կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 20:37
Առանց Կատեգորիա

Ուորլիքը հեռանում է. նոր անորոշություններ` ԼՂ հարցում

Ուորլիքը հեռանում է. նոր անորոշություններ` ԼՂ հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջի միջոցով տեղեկացրել է, որ դեկտեմբերի 31-ին`, պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, հեռանում է համանախագահի պաշտոնից և ավարտում դիվանագիտական ծառայությունն ու աշխատանքը ԱՄՆ պետդեպարտամենտում: Նա նշել է նաև, որ հունվարից աշխատանքի է անցնելու «Egorov Puginsky Afanasiev & Partners» ընկերությունում։

ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահների փոփոխությունը բնական գործընթաց է: ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը համանախագահներ են նշանակում երկու կամ երեք տարվա պաշտոնավարման ժամկետով: Դա է պատճառը, որ եռանախագահությունն անընդհատ համալրվում է նոր անդամներով: Այս տարվա հոկտեմբերին, օրինակ, Ֆրանսիայի նախագահի հրամանագրով` ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակվեց  Ստեֆան Վիսկոնտին, ով այդ պաշտոնում փոխարինեց ակտիվ գործուեությամբ առանձնապես աչքի չընկած Պիեռ Անդրիոյին:

Զուտ ընթացակարգային առումով` Ուորլիքի հեռանալն արտառոց չէ: Սակայն քաղաքական առումով այն իսկապես ուշագրավ է: Նախ՝ համանախագահությունից հեռանում է ոչ միայն ՄԽ-ում ԱՄՆ-ի կողմից նշանակված, այլև, առհասարակ, ՄԽ պատմության թերևս ամենաակտիվ, ամենանախաձեռնողական և իր գործունեության արդյունքների տեսանկյունից ամենահակասական դիվանագետներից մեկը: Ուորլիքն այդ պաշտոնը ստանձնեց 2013թ.՝ երբ ԼՂ հակամարտութան կարգավորման բանակցային գործընթացն արդեն գտնվում էր խոր փակուղում: Նրա գործունեությունը համընկավ այդ հակամարտության՝ հրադադարի կնքումից ի վեր թերևս ամենասուր, դրամատիկ շրջափուլին: Եվ, կամա, թե ակամա, նաև հենց նրա ոչ միանշանակ գործունեությունը, իհարկե, մյուս համանախագահների հետ,  ի վերջո, նպաստեց ապրիլյան պատերազմի բռնկմանը:

Ուորլիքը նոր շունչ հաղորդեց, այսպես կոչված, «մաքոքային» դիվանագիտությանը, որը հաճախ դրսևորվում էր ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին զուգահեռ` անհատական նախաձեռնություններով: Այս իմաստով նա կարողացավ հակակշռել անցած երեք տարիներին հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ՄԽ ձևաչափից հանելու` ռուսական նուրբ քաղաքականությանը:

Այս պրոցեսն ուղեկցվում էր ընդգծված քարոզչական բաղադրիչով: Ուորլիքի թվիթերյան կանոնավոր գրառումները վերածվել էին ԼՂ հիմնահարցի կարգավորման պրոցեսի մասին ամենամատչելի տեղեկատվական աղբյուրի: Եվ նա, միանշանակ, ամենաբաց և հրապարակային համանախագահն էր, թեև ակնհայտ է, որ այդ հրապարակայությունը նրա մաքոքային դիվանագիտության անքակտելի մասն էր: Սկզբից մինչև վերջ Ուորլիքը ձգտեց երկխոսության պլատֆորմ ձևավորել հայկական և ադրբեջանական կողմերի, հատկապես` հասարակական շրջանակների միջև՝ պարբերաբար սադրելով քննարկումներ մերթ մեկ, մերթ մյուս կողմի համար կարգավորման ամենացավոտ հարցերի շուրջ: Ուորլիքը բաց տեքստով խոսում էր մի կողմից նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելու անհրաժշտության մասին, մյուս կողմից՝ բարձրացնում ԼՂ հասարակության ինքնորոշման իրավունքը հարգելու, կարգավորման հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո ԼՂ-ին բանակցությունների մեջ ներգրավելու անհրաժեշտության հարցը: Երկու կողմերի նյարդալարերին հարվածելու համար էլ նրան ո'չ Երևանում ու Ստեփանակերտում, ո'չ էլ Բաքվում միարժեք չէին ընկալում կամ ընդունում: Չնայած դրան՝ Ուորլիքը, ի տարբերություն մյուս երկու համանախագահների, երկու կողմից էլ գտնվում էր սուր քննադատության թիրախում՝ դրանից, սակայն, առանձնապես վատ չզգալով: Մեծ հաշվով` Ուորլիքի այս ակտիվ նախաձեռնղական դիվանագիտությունն էլ ընդգծեց այս փուլում ինչպես կարգավորման հարցում հակամարտող կողմերի՝ ընդհանուր եզրեր գտնելու անպատրաստությունը, այնպես էլ միջնորդների մոտ կողմերի համար նոր, համընդունելի գաղափարների դեֆիցիտը: Այս գործոնները շատ ավելի առարկայական ու շոշափելի են դարձնում նոր պատերազմի հավանականությունը:

Այնքանով, որքանով նախորդ երեք տարիներին հակամարտող կողմերը խնդրի կարգավորմանը մոտենալու փոխարեն դրանից էլ ավելի են հեռացել, կարելի է փաստել, որ Ուորլիքը, ինչպես և մյուս համանախագահները, մեծ հաշվով տապալել է իր առաքելությունը՝ ի վերջո, պրոցեսը հակամարտության կարգավորումից հանգեցնելով պատերազմի զսպման, սառեցման քաղաքականության: Հիմնական պատճառն այն է, որ, չնայած իր հրապարակային գործելաոճին, Ուորլիքը ի վիճակի չեղավ դուրս գալ այս հակամարտության կարգավորման՝ ավանդույթի վերածված՝ կողմերի միջև բոլոր հարցերում հավասարություն դնելու, իրավիճակի սրացման դեպքերում կողմերի հստակ պատասխանատվությունն ընդգծելու  մոտեցման շրջանակից: Եվ նաև դա ավելի ու ավելի լկտիացրեց Ադրբեջանին` անկաշկանդ դարձնելով իրավիճակը նախապատերազմականի հասցնելու առումով: Այս տեսանկյունից` նա ամերիկյան հաջորդ համանախագահին չափազանց վատ ժառանգություն է թողնում:

Որքան էլ բնական է Ուորլիքի հեռացումը, այնուամենայնիվ, այն կարող է խորհրդանշել ԼՂ կարգավորման գործընթացի կարևոր մի շրջափուլի ավարտը և առավելապես անորոշության շղարշով պարուրված նորի սկիզբը: Դրա հիմքը կարող է դնել ամերիկյան նոր վարչակազմը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության նոր ճշգրտումների լույսի ներքո: Որքանո՞վ է Ուորլիքի հեռացումը պայմանավորված Թրամփի հաղթանակով, նրա ուղենիշների նկատմամբ դիվանագետի բացասական տրամադրվածությամբ, դժվար է ասել: Ուշագրավ է, սակայն, որ նա որոշել է աշխատանքի անցնել ռուսական ծագմամբ իրավաբանական հեղինակավոր բյուրոյում: Թեև վերջինս կենտրոններ ունի թե' ԱՄՆ-ում և թե' Մեծ Բրիտանիայում, սակայն կենտրոնացած է առավելաբար հետխորհրդային տարածքում բիզնեսին, պետական կառավարման մարմիններին և միջազգային կազմակերպություններին ու ֆինանսական կառույցներին ծառայություններ մատուցելու վրա: Ի՞նչ է այնտեղ փնտրում Ուորլիքը, ինչքանո՞վ այն կապ կունենա հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման իրավաքաղաքական կոնտեքստի հետ, պարզ կդառնա, երբ սկսի գործել արդեն նոր կարգավիճակով:

Գևորգ Դարբինյան