Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսկ Հռոմի պապը քոսոտ երկրներ գնո՞ւմ է, եթե` այո, ապա նորմալ է, եթե` ոչ, ապա տարօրինակ է, թե ինչու էր եկել Հայաստան:
Համենայն դեպս, ռադիոֆիզիկոս, 80-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Նրա կենսագրության մեջ ասվում է, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորը հայտնի է քվանտային ռադիոֆիզիկայի, գերհաղորդականության կիրառական պրոբլեմների, տիեզերական հետազոտությունների, ռադիոաստղագիտության, Երկրի բնական պաշարների ուսումնասիրման ռադիոֆիզիկայի մեթոդներով, ինչպես նաեւ` ստացած պարգեւներով` ԽՍՀՄ պետական մրցանակի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի, Ուկրաինայի գիտության եւ տեխնոլոգիաների պետական մրցանակի, «Պատվո նշան» շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, Ժողովուրդների բարեկամության շքանշանի եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի դափնեկիր է:
Բայց, իմ կարծիքով, ակադեմիկոս Մարտիրոսյանը առավել հայտնի է` մեզ վիրավորելով: Բոլորովին վերջերս նա ասել էր, թե Հայաստանը քոսոտ երկիր է: Ու թեև նա ծնվել է ԼՂՀ Մատաղիսում, բայց Հայաստանը քոսոտ երկիր են կոչում նրանք, ովքեր վերջին ժամանակներս պարբերաբար կրակում են Մատաղիսի ուղղությամբ:
Բայց սա` դեռ մի կողմ, փաստորեն, Հայաստանի ԳԱԱ նախագահ է ընտրվում նա, ում կարծիքով` Հայաստանը, հետեւաբար` նրա գիտությունը, հետեւաբար` նրա գիտությունների ակադեմիան, բանակը, կրթությունը, մշակույթը, պատմությունը, ժողովուրդը, քաղաքները, տները, ապրուստը, կրոնը, բոլորը եւ բոլորս քոսոտ ենք: Երբ ասում են` Հայաստանը քոսոտ երկիր է, հենց սա էլ նշանակում է, այլ բան է, եթե Մարտիրոսյանն ասեր, թե, օրինակ, հայկական ֆուտբոլն է քոսոտ, կամ` արդի ռադիոֆիզիկան, նա ասել է երկիրը. երկիրը բոլորս ենք:
Ավելի ուշ, երբ հարկ եղավ պարզաբանելու, թե ի՞նչ է նկատի ունեցել` երկիրը քոսոտ անվանելով, ոչ թե Մարտիրոսյանը, այլ ԳԱԱ-ից մեկը ասաց, թե ԳԱԱ նախագահը տվել է շատ հստակ բնորոշում, որ Հայաստանը թույլ, աղքատ երկիր է, իսկ նման երկրներին բնորոշ չէ զենք արտադրելը: Այսինքն` Մարտիրոսյանը երկիրը քոսոտ է անվանել, քանի որ այն թույլ է եւ աղքատ, եւ քանի որ թույլ է, աղքատ, ապա հնարավորություն չունի զենք արտադրելու, եւ որովհետեւ չունի այդ հնարավորությունը, ուրեմն քոսոտ է:
Լավ, իսկ ի՞նչ է ռազմական արդյունաբերությունը, այսինքն` դա մշակո՞ւյթ է, գուցե սպո՞րտ: Հստակ է, որ ռազմական արդյունաբերությունը գիտություն է, այսինքն` այն երկրները, որոնք ունեն ռազմական արդյունաբերություն, նաեւ ուժեղ գիտություն ունեն: Եվ հակառակը` նրանք, ովքեր չունեն այդ արդյունաբերությունը, ուրեմն թույլ գիտություն ունեն, եթե, իհարկե, գիտություն ունեն: Կնշանակի` ակադեմիկոս Մարտիրոսյանը՝ իր մեդալներով, իր գիտական ձեռքբերումներով եւ ռադիոֆիզիկոսի սեգ ճակատով, խոսոտովանում է, որ մենք կա'մ գիտություն չունենք, կա'մ էլ այն շատ թույլ է, դե՝ քոսոտ:
Գուցեեւ այդպես է, եթե անգամ այսպես էլ է, սա ամենակարեւոր խնդիրը չէ, խնդիրն այն է, որ բոլորս համաձայն ենք, որ մենք քոսոտ երկիր ենք` ե'ւ նրանք, ովքեր ընտրել են Մարտիրոսյանին, ե'ւ նրանք, ովքեր ասել են, որ ընտրեն Մարտիրոսյանին, ե'ւ նրանք, ովքեր ոչինչ չեն արել, որ Մարտիրոսյանը չընտրվի, ե'ւ նրանք, ովքեր թքած ունեն, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն ով է:
Ամեն դեպքում` Հայաստանի գիտնականներն ապացուցել են, որ Հայաստանը «քոսոտ երկիր է»:
Հովիկ Աֆյան