|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսը թուրք եւ ադրբեջանցի պետական, քաղաքական եւ հանրային գործիչների շուրթերից հնչում է գրեթե ամեն օր: Երկու երկրներն, իրոք, սերտ համագործակցում են ամենատարբեր բնագավառներում:
«Թուրքիան միակ միջնորդն է Ադրբեջանի եւ Արեւմուտքի հարաբերություններում»,- օրերս հայտարարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից Ալի Հասանովը: «Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի արնածորող վերքն է»,- Իզմիրում հյուրընկալելով Իլհամ Ալիեւին` ասել էր վարչապետ Էրդողանը:
Բայց, պարզվում է, խոսքից վեր կա իրականություն: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Ադրբեջանում Վանի երկրաշարժից տուժածներին օգնության նախաձեռնություն է ծավալվել: Խոսքը հանրային օգնության մասին է: Եվ պաշտոնական տվյալներով առայսօր ադրբեջանական հանրությունն իր թուրք եղբայրներին օգնելու նպատակով հանգանակել է 7650 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը փոխանցվել է Թուրքիայի Կարմիր մահիկի կազմակերպության բանկային հաշվեհամարին: Եթե յուրաքանչյուր ադրբեջանցի Վանի երկրաշարժից տուժածներին հատկացներ գոնե մեկ դոլար, ապա գումարը կկազմեր 9 միլիոն. պաշտոնական վիճակագրությունն Ադրբեջանի բնակչությունը հաշվում է 9 միլիոն:
Ինչպես ցույց է տալիս հանգանակած գումարի չափը, ադրբեջանական հասարակությունը բացարձակ անտարբեր է գտնվել թուրք եղբայրների կարիքների հանդեպ: Նրա համար միեւնույն է, թե Վանում մարդիկ մնացել են անօթեւան, սննդի, հագուստի, դեղորայքի կարիք ունեն: Իսկ դա վկայում է, որ երկու երկների հասարակությունները չեն կիսում «եղբայրության» մասին իշխանությունների ճամարտակությունները: Ավելի ճիշտ, իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի իրենց «եղբայրությունը» հասնի հասարակությունների միջեւ փոխհարաբերություններին: Ինչն էլ իր հերթին մղում է ենթադրել, որ` կամ իշխանություններն ամենեւին էլ «եղբայր» չեն, կամ հասկանում են, որ հասարակությունները չեն ընդունում «եղբայրության» գաղափարը եւ չեն միջամտում նրանց «ներքին գործերին»: Ո՞րն է ամենահավանականը:
Դատողություններ, մանավանդ ենթադրություններ չանենք: Փաստը մնում է փաստ. Թուրքիայի աղետալի երկրաշարժից անցել է բավական երկար ժամանակ: Եւ այդ ընթացքում ադրբեջանական հասարակությունը կարող էր շատ ավելի ներշնչող ծավալի օգնություն ցուցաբերել տուժածներին: Դա չի արվել: Ստացվում է, որ երբ «եղբայրությունը չափվում է փողով», ադրբեջանցիները գերադասում են դրամապանակները փակ պահել: Իսկ առհասարակ խոսել` կարելի՞ է: Այլ եզրահանգման տեղ չի մնում: Եթե, իհարկե, խնդիրը նրանում չէ, որ երկրաշարժը պատուհասել է Թուրքիայի հիմնականում քրդաբնակ շրջանները, եւ ադրբեջանական հասարակությունը քրդերին «եղբայր» չի ճանաչում: Իսկ դա արդեն այլ մտորումների թեմա է: