կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 20:44
Առանց Կատեգորիա

Հայաստանը «կօգնի» Մոսկվային` զենք վաճառել Բաքվի՞ն

Հայաստանը «կօգնի» Մոսկվային` զենք վաճառել Բաքվի՞ն

Սեպտեմբերի 20-ին, փորձագետի հարցմանն ի պատասխան, ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնական գրություն է ուղարկել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2015թ. հունիսին ստորագրված` 200 մլն դոլարի չափով զինտեխնիկայի առուվաճառքի մասին վարկային պայմանագրով սեպտեմբերի 15-ի դրությամբ դեռևս որևէ գործարք չի իրականացվել:

Հիշեցնենք, որ, ըստ այս տարվա փետրվարին ռուսական կողմի բացահայտած ցուցակի, միջպետական վարկային այդ պայմանագրով Հայաստանը պետք է ստանար «Սմերչ» համազարկային ռեակտիվ կայանքներ, «Կոնկուրս Մ» հակատանկային հրթիռային համակարգի 9Մ113Մ հրթիռներ, «ТОС 1-А» ծանր հրանետային համակարգեր, ՌՊԳ-26 նռնականետներ, «Իգլա-Ս»  հակաօդային պաշտպանության համակարգեր, «Դրագունով» դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, ռադիոտեխնիկական հետախուզության «Ավտոբազա-Մ» համակարգեր, ինժեներական, կապի սարքավորումներ:

Չնայած ֆիննախի այս պարզաբանմանը՝ այսօր «Ազատություն» ռադիոկայանին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ասել է, թե այդ վարկային պայմանագրի շրջանակներում նախատեսված սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են։ «Վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է: Ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,- ասել է նա:

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան, փաստորեն, իրարամերժ տեղեկություններ են հաղորդում: Տեսականորեն չի բացառվում, որ մատակարարումը կարող է սկսված լինել ֆիննախի կողմից տրված պարզաբանումից, այսինքն` սեպտեմբերի 15-ից հետ, թեև դա քիչ հավանական է թվում: Առավել իրական է թվում, որ երկու կողմերի պարզաբանումներն էլ իրականությանը համապատասխանում են, ինչը նշանակում է, որ թեև գործարքի համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերը ստորագրված են, սակայն մատակարարումները ուշացվում են փոխադարձ համաձայնությամբ, և նախատեսված է այն իրականացնել առայժմ անհայտ ժամանակացույցով: Քանի որ թե\' մատակարարն է ՌԴ-ն, թե\' վարկավորողը, պարզ է, որ ուշացումն ունի քաղաքական ենթատեքստ: Հարց է ծագում` ինչպիսի՞:

«Ազատություն»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգի ձեռք բերմանը, ասել էր, որ այն պատկանում է Հայաստանին և ձեռք է բերվել «մեր բյուջետային ծախսերի հաշվին»: Ակնարկը թափանցիկ է` այդ համակարգը ձեռք է բերվել հայ-ռուսական 200 մլն վարկային պայմանագրից դուրս: Դրա մասին էր վկայում նաև ոչ միայն «Իսկանդեր»-ի ցուցադրությունից անմիջապես հետո ռուսական «Ռուսօբորոնէքսպորտ»-ի կողմից տրված պարզաբանումը, թե այդ համակարգը Հայաստանը գնել է ՀԱՊԿ պայմանագրային բազայի հիման վրա, այլև` որ փետրվարին ռուսական կողմի գաղտնազերծած վերոնշյալ ցուցակում այդ համակարգի մասին ոչ մի խոսք չկար: Ուշագրավ է, որ «Ազատության» հետ զրույցում փոխնախարար Տոնոյանը նաև նշել էր, որ Հայաստանի ԶՈւ-ն տիրապետում է այդ համակարգի գործադրման հմտություններին, և որ մոտ ժամանակներս հասարակությունը դրանում կհամոզվի՝ «պատրաստության ծրագրերի» առումով: Պետք է եզրակացնել, որ փոխնախարարն ակնարկում է առաջիկայում այդ համակարգի փորձարկման մասին, որը, անշուշտ, ոչ միայն ցուցադրական, այլև քաղաքական նշանակություն կունենա: Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ եթե հայկական ԶՈՒ-ն պատրաստ է այդ համալիրի գործադրմանը, նշանակում է՝ հայ մասնագետներն արդեն անցել են համապատասխան վերապատրաստում, իսկ դրա համար, վստահաբար, քիչ ժամանակ պետք չի եղել: Հետևաբար` պետք է ենթադրել, որ «Իսկանդեր»-ները Հայաստանում են արդեն մի քանի տարի, հավանաբար՝ 2013-ից:

Այս արձանագրումն էական է: Այն հաստատում է, որ հայկական բանակը «Իսկանդեր» համալիրները ձեռք չի բերել՝ ելնելով ապրիլյան պատերազմի հետևանքներից, և դա բացարձակապես չի հետապնդել ժամանակակից հարձակողական զինտեխնիկայի խոշորածավալ` ռուս-ադրբեջանական 2010թ. գործարքի շրջանակներում Բաքվին մատակարարված սպառազինությանը հակակշռելու նպատակ: Այդ համալիրները ռազմավարական, ավելի ճիշտ` ռազմաքաղաքական խնդիրների լուծման նպատակով են ձեռք բերվել, որտեղ, թերևս, ամենամեծ բացթողումը, իհարկե` ոչ առանց ռուսական կողմի ճնշման, եղել է դրանց ավելի վաղ չգաղտնազերծումը: Այս իմաստով ադրբեջանական բանակի կատաղի սպառազինմանը պետք է մասամբ հակակշռեր հենց 200 մլն դոլարի շրջանակներում նախատեսված զինտեխնիկան, որը Մոսկվան շարունակում է ուշացնել:

Այս լույսի ներքո Անկախության 25-ամյակի զորահանդեսին «Իսկանդեր»-ի ցուցադրումը ձեռք է բերում նաև այլ` քաղաքական-քարոզչական երանգ: Նախ՝ այն, փաստորեն, ուղղված էր վարկային միջոցներով Ռուսաստանից ստացվելիք զինտեխնիկայի ուշացման գործոնը ստվերելուն՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, մնում է Հայաստանի հանդեպ ստանձնած իր պարտավորություններին հավատարիմ: Երկրորդ` ինչը, թերևս ավելի էական է Մոսկվայի համար, դրդել Ադրբեջանին սպառազինման նոր գործարքների կամ, որ ավելի հավանական է, դեռ 2010թ. կնքված գործարքի շրջանակներում մատակարարվելիք զինտեխնիկայի վերջին խմբաքանակի ձեռք բերմանը, պարտքերի մարմանը: Մոսկվան, թերևս, ուզում է Բաքվի աչքը վախեցնել, թե Հայաստանին «Իսկանդեր»-ը տրամադրելուց հետո որքան կփոխվի ռազմական բալանսը նրա օգտին, եթե սկսի Երևան մատակարարել նաև 200 մլն-ի հասնող սպառազինությունը:

Այսօր Բաքվում բացվել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի «ADEX-2016» միջազգային եռօրյա ցուցահանդեսը: Ռուսաստանն այնտեղ, ի թիվս այլ ընկերությունների, ներկայացնում են նաև ռազմաարդյունաբերական հսկաները՝ զրահապատ տեխնիկա արտադրող «Ուրալվագոնզավոդ»-ը, «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր արտադրող «Սպլավ» ձեռնարկությունը, ինչպես նաև «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան: Գուցե այս երեք օրերի ընթացքո՞ւմ Մոսկվան կարողանա նոր գործարքներ կորզել Բաքվից:

Մեկ բան, սակայն, կարծես թե պարզ է. Ռուսաստանը հիմա չի ցանկանում «Իսկանդեր» տրամադրել Ադրբեջանին: Համենայն դեպս, այս երկրի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, հավանաբար` հենց Հայաստանի արսենալում «Իսկանդեր»-ի առկայությունը նկատի ունենալով, հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր է իր տարածքում փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելու համար տեխնոլոգիաներ գնել և հիմա այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում: Եթե Բաքվում վստահ լինեին, որ ՌԴ-ն իրենց ևս կտրամադրի նման համալիրներ, դժվար թե այսպիսի նախաձեռնությամբ հանդես գային:

Գևորգ Դարբինյան