կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-28 11:18
Հասարակություն

Դաշնակցությունը միշտ պատրաստ է ընտրություններին. Արծվիկ Մինասյան

Դաշնակցությունը միշտ պատրաստ է ընտրություններին. Արծվիկ Մինասյան

Այն խորհուրդը, որ տվել է մեր անկախությունը, 1918 թվականը և դրան նախորդող ժամանակահատվածը, խոսում է այն մասին, որ մեր պետականությունը, մեր ապագան մեր ձեռքերում պետք է միշտ պահենք. այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ցանկացած գործողության հիմքում միայն ու միայն հայ ժողովրդի, հայ ազգի բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի»,-ասաց նա` համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարությունն այս սկզբունքներով կառաջնորդվի:

Հարցին, թե ո՞ր պաշտոնն է իրեն ավելի հոգեհարազատ` բնապահպանության նախարարի՞, թե՞ տնտեսական զարգացման, Մինասյանը պատասխանեց. «Բնապահպանության նախարարությունն ինձ տվեց մեծ փորձառություն: Մի բան հստակ է` Հայաստանի տնտեսության զարգացումն առանց բնապահպանական ընդունելի լուծումների, շրջակա միջավայրի պահպանության հնարավոր չէ ապահովել»,- ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ նոր կառավարությունը երիտասարդ է և կտապալվի, Մինասյանը պատասխանեց. «Ոչ, նման մտավախություն չկա, թեև զգուշավորություն, անշուշտ, պետք է»: Նա հավելեց, որ, երիտասարդ լինելով հանդերձ, կշահեն, երբ ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումների հիմքում դնեն մեր ազգային պետական արժեքներն ու սկզբունքները: «Որևէ մեկը միանգամից չի ծնվել նախարար կամ միանգամից նախարարի կառավարման հմտություններով չի եղել, հարկավոր է, որպեսզի արագ և մեր սկզբունքներին համահունչ առաջ գնանք»,- ասաց նախարարը:

Խոսելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին` Մինասյանն ասաց. «Խորհրդարանական խմբակցությունների հարաբերակցությունն ակնհայտորեն չի համապատասխանում ներկա իրողությանը: Բոլոր դեպքերում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են: Շատ կարևեր է, որ մենք, որպես պետություն, պատրաստ լինենք դրան, որպեսզի հանրության նոր վստահությունն ավելի մեծ լինի»:

Հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը պատրաստ է խորհրդարանական ընտրություններին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է ընտրություններին»: