետների և հրատարակիչների շրջանակը փոքր է, և սուբյեկտիվության խնդիրը, միևնույն է, ուզենք-չուզենք, մնում է: Ի՞նչ պետք է անենք սա շրջանցելու համար:

- Հրատարակիչը մի մարդ չէ, ամբողջ թիմ է, որտեղ կան գրականագետներ, խմբագիրներ: Ինչո՞ւ եք այդպես մտածում, որ սուբյեկտիվությունը մեծ դեր է խաղում: Տեսեք` մեզ մոտ, օրինակ, հրատարակչության քաղաքականությունը վարում են  Զավեն Բոյաջյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Արտաշես Էմինը, Հակոբ Մովսես, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը` տարբեր ճաշակների ու սերունդների մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն մեզ վրա, և երբ, օրինակ, Սարիբեկյանն ասում է` այսինչ գրողին չեմ սիրում, մենք քննարկում ենք, հո փակ աչքերով չե՞նք ընդունում նրա ասածը: 15 տարի է` գնում ենք պետպատվերի ճանապարհով և ունենք այն, ինչ ունենք, և որից շատերը բողոքում են: Հիմա, սակայն, երբ ասում ենք` եկեք փոխենք, հակադարձում են, թե` չէ, քանի որ հարմար է նստել պետության մարմնի վրա և հյութը քամել: Ինձ կարո՞ղ եք բացատրել` ինչո՞ւ պետք է առանց ներդրում բիզնես լինի, ինչո՞ւ պետք է մրցակցությունը խաթարվի, այս` անմրցակից վիճա՞կը չի բերել մեր այս փտած օրին: Կա օրենք հակամրցակցային քաղաքականության վերաբերյալ, որը 15 տարի մշակույթի նախարարությունը խախտել է, և հիմա հետևելու ենք օրենսդրական ճանապարհին:

-Իսկ գրական մամո՞ւլը, գիտեմ, որ մշակույթի նախարարի հետ հրատարակիչների քննարկում է կազմակերպվել, արդյո՞ք բարձրացվել է նաև հարցը, որ գրական մամուլին պետք է գումար հատկացվի, ուժեղացվի այն, և լուծվի նաև հոնորարների հարցը:

-Գրական մի քանի հանդեսներ ունենք, որոնք առանց պետության միջնորդության են կայացել` «Ինքնագիր»-ը, «Գրողուցավ»-ը, «Գրեթերթ»-ը, ՀԳՄ-ունի մի քանի հանդեսներ, և ես առաջարկել եմ` եկեք այդ մամուլը զարգացնենք, և հենց դրանց միջոցով թող նորերը հանդես գան: Ինչո՞ւ մի մարդ, ով գրել գիտի, անպայման պետք է պետությունից փող ստանա և տպագրվի: Ինչո՞ւ չպետք է աշխատի գրական մամուլը: Ինչո՞ւ երիտասարդ գրողը չպետք է տարբեր խոչընդոտների միջով անցնի, որպեսզի կայանա: Մեր պետությունը շա՞տ փող ունի, որ ամեն նոր գրողի գումար տրամադրի: Աշխարհի ոչ մի պետություն նման հիմարություն չի անում, ինչո՞ւ պետք է Հայաստանն արտառոց հիմար պետություն լինի: Կասեն` ո՞վ է որոշելու` գրողը տգե՞տ է, թե՞ ոչ, իսկ ես կպատասխանեմ` գրականագետը: Ամբողջ աշխարհում ճանապարհը սա է: Եկեք ուժեղացնենք այդ դպրոցը և այնպես անենք, որ գրականագետը տարբեր աղբյուներից փող ստանա, որ կաշկանդված չլինի ոչ մի աղբյուրից, այնպես անենք, որ պետական միջամտությունը գրականագետների բյուջեում մինիմալ լինի: Ինչպե՞ս կլինի` այսօր բոլորը տաղանդավոր են, միայն գովք է, ոչ մի քննադատություն չկա, այսքան աղբի մեջ ոչ մի քննադատություն. սա գրականագետների լռելյայն վիճակն է, նրանց ընկերական հարաբերությունների հետևանքը:  Շատ հայտնի մի գրող, ով ստացել էր նախագահի մրցանակ, մեր գրասենյակում ասաց` դե, այս տարի էլ այնպես անենք, որ մեր այսինչ ընկերը ստանա այն, քանի որ նրա ֆինանսական վիճակը ծանր է: Կարծում եմ` պետական մրցանակը պետք է վերացնել, թող պետությունն աջակցի տարբեր հիմնադրամների, փոքրիկ դրամագլուխ տա, և այդ հիմնադրամները, ըստ գրականագիտական կարծիքների ու ըստ գրական արժեքի, ընտրեն հաղթողին, ու վեպը հաղթի, ոչ թե մարդը, գրականության մեջ ներդրումը հաղթի, ոչ թե ծանոթությունն ու քավոր-սանիկությունը: Այսօր ամենակոռումպացված ոլորտը, այս առումով, մշակույթի ոլորտն է, տեսեք` այնտեղ ինչ քավոր-սանիկական, բաջանաղական հարաբերություններ կան: Պետությունն, ըստ Սահմանադրության, սոցիալական դեր է ստանձնել և սոցիալական խնդիրների դեպքում պետք է միջամտի, օրինակ` եթե հաշմանդամություն ունեցող մարդը  պետության կարիքն ունի, պետությունը պետք է նրան աջակցի, բայց կերած-խմած, կուշտ ու կյանքում չաշխատած մարդիկ, ինչ է, թե սովորել են Մաշտոցի գիրն իրար կողք շարել, ուզում են պետությունից փող ստանալ: Ինչո՞ւ, թող գնան, աշխատեն: Աշխարհում երևի 10 գրող կարող ենք նշել, ովքեր միայն գրականությամբ ենք զբաղվում, մարդիկ դասավանդում են, խմբագիր կամ թարգմանիչ են աշխատում: Ինչո՞ւ են ուզում այնպես ստացվի, որ եթե մի ոլորտում հիմարության մրցույթ է, Հայաստանը պետք է անպայման հաղթող ճանաչվի:

 

Կ. Հ.