կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 15:42
Տնտեսական

Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստան է ժամանել՝ ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանում աշխատաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն ևս մեկ քայլ է դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է:

Այս առումով Կարեն Կարապետյանը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը և նշել, որ վերոնշյալ աշխատաժողովն օգտակար հարթակ է ոլորտին վերաբերող շահագրգիռ քննարկումների համար:
Կունիո Միկուրիան շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իր գլխավորած կառույցի անունից ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Նա նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա: Կունիո Միկուրիան դրական է գնահատել «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը վարչարարության դյուրացման և սահմանային անցակետերի արդիականացման գործընթացներում, ինչն իրականացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարկային ու մաքսային ոլորտում բարեփոխումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կադրերի վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հարակից այլ հարցերի շուրջ: Կողմերը վերահաստատել են նշված ուղղություններով իրական արդյունքներին միտված գործակցությունը և համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը: