կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 14:52
Իրավական

Քրեական գործով վկան հանիրավի մեղադրել է քննիչին

Քրեական գործով վկան հանիրավի մեղադրել է քննիչին

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Սարգսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Արթուր Սարգսյանը կեղծել է իր հարցաքննության արձանագրությունը: Մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա ձեռագիր գրառումները իր կողմից չեն կատարվել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակից Ս. Սարգսյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սերյոժա Սարգսյանի անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:

Այս կերպ՝ քրեական դատավարության  մասնակից  Ս. Սարգսյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Ա. Սարգսյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: