Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին պաշտոնական նիստը, որը վարում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Մասնակցում էին շահառու կողմեր` հանքարդյունաբերության և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համաշխարհային ստանդարտ է, որի նպատակը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումն է: Հայաստանը հայտ է ներկայացրել և ցանկանում է 2017-ին դառնալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր:
Լրագրողների հետ զրույցում Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության ոլորտի խորհրդատու Նարինե Թադևոսյանը նշեց, որ ստանդարտին անդամակցած երկրները պետք է հետևեն ոլորտի թափանցիկության մեծացմանը և հաշվետվողականությանը: Դա կնպաստի ոլորտի վերաբերյալ հանրային քննարկման ընդլայնմանը: Իսկ համաշխարհային այդ ստանդարտին Հայաստանի անդամակցության հարցը քննարկվում էր 1,5 տարի: «Անցյալ տարվա հուլիսին` հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստի ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց քաղաքական պատրաստակամության մասին` անդամակցել այդ համաշխարհային ստանդարտին: Անդամակցության հայտի նախապատրաստումը պահանջում է 2 տարվա աշխատանքային պլանի կազմում, որի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են: Հուսով ենք, որ այս տարվա վերջին կկարողանանք այդ հայտն ուղարկել»,- ասաց Նարինե Թադևոսյանը:
Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք այդ անդամակցությունը կնպաստի Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիայի նվազեցմանը, Նարինե Թադևոսյանը պատասխանեց. «Սխալ է ասել, որ անդամակցության հենց հաջորդ օրը կոռուպցիայի հետ կապված խնդիրները լուծված կլինեն, բայց քայլերը և ուղղությունները հենց դրան են ուղղված` ոլորտում թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը»:
Ոլորտի վերաբերյալ ամբողջ ֆինանսական տեղեկատվությունը հավաքվում է, որը հանրային քննարկման առարկա են դառնալու ու հասանելի կլինի բոլորին, մինչդեռ` մինչ օրս եղած տեղեկատվությունը դժվար էր ամբողջացնել, համախմբել ու վերլուծել, համատեղ քննարկել:
Բնապահպանական ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անդամակցությունը հնարավորություն կտա քաղաքացիական հասարակությանը մշտապես քննարկումների հարթակ ունենալու ու բարձրացնելու խնդիրներ` բնապահպանական ռիսկերի հետ կապված: Այստեղ քաղաքացիական հասարակության մասնակցությունը չի կրելու ձևական բնույթ:
«2020-ից սկսած` այս նախաձեռնությունը չի բավարարվելու միայն ֆինանսական մասի թափանցիկությամբ, այլ պահանջելու են բացահայտել իրական սեփականատիրոջը: Կարծում ենք, որ դա էական հարց է: Մենք էլ պնդելու ենք, որ հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի հարցը նույնպես բացվի, ու հանրությունն իմանա դրա մասին: Գիտենք, որ բազմաթիվ հանքարդյունահանող կազմակերպություններ կան, որոնց սեփականատերերը գրանցված են օֆշորում, և ինչ-որ մի տեղ այդ թելը կտրվում է, և մենք չենք իմանում, թե ինչքանով են այլ կառավարման մարմիններ ներգրավված այդ ոլորտի մեջ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: Նա նաև վստահ է, որ այս ստանդարտին միանալու դեպքում Հայաստանում կմեծանա հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու պոտենցիալը: