Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Յունիբանկը» հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկն է: Այսօր ընկերության ներկայացուցիչները «Յունիբանկ»-ին հանձնեցին ISO 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիր:
Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է «Յունիբանկ»-ի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, ISO 27001:2013 ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում: Այդ նպատակով բանկը ստեղծել է պահուստային տարածք և տեղեկատվական համակարգեր:
«Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա և ստեղծված է տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման և բարելավման նպատակով: Այս ստանդարտն ուղղված է տեղեկատվության գաղտնիության մակարդակի բարձրացմանը, ամբողջականության և հասանելիության ապահովմանը», - ընդգծեց Լ.Սիմոնյանը:
«Բյուրո Վերիտաս» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանի խոսքով` ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական ռիսկերը Յունիբանկում արդյունավետ կառավարվում և վերահսկվում են:
«Ծրագիրը հաջողությամբ իրականացվեց և վստահ եմ, որ այն շարունակելու է արդյունավետ գործել հետագայում ևս: Յունիբանկի հետ մեր հաջող համագործակցության հիմքում բանկի արհեստավարժ անձնակազմի հետևողական աշխատանքն է: ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի և բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին: Այն կնպաստի նաև արտաքին շուկայում բանկի միջազգային ճանաչման էլ ավելի բարձրացմանը», - նշեց Ս. Բարաքիանը:
ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի: