Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 20-24-ը անցկացված՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են, ընդհանուր առմամբ, աշխարհի 31 երկրից շուրջ 140 խմբագիր և լրագրող:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանրապետության Նախագահը ողջունել է մայր հայրենիքում արդեն 8-րդ անգամ անցկացվող համաժողովը, որը նվիրված է հայկական երկու հանրապետությունների 25-րդ տարեդարձներին:
«Դուք մեծ ուժ եք, դուք ձեր գործունեությամբ մեզ վստահություն և եռանդ եք տալիս, որպեսզի մենք կարողանանք ուժերի առավելագույն գործադրմամբ կատարել մեր պարտականությունները: Մենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ խոսել ենք այն մասին, որ մեր տեսակետից պետք է առանձնացնել երկու կարևոր հանգամանք. առաջին հանգամանքը այն լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքն է, որն ուղղված է բուն հայկական համայնքին, այսինքն՝ հայապահպանությանն ուղղված աշխատանքը, և երկրորդ՝ տարբեր երկրներում աշխատող ազգությամբ կամ արմատներով հայ լրագրողներին համախմբելն է: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ պարագայում չափազանց կարևոր է, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մենք կարողանանք գտնել աշխատանքի ճիշտ ձևերը, կարողանանք պահպանել հետաքրքրությունն այն նյութերի նկատմամբ, որոնց վրա մենք աշխատում ենք, հրապարակում ենք և ցանկանում ենք դրանով ազդեցություն ունենալ այս կամ այն հարցի վրա: Երկու պարագայում էլ, կարծում եմ, չափազանց կարևոր է միշտ հավատարիմ լինել լրագրողական բարեխղճությանը: Շատ կարևոր է նաև, որպեսզի մենք մեր ջանքերը կարողանանք համատեղել, գտնել այն էական խնդիրները, որոնց լուծման վրա պետք է ծախսենք մեր հիմնական էներգիան և մեր կարողությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջույնի խոսքից հետո, Նախագահն առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձևաչափով, որպեսզի հնարավորություն ունենա պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին հետաքրքրել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ՀՀ նոր Սահմանադրությամբ Հայաստանում իրականացվելիք բարեփոխումները, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և առկա ներուժի, այդ թվում՝ լրագրողական համայնքի ներուժի լիարժեք օգտագործման հնարավորությունները, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականցվող պետական քաղաքականությունը և մի շարք այլ հարցեր: