Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այո, Հայաստանի բանկային համակարգը կայուն է, բայց միևնույն ժամանակ ֆինանսավորման մասով, իսկապես, զարգացած չէ։ Նման տեսակետ InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Թադևոր Ավետիսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ հրապարակված զեկույցում տեղ գտած գնահատականները։
«Այո, բանկային համակարգը կայուն է, բայց ճկուն գործիքները ֆինանսավորելու, հատկապես՝ սկսնակ ձեռնարկատերերին, ստարտափերին, ընդհանրապես՝ որոշակի ռիսկային բիզնեսներ ֆինանսավորելու մասով զարգացած չէ», - նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով, բացի այդ, բավականին բարձր է նաև բանկային տոկոսադրույքը․ «Տոկոսադրույքը բարձր է, որովհետև եթե համեմատում ես միջին տնտեսական շահութաբերությունը և ռիսկայնությունը, ինչպես նաև վարկային ռեսուրսների ներգրավման տոկոսադրույքը, դրանք իրար համարժեք չեն։ Դրանք անհամեմատ բարձր են շատ ոլորտներում, քան սպասվող շահույթի նորման է։ Հետևաբար դա խդրահարույց է»։
Այս պարագայում, ըստ տնտեսագետի, մեծ դեր ունի պետական կարգավորումը, քանի որ պետությունը ունի օրենսդրությամբ սահմանված բավարար գործիքակազմ, որպեսզի մի կողմից տոկոսադրույքի նվազման խթանիչ կարգավորումներ ներկայացնի, մյուս կողմից պետությունը կարող է որոշակի ոլորտներում և հեռանկարային ճյուղերում իրականացնի տոկոսային սուբսիդավորում, որպեսզի դրանք քաղաքացիներին ավելի մատչելի դառնան։
«Իրականում կան շատ հետազոտություններ, որոնց համաձայն բանկային բարձր տոկոսադրույքը և ռեսուրսների ներգրավման ոչ մատչելիությունը, ինչպես նաև կարճաժամկետությունը էապես ապախթանում են բիզնես զարգացումը և այս պարագայում տուժում է առավելապես փոքր-միջին բիզնեսը, սկսնակ ձեռնարկատիրույթունը», -ընդգծեց տնտեսագետը։
ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ հրապարակված զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանի արժեթղթերի շուկան շատ լավ զարգացած չէ և ունի միայն նվազագույն առևտրային ակտիվություն հայկական ֆոնդային բորսայի միջոցով։ Թադևոս Ավետիսյանը հաստատեց, որ նման երևույթ կա, ընդգծեց, որ արժեթղթերի շուկան, որպես ենթակառուցվածք, լիարժեք ձևավորված չէ։
«Տնտեսվարող սուբյեկտների մոտ չկա վարքագիծ արժեթղթերի շուկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու առումով։ Սա նաև նպաստում է, որ վարկային տոկոսները բարձր լինեն, որովհետև արժեթղթերի շուկան ուղղակի մրցակցության մեջ է վարկային շուկայի հետ և եթե այս շուկայում հնարավոր լինի ավելի մատչելի ռեսուրսներ ներգրավել, բնականաբար դա կնպաստի, որպեսզի վարկային տոկոսադրույքները ավելի իջնեն ու պայմանները ավելի բարենպաստ դառնան», - նշեց տնտեսագետը։
Հարցին, թե ինչո՞ւ արժեթղթերի շուկայի նկատմամբ Հայաստանում այդպես էլ վստահություն չի ձևավորվում, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց․
«Այստեղ պետության կարգավորման դերը կա, որովհետև խթանիչ ամենատարբեր մեթոդները պետք է կիրառվեն, այդ թվում՝ հարկային գործիքներով, ինչը չի արվում, և դաշտը բարձիթողի վիճակում է։ Թողնել, որ արժեթղթերի շուկան ինքնուրույն կձևավորի պահանջարկ, հետո նաև՝ զարգացում կունենա, ճիշտ չէ։ Չմոռանանք, որ փոքր տնտեսությամբ երկիր ենք և արտաքին մեծ հետաքրքրություն չկա, որ շուկան զարգանա։ Այսինքն՝ այսպիսի պայմաններում պետության խթանիչ դերը էլ ավելի է մեծանում»։
Աղբյուրը՝ Infoport.am