կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-01 19:35
Առանց Կատեգորիա

Որքան կպահպանվի ԼՂ կարգավորման ռուսական զսպաշապիկը

Որքան կպահպանվի ԼՂ կարգավորման ռուսական զսպաշապիկը

Նախօրեին ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ ռուսական պաշտոնական տեղեկատվության՝ ի թիվս այլ խնդիրների, արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Նույն օրը ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ խորհրդակցություն կանցկացնեն ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Զախարովան ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Մինսկի խմբի համանախագահները առաջին անգամ չէ, որ նման խորհրդակցություններ են անցկացնում ՄԽ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների հետ: Սրանից առաջ համանախագահները հանդիպումներ էին անցկացրել ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիայի մայրաքաղաքում, դրանից առաջ՝ Վաշինգտոնում: Սակայն մոսկովյան առաջիկա հանդիպման քաղաքական նշանակությունը փոքր-ինչ այլ է՝ հաշվի առնելով ԼՂ կարգավորման գործընթացում Մոսկվայի ունեցած ներկայիս` առանց չափազանցության բացառիկ միջնորդական դերակատարությունը. Մոսկվան ամեն կերպ ընդգծում է, որ իր ձեռքերում է պահում հակամարտության կարգավորման բոլոր թելերը, որոնք որևէ այլ կողմի զիջել, գոնե առայժմ, չի պատրաստվում:

Դեռևս հունիսին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան–Պուտին-Ալիև ձևաչափով բանակցություններից հետո հայտարարվում էր, որ Մոսկվան պլանավորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր և, ամենայն հավանականությամբ, կարգավորման տեսանկյունից վճռորոշ հանդիպումը կազմակերպել օգոստոսին: Այդպիսի հանդիպում, սակայն, չկայացավ: Փոխարենը օգոստոսի 8-ին Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բաքու մեկնած` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հիմնահարցը քննարկեց Իլհամ Ալիևի հետ, որից ընդամենը երկու օր անց Մոսկվայում դրանց արդյունքների շուրջ բանացելու նպատակով հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Թեև Պուտինի այս` մաքոքային բանակցությունների բովանդակությունը մնում է գաղտնի, սակայն ամեն ինչից երևում է, որ Մոսկվայի հիմնական նպատակն այս պահին հակամարտության գոտում հաստատված հարաբերական անդորրն ամեն գնով պահպանելն է: Դրա մասին է վկայում Զախարովայի մեկնաբանությունը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Մոսկվայում կայանալիք հանդիպման հիմնական նպատակը Վիեննայի և սանկտպետերբուրգյան գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկումն է: Հարցն ինքնին այդ պայմանավորվածությունների կատարումը չէ: Այն փաստը, որ, չնայած պայմանավորվածությունների ձեռք բերումից անցել է արդեն 3 ամիս, սակայն դրանցից որևէ մեկն այդպես էլ չի կատարվել, վկայում է, որ դա ընդամենը, մի կողմից, դրանց կատարումից Ադրբեջանի հրաժարվելը, մյուս կողմից` հրադադարի պահպանումը հիմնականում ռուսական կողմի քաղաքական կամքից կախված լինելու հանգամանքը փակելու դիվանագիտական ծխածածկույթ է:

Սակայն, անկախ դրանից, ներկա պահին իրադրության վերահսկելիությունը բխում է հակամարտության մեջ ներգրավված` անխտիր բոլոր կողմերի շահերից: Հայաստանին և Արցախին այն ձեռնտու է, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական բանակները գտնվում են տեխնիկական, նյութական և ռազմավարական լուրջ վերափոխումների շրջափուլում: Բացի դրանից` Հայաստանում 2017թ. սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք հենց ԼՂ հիմնահարցի, քառօրյա պատերազմի և հատկապես` վերջին շրջանում ակտիվացած` տարածքների հնարավոր հանձնման խոսակցությունների հետ կապված ներքին անվստահության ֆոնին խոստանում են չափազանց ծանր լինել հայաստանյան իշխանությունների համար:

Ադրբեջանը ևս գտնվում է անցումային փուլում. այստեղ սպասվում է սահմանադրական հանրաքվե, որով Իլհամ Ալիևը Ադրբեջանում վերջնականապես ալիևյան դինաստիայի դիկտատուրա, սուլթանատ է հաստատում: Չի բացառվում, որ հանրաքվեի հաջող ելքի դեպքում` անմիջապես հետո, այնտեղ անցկացվեն նաև արտահերթ նախագահական ընտրություններ: Պարզ է, որ ապրիլյան սիմվոլիկ հաղթանակով իր հասարակությանը սնող ալիևյան ռեժիմի շահերից է բխում, որ այս պրոցեսին խոչընդոտող որևէ խնդիր չառաջանա:

ԱՄՆ-ը ևս ընտրական շրջափուլում է` նախադեպը չունեցող սրությամբ անցնող նախընտրական մի պայքարի, որը ստիպել է մինչև քվեարկության ավարտը երկրորդային դարձնել արտաքին քաղաքականության բոլոր առաջնահերթությունները: Ինչպես նախկին տարիների փորձն է ցույց տալիս, նման իրավիճակներում Սպիտակ տունը վարում է հակամարտությունների առկա և հնարավոր օջախները ճնշելու մարտավարություն:

ԼՂ հարցում խաղաղության պահպանումն այս պահին բխում է նաև Մոսկվայի շահերից, ընդ որում` միանգամից երկու լուրջ պատճառով: Առաջինը կարգավորման ռուսական պլանի շուրջ Հայաստանում առաջացած՝ Մոսկվայի համար անակնկալ ըմբոստությունն էր, որի կուլմինացիան «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ուժերի զորամասի գրավումն էր և Հայաստանի` այսպես կոչված, «ռուսական լծից» ազատման կամ ապագաղութացման՝ հասարակական շրջանակներում ողջունելի պահանջի առաջ քաշումը: Ռուսաստանի համար Հայաստանում սկսված հակառուսական տրամադրությունները հիմա շատ լուրջ գլխացավանք են, և Մոսկվայում, թերևս, հասկացել են, որ հնարավոր չէ տարածքների հանձմամբ ստատուս քվոն փոխելու տրամաբանությամբ շուտափույթ որևէ կարգավորում փաթաթել Հայաստանի վզին: Չի բացառվում, որ հենց «Սասնա ծռեր»-ի այդ հանդուգն և ոչ միանշանակ քայլը ստիպեց անորոշ ժամանակով հետաձգել ռուսական սցենարով որևէ լուծման տանող հերթական հանդիպման կազմակերպումը: Երկրորդ և թերևս շատ ավելի կարևոր պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումն է, ինչը թե\' Մոսկվային և թե\' Անկարային ստիպում է Երևանի և Բաքվի վրա ունեցած հսկայական ազդեցության գործադրմամբ առժամանակ սառեցնել կամ կոնսերվացնել հակամարտության կարգավորումը: Ռուս-թուրքական վեցամսյա առճակատման ընթացքը ցույց տվեց, որ երկու կողմերի համար էլ ԼՂ հիմնահարցը դիտարկվում է որպես միջնորդավորված պատերազմի ամենահարմար լծակը: Այս գործոնների շնորհիվ Մոսկվային առայժմ հաջողվում է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում պահպանել հարաբերական անդորրը, ինչն առայժմ հայկական կողմին ժամանակ շահելու և մանևրելու հանրավորություն է տալիս: Հարցն այն է՝ որքա՞ն այն կտևի:

Գևորգ Դարբինյան