Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-09-09 11:44
Իրավական

Հրազդանում մահացու վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հրազդանում մահացու վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Երեկ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Հրազդանում հուլիսի 4-ին մահացու վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հոր Գ.Խամփերյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Գ. Խամփերյանը մեղադրվում է որդուն վրաերթի ենթարկած վարորդին՝ Վանիկ Սարգսյանին դանակահարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Երեկ Yerkir.am-ը գրել էր, որ երեխայի հայրը ցուցմունք է տվել և պատմել որդուն վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու դրդապատճառի մասին: Նա հայտնել է, որ Վանիկ Սարգսյանին սպանելու մտադրություն չի ունեցել, այդ քայլին դիմել է պահի ազդեցության տակ, երբ լսել է, թե ինչպես է վարորդն ինչ-որ մեկի հետ հեռախոսով զրուցելիս ծիծաղում:

Բանն այն է, որ դեպքից հետո տուժող կողմի և վրաերթ կատարած վարորդի միջև որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել` նյութական փոխհատուցման հետ կապված, սակայն մահացած երեխայի հայրը, երբ լսել է, թե ինչպես է վարորդը մեկ ուրիշի հետ այդ թեմայով հեռախոսով խոսում՝ ժպտալով, բարկացել է և դանակահարել նրան:

Հիշեցնենք, որ Վանիկ Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ.Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք: Վ. Սարգսյանը տեղափոխվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության: