կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 15:07
Տնտեսական

Այսօր ֆերմերները պատրաստ չեն կոոպերացվել. գյուղնախարար

Այսօր ֆերմերները պատրաստ չեն կոոպերացվել. գյուղնախարար

Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները գյուղատնտեսության և բնական պաշարների հանձնաժողովում: Հիմնական զեկուցող` գուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ առաջարկել է 7 տոկոս տնտեսում: Բյուջեում նախատեսված է դիզվառելիքին ու պարարտանյութերին տրվող բյուջեի նվազում, ինչը, սակայն, կապված է ոչ թե պարարտանյութերի ու դիզվառելիքի քանակի, այլ գների նվազեցման հետ:

«Պարարտանյութերի և դիզվառելիքի սուբսիդիա տրամադրում ենք, բայց սուբսիդիաները պետք է ուղղվեն ավելի շատ գյուղատնտեսության զարգացմանը, բիզնեսի զարգացմանը: Գնալ դեպի զարգացման սուբսիդավորմա՞ն, թե՞ ոչ: Եթե մենք սուբսիդավորում ենք անապահովներին, դա, իհարկե, կարևոր է, բայց զարգացմանն էլ պետք է ուղղվեն սուբսիդիաներ: Պետք է գտնել բալանսը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախարարին հարցրեց հողերի խոշորացման կարևորության մասին` ասելով, որ ունենք 40 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք տնօրինում են փոքր հողակտորներ, և այդ դեպքում անհնար է ապահովել բարձր արտադրողականություն, ուստի անհրաժեշտ է հողերի խոշորացում: Պատգամավորը հարցրեց նաև` արդյո՞ք եղած կոոպերացիայի մակարդակը բավարար է: Հարց հնչեց նաև գյուղացիներին տրվող խորհրդատվությունների մակարդակի մասին: Խոսրով Հարութունյանը կարծում է, որ այսօր գյուղացին զուրկ է տարրական գիտելիքներից, և այդ պայմաններում չունենք խորհրդատվական համակարգ: Պատգամավորը հարցրեց նաև ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման մասին` ասելով, որ եթե հնարավոր լինի ներդնել կաթիլային համակարգ, ապա այն էական առաջընթաց կապահովի:

Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ հողերի օգտագործելիության խնդիրն իր համար բարդ, բայց նաև գերակա հարց է: «Առանց հողերի արտադրողականության բարձրացման` չենք կարող խոսել գյուղատնտեսության զարգացման մասին: Քննարկվում են խնդրի լուծման տարբեր մեխանիզմներ` կա'մ ավելացնել հողերի վարձակալությունը և տալ ենթավարձակալության, կա'մ բարձրացնել չօգտագործվող հողերի դրույքաչափը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է կոոպերացիաների մակարդակին, նա նշեց, որ դա բավարար չէ: Նախարարությունը քննարկել է կոոպերացիաների հարցը, պետք է առանձին զրուցեն թե' հաջող կոոպերացիաների, թե' անհաջող փորձ ունեցողների ներկայացուցիչների հետ:

«Այսօր ֆերմերը պատրաստ չէ կոոպերացվել, ուստի մենք ինչ օրենք էլ գրենք, դա կլինի անհաջող կոոպերացիա: Պետք է մտածենք մեխանիզմներ, որ կոոպերացիաները ցանկալի լինեն»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրմանը, Առաքելյանը նշեց, որ եթե Հայաստանում աշխատեր այնպիսի գործարան, որը կարտադրեր ու մատչելի կվաճառեր ոռոգման համակարգերը, ապա դա առաջընթաց կլիներ, որովհետև այն, ինչ ներմուծվում է, թանկ է: