Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ հարթակներում պարբերաբար քննարկվում են 2016թ. հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ հանցանքների մեջ մեղադրվող և անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, հետաքննության և նախաքննության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու սահմանադրական իր գործառույթի իրացման շրջանակներում, լիազորված է պարզաբանել, որ տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների տեսակցության իրավունքի սահմանափակումը պայմանավորված է հետևյալ փաստական հանգամանքներով.
1. քրեական գործերով անցնող մեղադրյալներին ներկայացված մեղադրանքի բնույթով և հանրային վտանգավորության աստիճանով, այն է, որ դրանք առավելապես հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ են,
2. ենթադրյալ հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագծով, այն է՝ միմյանց միջև կայուն և տևական կապով, ինչպես նաև ներկայումս նրանց տեսակցելու ցանկություն հայտնած անձանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների և որոշ պատգամավորների հետ նախկինում ունեցած շփումներով,
3. մեղադրյալներին վերագրվող արարքներն ավարտվելուց հետո իրավասու իրավապահ մարմինների կողմից հանցավոր այլ դրսևորումների բացահայտման, ներառյալ՝ մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու փաստերով, հետևաբար, և ազատության մեջ հնարավոր հանցակիցներ ունենալու ողջամիտ ենթադրությամբ և բարձր հավանականությամբ:
Այս պայմաններում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը (15 հոդվածի 9-րդ պարբերությունը) նախատեսում է իրավաչափ նպատակով, այն է՝ քննության շահերից ելնելով, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և այլ անձանց հետ (բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի) ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու հնարավորություն:
Թեև ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության իրավունքը սահմանափակվել է օբյեկտիվ փաստերի հիման վրա և օրինական հիմքով, այդուհանդերձ, յուրաքանչյուր մեղադրյալի համար դրա հետագա պահպանման անհրաժեշտության հարցը ենթակա է առանձին քննարկման՝ առկա իրավիճակի և զարգացման միտումների հաշվառմամբ:
Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է հետաքրքրված հանրությանը հարգել քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները, կանխարգելիչ այս միջոցի կիրառումը չդարձնել արհեստական քննարկումների կամ շահարկումների առարկա, և չփորձել այդ կամ ոչ իրավաչափ որևէ այլ ձևով ներազդել իրավասու պաշտոնատար անձանց լիազորությունների իրականացման վրա:
Հույս ենք հայտնում նաև, որ օրենքի ուժով նշված սահմանափակման կիրառման տիրույթում չհայտնված անձինք օրենքով տրված արտոնությունը կօգտագործեն բացառապես իրենց մասնագիտական գործառույթների իրականացման նպատակով՝ հարգելով սեփական առաքելությունն ու արդարադատության շահերը: