կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 13:58
Հասարակություն

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Որոշ ԶԼՄ-ների «բարեխիղճ» աշխատանքը շարունակում է պատուհասել ինչպես լրատվության պրոֆեսիոնալների բարի համբավը, այնպես էլ քաղաքական-հասարակական դաշտը: Մամուլի հետ իմ երկարատեւ աշխատանքային պրակտիկայում բազմիցս եմ համոզվել` ոմանց սենսացիոն նկրտումների եւ լայքային վազքարշավի բավարարման համար վճարում է ողջ հասարակությունը: «Կռուտիտներով» ռեյտինգ հավաքող, ազատ խոսքը կեղծ դրոշակ դարձրած այս ընկերները` որքան վատ, այնքան լավ սկզբունքով տարածում են չհիմնավորված, կեղծ տեղեկատվություն:


Նախօրեին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ բառացիորեն կեղծ տեղեկատվություն տարածեցին` վերագրելով ինձ մի հայտարարություն, որը չի արվել իմ կողմից: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական կրքերին շախ տալով` այս լրատվամիջոցները գրեցին, թե ես ասել եմ, որ ՀԷՑ-ում 24 միլիարդի պարտք է գոյացել, եւ դա մարելու համար պետք է ժողովուրդը վճարի իր գրպանից:

Իմ ասածի տեսագրությունը կա /https://www.youtube.com/watch?v=n1nViITEJeQ/Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես նման բան չեմ ասել: Ավելին՝ նշել եմ, որ ցանկացած թանկացմանը մենք դեմ ենք, եւ այլ աղբյուր նշեք վճարելու համար:

Հարց է առաջանում` որն է նման հրապարակումների նպատակը: Սրտացավ քննարկումներն անպայման վերածել լեզվակռվի՞, թե՞ … տարբերակները բազմաթիվ են, ենթադրությունները թողնում եմ «պրոֆեսիոնալների բարեխղճությանը»:

Հասկանալով, որ ազատ խոսքի եւ մամուլի ավանդույթները մեր երկրում դեռեւս կայացած չեն, մինչեւ այժմ փորձել եմ ըմբռնումով մոտենալ` երբեւիցե չընկնելով կեղծ տեղեկատվություն տարածող, իրականությունը խեղաթյուրած հրապարակումների հետեւից:


Ո՞րն է ելքը այս իրավիճակից: Եթե քննադատում եք փաստարկված, քննադատեք, քավ լիցի: Դիմում եմ խոսքի ազատության ջատագովներին՝ հերքեք ապատեղեկատվությունը: Վերջապես պետք է գա պատասխանատու խոսքի ժամանակը»: