Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` «Հայաստան-ՆԱՏՕ» գործընկերության հեռանկարները թեմայով քննարկման ժամանակ, խոսելով այն մասին` կարո՞ղ են, արդյոք, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները դիտարկվել որպես հեռանկարային Հայաստանի անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման համար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշեց, որ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ պետք է խուսափել ինտեգրացիոն որևէ կողմից կախվածության մեջ ընկնելուց, և որ անվտանգության դիվերսիֆիկացումը կարևոր նշանակություն է ստանում Հայաստանի համար:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի անդամ երկրները երբեք չեն դադարում կրկնել, որ Հայաստանն այն երկրներից է, որը, գտնվելով անվտանգության միանգամայն այլ կառույցում` ՀԱՊԿ-ում, ունի բավականաչափ դինամիկ զարգացող հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: «Որքան էլ խոսենք ինտեգրացիոն այս կամ այն ուղղությանը միանալու մասին, այնուամենայնիվ, Հայաստանն ունի ազատության այն աստիճանը, որը թույլ կտա խորացնել նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա` Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը դիտարկվում է որպես ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթ ուղղություն, ինչպես նաև տարածաշրջանում ռիսկերը նվազեցնելու միջոց:
«Մեր անվտանգության ռազմական փաստաթղթում ՆԱՏՕ-ն, ի թիվս այլ կազմակերպությունների, դիտարկված է որպես ռազմական սպառնալիքները նվազեցնող գործոն»,- ասաց քաղաքական վերլուծաբանը` նկատելով, որ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ստորագրված նախկին փաստաթղթերում խոսվում էր այդ կառույցին Հայաստանի լիարժեք ինտեգրման մասին, սակայն այդ ձևակերպումներն արդեն չկան վերջին փաստաթղթերում, ինչի պատճառը ռուս-վրացական լարված հարաբերություններն են ու Ռուսաստանի կողմից Վրաստանին պատժելու քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի` Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ դիտակումներին, որոնք արձանագրվել են վերջին գագաթաժողովների ժամանակ, ապա Հայաստանի վերաբերյալ արձանագրվել են ոչ ցանկալի ձևակերպումներ: Նշվում էր, որ ՆԱՏՕ-ն կողմ է բանակցային եղանակով հակամարտությունների լուծմանը, հակամարտության գոտիներում խաղաղության պահպանման անհրաժեշտությանը, սակայն Չիկագոյի գագաթաժողովում հատուկ շեշտված էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության պահպանմանը` ընդգծելով, որ հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա:
«Չիկագոյի գագաթաժողովում արձանագրված` ՆԱՏՕ-ի դիրքորոշումներում, իմ կարծիքով, կան էական շեշտադրումներ, որոնք կարող են գրավիչ դարձնել Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»,- միաժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը: