կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 15:03
Քաղաքական

Մեր քաղաքացին պետք է լավ ապրի, որ չարտագաղթի. Արթուր Բաղդասարյան

Մեր քաղաքացին պետք է լավ ապրի, որ չարտագաղթի. Արթուր Բաղդասարյան

Արտագաղթը միշտ էլ մտահոգիչ գործոն է: Այսօր չի սկսվել այդ երեւույթը` վերջին 20 տարում Հայաստանից մեծ թվով մարդիկ են արտագաղթել. Yerkir.am-ի հարցին, թե Հայաստանում ահագնացած արտագաղթի տեմպերն արդեն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներ չե՞ն ստեղծել, պատասխանեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 

Նա ասաց, որ բոլոր երկրներում էլ արտագաղթ կա, դրա պատճառները կարող են տարբեր լինել:

 

«Արտագաղթը մեզ մտահոգում է: Ընդհանրապես` Հայաստանի դեմոգրաֆիական անվտանգությունն է մեզ մտահոգում: Եվ դա ավելի շատ համալիր խնդիր է, ու մենք մեր հնարավորությունների շրջանակներում պետք է փորձենք անել հնարավորը, բայց բոլորս պետք է հասկանանք, որ արտագաղթը` երկրից հեռանում են տարբեր պատճառներով»,- ասաց Արթուր Բաղդասարյանը եւ, որպես այդպիսի պատճառներ, նշեց սոցիալ-տնտեսական վիճակը, ավելի լավ կյանքով ապրելու պատճառները եւ այլն:

 

Նա ասաց, թե բոլոր երկրներից էլ միգրացիոն շարժեր կան, սակայն ասել, որ մտահոգիչ չեն արտագաղթի տեմպերը, նշեց Արթուր Բաղդասարյանը, հենց իր համար, որպես անվտանգության խորհրդի քարտուղար, ազնիվ չէ, որովհետեւ, իհարկե, մտահոգիչ են:

 

«Դրա համար էլ երկիրը, սոցիալական ենթակառուցվածքները, տնտեսական ենթակառուցվածքները պետք է ավելի ամրապնդենք, կատարելագործենք, որպեսզի կարողանանք նվազեցնել, կանխել, նաեւ վերացնել արտագաղթը: Բայց բնակչության միգրացիոն շարժերը մենք երբեք չենք կարող ամբողջությամբ կասեցնել»,- ասաց անվտանգության խորհրդի քարտուղարը:

 

Այս համատեքստում նա խոսեց նաեւ Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի մասին ու ասաց, որ այդ ծրագիրը իրականացվում է բոլոր երկրներում: Ըստ նրա` այդ ծրագրի ամեն մի բաղադրիչ ունի իր առանձնահատկությունը` կապված այս կամ այն երկրի հետ, ու հարց ուղղեց` եթե չլիներ այդ ծրագիրը, մարդիկ չէի՞ն գնա Ռուսաստան` խոպան: Իսկ այս դեպքում խոսքը քաղաքակիրթ միգրացիայի մասին է:

 

«Մեր քաղաքացին պետք է ավելի լավ ապրի` սոցիալապես, իր երկրում, որ չուզի գնալ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: