կարևոր
436 դիտում, 9 ժամ առաջ - 2026-01-16 14:25
Հասարակություն

«Կհանդիպենք դատարանում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք անում»․ ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանում ԱԺ-ից

ԱԺ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյան թույլ չտվեց «Ժողովուդ» թերթի լրագրողին մասնակցի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին։

Նա ՊՊԾ աշխատակիցներին հրամայեց լրագրողներին դուրս հրավիրել շենքից, այն դեպքում, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր նրանց հրավիրել խորհրդարանի շենք։ ՊՊԾ աշխատակիցները նույնիսկ թույլ չտվեցին լրագրողները գնան Գեղամ Մանուկյանի աշխատասենյակ։

Լրագրողները հայտարարում էին, որ իրենց հավատարմագրից են զրկել, բայց ոչ որպես քաղաքացի ԱԺ ժենք մուտք գործել։

ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դուք հավատարմագրվելուց առաջ պարտավոր եք ծանոթանալ ռեժիմին և հավատարմագրման կարգին։ Հստակ նշված է, որ տվյալ լրագրողը պատգամավորի կամ պատգամավորի օգնականի ուղեկցությամբ գնում է հանդիպում է պատգամավորի հետ սենյակում և հետ է ուղեկցվում»։

Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին զրկել էր ԱԺ հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար, թե ինչպես է նա կես գնով գնել «ԹաունՀաուս»։ Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։52-ից 12։55-ի սահմաններում, Սոնա Գրիգորյանը և Քնար Մանուկյանը մոտեցել են Կոնջորյանին, վերջինս հրաժարվել է հարցազրույց տալ, ինչից հետո լրագրողները շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը՝ մինչև նրա աշխատասենյակի դուռը։ Պատգամավորը, էթիկայի ոչ մի նորմ չպահպանելով, դուռը «շրխկացրել է» լրագրողների դեմքին։ Ներկայում հարցը գտնվում է դատարանում, չնայած առաջին ատյանում լրագրողները հաղթել են ԱԺ որոշումը չեղյալ է համարվել: