կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 15:03
Քաղաքական

Էլ ի՞նչ հարցում. Էդմոն Մարուքյանն` ի պատասխան Արթուր Բաղդասարյանի առաջարկության

Էլ ի՞նչ հարցում. Էդմոն Մարուքյանն` ի պատասխան Արթուր Բաղդասարյանի առաջարկության

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վանաձորյան ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին: Խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե ՀՀԿ-ականները ցանկանում են Վանաձորում, հաջակցություն Մամիկոն Ասլանյանի, ինքնաբուխ հավաք կազմակերպել, նա նշեց, որ հետաքրքիր արձանագրում կարող է լինել այդ ցույցից հետո: «Սահմանադրությամբ` յուրաքանչյուր ոք խաղաղ ցույցերի ու երթերի անցկացման իրավունք ունի»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, թե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում մի քանի քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել ու քննարկել քաղաքում ստեղծված իրավիճակը, և հարցին՝ Դուք այս ընթացքում հանդիպե՞լ եք Ասլանյանի հետ, պատգամավորը պատասխանեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ինքս կամ մեր կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ չի հանդիպել պարոն Ասլանյանի հետ: Այս դեպքի համար կա շատ պարզ մի ինդիկատոր, այն է, որ եթե ունեն մեծամասնություն, ապա կարող են քաղաքը կառավարել, նիստեր գումարել, որոշումներ ընդունել, եթե չունեն մեծամասնություն, պետք է հրաժարական ներկայացնեն: Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել»:

Արձագանքելով դիտարկմանը, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել` առաջարկելով Վանաձորում հարցումներ իրականացնել՝ պարզելու՝ ինչպե՞ս է ժողովուրդը տրամադրված, և ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել խնդրի լուծման համար, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դրա իմաստը չկա, որովհետև այդ հարցը շատ պարզ է: Գոյություն ունի մանդատների միություն՝ երեք կուսակցությունների դաշինքով, որոնք բոյկոտել են ավագանու առաջին նիստը, հետևաբար` իշխող կուսակցությունը չունի մեծամասնություն: էլ ի՞նչ հարցում անեն: 18 մանդատները չեն ճանաչում Ասլանյանի` քաղաքապետ լինելու հանգամանքը, հետևաբար` նա պետք է հրաժարական տա: Կամ` եթե երեք ամիս նիստ չլինի, ապա Վանաձորում նոր ընտրություններ կլինեն: Դա գաղափար է ուղղակի, որ դրվել է շրջանառության մեջ, ինչի հետ եթե համաձայն լինեինք, վաղուց էինք այդպես արել»: