կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 10:43
Հասարակություն

Դաշնակցությունը և Ֆրանսիայի հայ համայնքը միշտ ակտիվ են եղել

Դաշնակցությունը և Ֆրանսիայի հայ համայնքը միշտ ակտիվ են եղել

Աղբյուրը՝ arfd.am

ՀՅ Դաշնակցությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նախապատրաստմանը և աշխատել անհատ պատգամավորների հետ: Այս մասին իր հարցազրույցում տեղեկացնում է Ֆրանսիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Հրաչ Վարժապետյանը:

-Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին վերջապես ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն էր, երբ 2012-ին Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանացած նմանատիպ օրինագիծը: «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրենքի համապատասխան պարբերությունը լայն քննարկումների արդյունքում է մշակվել, Դաշնակցությունը մասնակցե՞լ է այդ գործընթացին:

– Այո, նախագահական ընտրությունների ժամանակ սա Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն էր: Հիշում եք հավանաբար, որ այս օրենքի ընդունումը Նիկոլա Սարկոզիի օրոք ձախողվեց, երբ Թուրքիան դիմեց Սահմանադրական խորհրդին, որը հակասահմանադրական ճանաչեց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանացած օրինագիծը:
Նախագահ Օլանդը, սակայն, իր նախընտրական խոստումը հարգեց, այսինքն՝ մեկ անգամ ևս գնաց Ազգային ժողով, այնտեղից Սենատ, վերջինս էլ վավերացրեց: Ըստ կարգի՝ Սենատը պետք է այն վերադարձնի Ազգային ժողով, որը կհաստատի օրինագիծը, քանի որ արդեն վավերացրել է՝ գրեթե միաձայն: Թուրքիան գուցե մեկ անգամ էլ բողոքով դիմի Սահմանադրական խորհուրդ, եթե դիմի, ապա կա համոզմունք, որ այս օրինագիծն արդեն իսկ համապատասխանում է Ֆրանսիայի Սահմանադրությանը: Գիտեք, որ նախկինի համեմատ եղան փոփոխություններ. նախկին օրինագծում միայն Հայոց Ցեղասպանության ժխտման հարց կար դրված, իսկ այստեղ՝ բոլոր ցեղասպանությունների: Նոր օրինագծում կա մի նրբություն, որին պետք է մամուլն ուշադրություն դարձնի, այն է՝ խոսքը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանություններին, իսկ դրանք երկուսն են՝ հրեական Հոլոքոստ և Հայոց ցեղասպանություն: Սա բառախաղ չէ, այլ Ֆրանսիայի Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար է արված: Նախկինի համեմատ մեկ տարբերություն ևս կա. առաջին օրինագիծն առաջարկվել էր պատգամավորի կողմից, սա՝ կառավարության, ինչը, բնականաբար, տարբեր կշիռների մասին է հուշում:

Ձեր հարցին անդրադառնալով ասեմ, որ կառավարության մշակած օրինագծի նախապատրաստման առաջին իսկ վայրկյանից մինչև վերջին՝ հաջողության պահը Դաշնակցությունն ուղղակիորեն մասնակից է եղել այդ հանձնախմբի աշխատանքին: Դաշնակցության կողմից մասնակցում էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Բնականաբար, որպես կուսակցական նրա այնտեղ լինելը Դաշնակցության ներկայության մասին է խոսում:

Բոլոր փուլերում՝ նույնիսկ օրենսգետների, փաստաբանների հետ բոլոր խորհրդակցություններում, համակարգումներում Դաշնակցությունը և համայնքը ներկա են եղել: Սա Ֆրանսիայում հայ համայնքի քաղաքական ներկայության և քաղաքական կշիռ ունենալու ցուցանիշ է: Եվ սա մեր թշնամիներին՝ Թուրքիային և Ադրբեջանին ավելի շատ կմղի հակազդման քայլերի ու նրանք Ֆրանսիայի հայ համայնքին կդիտարկեն որպես իրենց գլխավոր թիրախի: Էրդողանն ինքը հայտարարել էր՝ «Սփյուռքը մեր միակ թշնամին է»: Իսկ Սփյուռքի մեջ առաջին հերթին Ֆրանսիան: Հենց այս պատճառով է, որ Թուրքիային այդքան նեղացնում են մեր սերտ հարաբերությունները Ֆրանսիայի իշխանությունների հետ, այս դեպքում՝ Նախագահ Օլանդի:

– Ենթադրում եմ, որ առանձին պատգամավորների հետ ևս պետք է աշխատանք տարած լինեք, այլապես օրինագծի ընդունումը հերթական անգամ կարող էր ձախողվել:

– Ազգային ժողովում օրինագիծն ընդունվեց միաձայն, Սենատում կողմ քվեարկածները մեծ թիվ էին կազմում՝ 156 կողմ, 146 դեմ: Իսկ դեմ քվեարկածն այսօր ընդդիմադիր աջակողմյան խմբակցությունն էր, ընկերվարական և ձախակողմյան կուսակցությունը հիմնականում մեկ մարդու պես հետևեց իր ուժի քաղաքական թելադրանքին: Աջակողմյան խմբակցության մեջ, սակայն, կան այնպիսիք, որոնք Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի բարեկամներն են, որոնց հետ անմիջական կապ կա: Նրանց հետ է, որ աշխատել և հույս էինք դրել: Բոլոր բարեկամները, որ ունենք նաև աջակողմյան կուսակցության մեջ, իրենց հերթին քվեարկեցին: Խմբակցությունն էր, որ չքվեարկեց այդ կերպ, քանի որ չուներ կուսակցական համապատասխան թելադրանք: Աշխատանքը թե՛ խմբակցություններում, և թե՛ անհատ պատգամավորների հետ միշտ էլ կա: Եվ այնպես չէ, որ երբ օրինագծի հետ կապված դիմելու անհրաժեշտություն կա, այդ ժամանակ ենք աշխատում: Ոչ, կապը միշտ էլ կա համայնքի հետ, որից Դաշնակցությունն անջատ չէ, այս կետի շուրջ համայնքը համախմբված է: Սա մեր հաջողության հիմնական գրավականներից մեկն է: Այս իմաստով ներքին դասավորումներ են կատարվել, թե հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից ո՛վ ո՛ր հատվածի և պատգամավորի հետ պիտի աշխատի:

– Հնարավո՞ր է, որ Թուրքիան դարձյալ դիմի Սահմանադրական խորհուրդ, կա՞ երաշխիք, որ Սահմանադրական խորհուրդը նորից չի տրվի թուրքական գայթակղությանը: Այս սցենարը հաշվի առնվո՞ւմ է, հակազդման միջոցներ նախատեսվո՞ւմ են:

– Մեր կողմից չեն կարող լինել հակազդող քայլեր, քանի որ մեր աշխատանքը խորհրդարանի ուղղությամբ է, իսկ այն հաշվետու է ժողովրդին: Եվ որպես Ֆրանսիայի քաղաքացի մեր իրավունքն է այս հարցը հետապնդելն ու մինչև վերջ տանելը: Եթե խորհրդարանը, Սենատը մերժած լինեին, մենք ցույցեր կկազմակերպեինք, ինչպես որ նախապես արել ենք: Բայց, քանի որ վավերացվել է, ուստի Թուրքիան միայն Սահմանադրական խորհուրդ կարող է դիմել, որի գործունեությանն ամեն տեսակ միջամտությանը դեմ ենք, քանի որ այն երկրի գերագույն հաստատությունն է, և որը անգամ Ֆրանսիայի նախագահից է վեր: Որպես երկրի քաղաքացի այստեղ ճնշման ոչ մի միջոց չունենք: Թուրքիան է, որ քաղաքական և միջազգային միջոցներով փորձում է ճնշում գործադրել ոչ թե Սահմանադրական խորհրդի, այլ Ֆրանսիայի՝ երկրի քաղաքական ղեկավարության վրա: Կրկնում եմ՝ մենք որպես համայնք Սահմանադրական խորհրդի վրա ճնշում բանեցնելու որևէ խնդիր չունենք, քանի որ մեր գործը խորհրդարանի հետ է՝ ժողովրդի ներկայացուցչության: Եթե Սահմանադրական խորհուրդը չմնաց իր բարձրության վրա… Մյուս կողմից կա երաշխիք, որ նա կմնա, քանի որ այսքան ուշացում եղավ, նախապատրաստական աշխատանքը, որը տարվեց օրենսգետների և փաստաբանների կողմից, նպատակ էր հետապնդում անել այնպես, որ հետո ոչ մի ձևով օրինագիծը չհակասի երկրի Սահմանադրությանը և Սահմանադրական խորհուրդը ոչ մի հիմք չունենա այն մերժելու: Օրենսգետները վստահեցրել են, որ այս անգամ սահմանադրականության հարց չկա:

Պետք է ասեմ, որ առաջին օրինագծի ժամանակ կար մտավախություն, որ սահմանադրականության հարց դրվելու է և հնարավոր է Սահմանադրական խորհուրդը մերժի, քանի որ խոսքի ազատության խնդիր կար: Սա մենք կանխեցինք, որպեսզի ոչ մի բացթողում չլինի ու ոչ մի ձևով չկապվի Փերինչեքի գործով վճռի հետ: Այսինքն՝ սահմանադրական ապահովություն ունենք, որ հակասահմանադրական ոչ մի բան չկա օրենքում: Բայց և ես՝ որպես քաղաքական գործիչ, իրավունք չունեմ 100 տոկոս զենքերս վար դնելու, սա քաղաքականության տարրական օրենքն է: Քաղաքական գործիչը միշտ պետք է բաց պատուհան թողնի. կարող է պատահի, որ թուրքական ճնշումներ լինեն Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների ֆոնին, թեպետ Եվրոպայում Թուրքիայի համար պարարտ հող չկա, եթե սկսեն պրոթուրքական քաղաքականություն վարել: Հակառակը՝ Թուրքիայի նկատմամբ որոշակի քաղաքական հակակրանք կա՝ Սիրիայի, փախստականների հարցերով: Այնպես որ և՛ ֆրանսիական օրինագծի ընդունման, և՛ Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշման համար հարմար պահ էր: Այսինքն՝ սրանք պետք է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում դիտարկել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: