Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանձնեցի՞ք հողերը: Հեշտությա՞մբ: Դժվարությամբ, կյանքի գնով, արյունով ազատագրեցինք, եւ հեշտությամբ, առանց արյան հանձնեցի՞ք… Կեցցեք: Ադրբեջանը դեմ չի լինի, որ Մեղրին էլ հանձնեք, որ ցամաքային կապ ունենա Նախիջեւանի, դրանով իսկ՝ Թուրքիայի հետ: Չհանձնե՞նք, թե՞ Մեղրին հայկական տարածք է, իսկ, կներեք, ԼՂՀ-ն ի՞նչ տարածք է, եթե ոչ` հայկական:
Ազգերի ինքնորոշումը չի նշանակում, որ ինքնորոշված ազգը պետք է պարտադիր անկախ պետություն ստեղծի: Ազգը կարող է ինքնորոշվել՝ դուրս գալով մեկ պետության կազմից եւ մտնելով մեկ այլ պետության կազմ, ավելին` եթե երկրորդ պետությունը մայր պետությունն է, ապա ազգը հենց այդպես էլ պետք է ինքնորոշվի, հո մենք կորեացի չենք, որ երկու պետություն ունենանք, այն էլ` միմյանց հանդեպ թշնանաբար տրամադրված… Այնպես որ` երբ ասում եք հող են տալիս, ուրեմն տվողը բոլորս ենք:
Եթե տալիս ենք, ուրեմն տալիս ենք, եթե համաձայն չենք, ուրեմն ոչ ոք չի կարող տալ, անգամ` ՀՀ շախմատի ֆեդերացիան՝ իր ողջ ղեկավար կազմով: Բայց մենք հող տալի՞ս ենք: Մենք ասելով՝ նկատի ունեմ այն ժողովուրդը, որի ոտքերի տակ Ազատության հրապարակի ասֆալտը դղրդում էր 88-ին, այն ժողովուրդը, որն ինքնակամ մտավ պատերազմի մեջ՝ գնալով եւ կռվելով այնպիսի տեղերում, որտեղ ապրել-մեռնելը 50-50 է, այն ժողովրդին, որը Գյումրու ավերակներից գնաց Շուշին կառուցելու, ոչ թե ծուռ, այլ դուզ ժողովրդին նկատի ունեմ՝ մենք ասելով, տալի՞ս ենք:
Մեզ չեն հարցնում, չեն էլ հարցնելու, եւ գիտե՞ք` ինչու, որովհետեւ հողի տիրոջը չեն հարցնում` հողդ տալի՞ս ես… Ու այստեղ է այս հարցի հանգրվանը, լուծումը, բանալին: Այդ հողերի տերը մենք ենք, մենք սա չենք գիտակցում, մենք սա չենք հասկանում, զգում: Այդ հողերի տերը մենք ենք եւ մենք տեր չունենք: Այսինքն` որոշողը մենք ենք, կուզենք՝ կտանք, կուզենք՝ կշենացնենք, պետական ծրագիր կանենք, որ մարդիկ գնան ազատագրված շրջանները, այնտեղ տներ կառուցեն, երեխաներ ունենան, թեյ խմեն… Ով էլ լինի Հայաստանի նախագահը, ով էլ մեծամասնություն կազմի Հայաստանի խորհրդարանում, նա չի կարող հող տալ, եթե այդ հողի վրա տուն կա, տան մեջ էլ ծնված երեխա, եթե այդ հողը ամայի չէ: Չի կարող, թե՞ կարող է…
Հովիկ Աֆյան