Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց փոփոխությունները, ըստ որոնց` էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, տրանսպորտի նախարարությունը` տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Լուծարվում է քաղաքաշինության նախարարությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե կա՞ փորձ, որ որևէ երկրում նախարարության անունը դրվի ներդրումների նախարարություն: Պատգամավորը կողմ է, որ «հայրենադարձություն» բառ ավելացվի Սփյուռքի նախարարության անվանը:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են առաջնայնության ընդգծմամբ և նոր մոտեցումներով:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց, թե արդյո՞ք կառուցվածքային փոփոխությունները չպետք է արվեին կառավարության ծրագրի հաստատումից հետո: «Բացատրեք քաղաքաշինության նախարարության լուծարումը, ինչպե՞ս են կատարվելու դրա գործառույթները»,- հարցրեց նա: Պատգամավորը նաև սխալ է համարում «Սփյուռքի նախարար» արտահայտությունը, որովհետև Սփյուռքի քաղաքացիներն այլ երկրների քաղաքացիներ են, և ճիշտն այն է, որ լինի Սփյուռքի հետ կապերի նախարար:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը քննարկման փուլում է, և փոփոխությունները ներկայացված են ծրագրին համահունչ: Քաղաքաշինության գործառույթներն էլ իրականացվելու են գերատեսչության կողմից: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարի վերաբերյալ պատգամավորի նկատառումներին, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանց հետ համաձայն է, և դա քննարկման առարկա կդարձնի կառավարությունում: Նա շեշտեց, որ որևէ երկրում չկա դեղատոմս, թե այս կամ այն նախարարության վերանվանումը կամ տվյալ նախարարությունը մեր բոլոր խնդիրների համադարմանն է, պարզապես նոր կառավարությունն այդ տեսքով է տեսնում կառուցվածքային փոփոխությունները, և պետք չէ չափից շատ խորանալ դրանցում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց` նախարարը ծանո՞թ է նախագահի հրամանագրին կառավարությանն առընթեր մարմինների ստեղծման վերաբերյալ: Նա շեշտեց, որ այդ հրամանագիրը թույլ չի տալիս ստեղծել կոմիտե:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ հրամանագրին ծանոթ է, բայց չի ներկայացնի այն, որովհետև տպավորություն է, որ դասախոսը հարցաքննում է ուսանողին: