կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 19:55
Հասարակություն

Քրեական հեղինակություններ են ձերբակալվել

 Քրեական հեղինակություններ են ձերբակալվել

Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը, ովքեր համարվում են քրեական հեղինակություն և առավել հայտնի են «Քյավառցի Ալիկ» և «Բդո» մականուններով։

Նրանք կասկածվում են սպանության դրդչության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին  Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար. Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։ Նույն օրը որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Այսպիսով՝ նոյեմբերի 18-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2 անձ, ևս 3-ը՝ ձերբակալվել։