կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 15:25
Իրավական

Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությնում 2018թ. ապրիլի 22-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնին:

Քրեական գործով  ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների  արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ էին առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով 2018թ. հունիսի 13-ին որպես մեղադրյալ էր ներգրավվել նաև Ա.Հակոբյանը և վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում` 2018թ. նոյեմբերի 17-ին, Ա.Հակոբյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:

Դատարանը Ա.Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի:

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ,  որոնցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 4-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։