Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների թիմը 5 առարկաներից 15 մեդալ է նվաճել:
Ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ, ճիշտ է, սպասելիքներն ավելին էին, սակայն մեր դպրոցականներից քչերն են առանց մեդալների վերադարձել:
Ի դեպ, մեդալների թվով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից. Վրաստանն ունի 5, Ադրբեջանը` 7, իսկ Թուրքիան` 11 մեդալ:
«2015-ին մեդալների թիվն ավելին էր` 20 մեդալ, սակայն փոխարենը նախորդ տարի ոսկե մեդալ չունեինք, իսկ այս տարի 1 ոսկե մեդալակիր ունենք: Սակայն սա դեռ ամենը չէ, քանի որ հոկեմբերին պետք է տեղի ունենա «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադան, որին նույնպես մասնակցելու են մեր աշակերտները` 5 հոգով, և սա այն աշակերտներն են, ովքեր նախորդ տարիներին մեդալների են արժանացել»,- ասաց Նավասարդյանը:
Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Էդգար Վարդանյանը, ով այս տարի, մասնակցելով ֆիզիկայի միջազգային օլիմպիադային, ոսկե մեդալի է արժանացել, նշեց, որ դժվարություններ, իհարկե, կան, բայց անհաղթահարելի ոչինչ չկա:
«Տարբեր առարկաներից միջազգային օլիմպիադաներին մասնակցելով` 3 տարիների ընթացքում 9 մեդալի եմ արժանացել: Կուզեի ասել, որ նման արդյունքի չէի հասնի, եթե մեր դպրոցում կազմակերպվող նախապատրաստական դասընթացներին չհաճախեի. օլիմպիադայի ժամանակ կան թեմաներ, որոնք մեր դպրոցական ծրագրերում չկան»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց նաև, որ այս տարի ընդունվել է ԵՊՀ, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարան, սակայն քանի որ տարկետում չէին տալիս Մոսկվայում սովորելու համար, ուսումը կշարունակի ԵՊՀ-ում:
Նավասարդյանն էլ, իր հերթին, նշեց, որ կուզեր կրթության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա, քանի որ այսօրվա օլիմպիականները մեր վաղվա գիտնականներն են, և պետք չէ վախենալ, որ նրանք կգնան ու կմնան դրսում, քանի որ փորձը ցույց է տալիս` նրանք վերադառնում են հայրենիք: