Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին «Արմենիա» TV-ի եթերով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով: Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, թե էլեկտրաէներգիան թանկանալու է 6.9 դրամով, որը ճշգրիտ կերպով համընկնում է Նազարյանի նշած չափի հետ: Թվում է, թե այստեղ որևէ արտառոց բան չկա: Բայց սա միայն թվում է:
Վարչապետը հայտարարել է, որ հիմա կառավարությունը հաշվարկում է, թե ինչ ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի թանկացումը բնակչության և տնտեսության վրա, որից հետո միջոցներ կձեռնարկի սոցիալապես անապահով սպառողների համար թանկացման հետևանքները մեղմելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ կառավարությունը ոչ միայն համակերպվել է թանկացման հեռանկարի հետ, այլև թանկացման քաղաքական որոշումն արդեն կայացված է:
Դեռ մեկ շաբաթ առաջ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ-ում լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարեց, թե, չնայած արդեն կարող է ասել, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, սակայն մինչև չավարտվի ՀԷՑ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը, չի կարող ասել, թե թանկացումն ինչքան կկազմի: Այդ ուսումնասիրությունը դեռևս չի ավարտվել: Սակայն դա չխանգարեց ՀԾԿՀ նախագահին և վարչապետին, ձայն ձայնի տված, հաստատելու, որ էլեկտրաէներգիան թանկանալու է մոտ 7 դրամով: Թե նման պնդում անելու համար նրանք ի՞նչն են հիմք վերցրել, որևէ մեկը չպարզաբանեց:
Եթե վարչապետն ու ՀԾԿՀ նախագահը զուտ հիպոթետիկ ենթադրություն են անում, ապա խիստ տարօրինակ է, որ նույն տրամաբանությամբ նրանք բացառում են հանձնաժողովի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքում սակագնի իջեցման կամ էլ այն փոփոխության չենթարկելու հիմքեր հայտնաբերելը: Մի տարօրինակ համառությամբ այդ հնարավորությունն ընդհանրապես բացառվում է: Այս իմաստով ՀԾԿՀ-ի մասնագետների կողմից իրականացվող հայտի ուսումնասիրումը փաստացի դառնում է ավելորդ: Ի՞նչ իմաստ ունի ինչ-որ բանի հիմնավորվածություն ստուգելը, եթե արդեն դրա հետ կապված որոշումը նախապես կայացվել է, եթե դրա մասին հայտարարում են պատասխանատու պետական երկու մարմինների ղեկավարները` հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստելով նրանց սպասվող դաժան հեռանկարին: Փաստորեն, ոչ թե թանկացման որոշումն է բխեցվում ուսումնասիրությունից, ինչը միակ տրամաբանական տարբերակը պետք է լիներ, այլ ուսումանասիրությունը` որոշումից:
Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Նազարյանի այս կանխակալ հայտարարությունների ֆոնին թանկացման հիմնավորվածության շուրջ` իշխանության ձեռնարկները վերածվում են ֆարսի: Մի քանի օրից ԱԺ-ում այս կապակցությամբ լսումներ են կայանալու, որտեղ, իբր, պատգամավորները բացատրություններ են պահանջելու ՀԷՑ-ի ղեկավարությունից ցանցերում տիրող վիճակի և էլեկտրաէներգիայի թանկացման որոշման վերաբերյալ: Հետաքրքիր է` ի՞նչ են նրանք հարցնելու ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինից` ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները սակագինը բարձրացնելու որոշում ընդունել` չսպասելով հայտի ուսումնասիրության վերջնական արդյունքներին, թե՞ հարցնելու են` էներգետիկայի նախարարության, ՀԾԿՀ-ի այդ ի՞նչ անտարբերության, հանցավոր անգործության պատճառով է ՀԷՑ-ում սկսվել ու ծավալվել ճգնաժամը, ինչպե՞ս է ՀԷՑ-ը հաջողեցրել այսքան ժամանակ հասնել ՀԾԿՀ-ի կողմից իր անտրամաբանական ծախսերը սակագնի մեջ ներառող հայտերի բավարարմանը:
Այս հարցերի հասցեատերը ոչ թե Բիբինն է կամ ՀԷՑ-ը, այլ սեփական իշխանությունը և այն պետական օղակները, որոնք պարտավոր էին վերահսկողության տակ պահել ՀԷՑ-ի և, առհասարակ, բոլոր ստրատեգիական օբյեկտների գործունեությունը, դրանցում տիրող իրավիճակը: Հետևաբար, ճգնաժամը ոչ թե ՀԷՑ-ում է, այլ սեփական պետական կառավարման համակարգում: Այդ ճգնաժամը բավարար հիմքեր է տալիս ենթադրելու, որ մնացած օղակներում վիճակը ՀԷՑ-ից բոլորովին էլ լավը չէ, և հասարակությունը հերթով կարող է հայտնվել նրանցից յուրաքանչյուրի ապաշնորհ կառավարման արդյունքները «վայելողի» կարգավիճակում: Հետևաբար, ֆարս են լինելու նաև խորհրդարանական լսումները, ֆարս, որի ողջ նպատակը ստեղծված իրավիճակի իրական պատասխանատուների դեմքը լվանալն է լինելու, նրանց պատասխանատվության աստիճանը նվազագույնի հասցնելը: Մեծ հաշվով դա լինելու է արդեն իշխանական կուլիսներում որոշված սակագնի լեգիտիմացման և ռուսական մի սովորական ընկերության իր բռի մեջ հավաքելու անկարողության ցուցադրություն:
Գևորգ Աղաբաբյան