կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 13:32
Հասարակություն

ԱԺ նախագահը լրագրողին ցավ եւ ափսոսանք է հայտնել

ԱԺ նախագահը լրագրողին ցավ եւ ափսոսանք է հայտնել

Արդեն տեղեկացրել ենք, որ Մհեր Սեդրակյանի հետ կապված երեկվա միջադեպի առնչությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր իր մոտ է հրավիրել լրագրող Մհեր Արշակյանին: Լրագրողի եւ ԱԺ նախագահի հանդիպումն արդեն ավարտվել է:

 

Մհեր Արշակյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախագահը ափսոսանք եւ ցավ է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: ԱԺ նախագահը հետաքրքրվել է, թե լրագրողը միտում տեսնո՞ւմ է Մհեր Սեդրակյանի պահվածքում: Իսկ միտում լրագրողը տեսնում է: «Տեսանյութից էլ պարզ երեւում է, որ Մհեր Սեդրակյանն ասում է` մարդատեղ ենք դրել, համը հանում եք, իսկ դա նշանակում է, որ ինքը մեզ վաղուց «մարդատեղ է դրել», իսկ մենք էլ վաղուց սկսել ենք «համը հանել»,- ընդգծեց լրագրողը:

 

ԱԺ նախագահը լրագրողին առաջարկել է հանդիպում կազմակերպել պատգամավորի հետ: Վերջնական պատասխան, առաջարկության հետ կապված, Մհեր Արշակյանը չի տվել: Սակայն մեզ հետ զրույցում ընդգծեց, որ չի կարծում, թե պատգամավորի հետ կհանդիպի:

 

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաեւ, թե արդյո՞ք մտադիր է լրագրողը դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Ի պատասխան լրագրողն ասել է, որ հարցը դեռ կքննարկի լրագրող գործընկերների հետ: Նշենք, որ լրագրողը հակված է դիմել էթիկայի հանձնաժողով:

 

Ի դեպ, որեւէ պահանջ ԱԺ նախագահին լրագրողը չի ներկայացրել, այդ թվում, որ Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն խնդրի: Փոխարենը լրագրողը Հովիկ Աբրահամյանին առաջարկել է հանդիպում կազմակերպել Մհեր Սեդրակյանի նման պատգամավորների հետ եւ լրագրողների հետ շփման ձեւերը սովորեցնել:

 

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերվում Սեդրակյանի այն հայտարարությանը, թե` մի բան էլ դեռ լրագրողը պետք է իրենից ներողություն խնդրի, Մհեր Արշակյանն արձագանքեց. «Եթե ասի, թե ինչու, ես կմտածեմ»: