Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Խորենացի փողոցը երեկ ուշ երեկոյան ի պաշտպանություն Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպված երթից հետո մնաց որբ, առանց հարթակի: Ամբիոնի մոտ ոչ ոք չկար, ամբիոնը ոչ ոքինը չէր, և միաժամանակ ամբիոնը բոլորինն էր անխտիր: Այդ պահին պարզվեց, որ 25 տարվա անկախության պատմության ընթացքում մեր հասարակական-քաղաքական միտքը աճել ու հասունացել է ընդամենը այնքան, որ ունակ է ընդամենը փողոցներից մասսայաբար մարդկանց բերման ենթարկելուն և պարզունակ երթերի միջոցով հանրային էներգիան պարպելուն: Խորենացի փողոցում երեկ ուշ երեկոյան իր ամբողջ շքեղությամբ փայլեց քաղաքական մտքի խորը, բոլորի ու ամեն ինչի նկատմամբ վստահության ճգնաժամը:
Թվում է, թե պատճառը նախօրեին սկսված շարժումը ղեկավարող «համակարգող խորհրդի» անդամների մեկուսացումն էր՝ ոստիկանության կողմից երբեմն բացարձակապես անհասկանալի պատճաառներով բերման ենթարկելու, ձերբակալությունների միջոցով: Դրանում, իհարկե, ճշմարտություն կա: Որովհետև Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն գնդացրային վիրավորումով վնասազերծելուց հետո ցույցերը լինելու էին շատ ավելի մարդաշատ և դրանից խուսափելու լավագույն տարբերակը հիմնական բանախոսներին մեկուսացնելով հավաքը «գլխատելն» էր, անտեր թողնելը, ինքնահոսի մատնելը: Բայց սա չէր ամենակարևորը: Որովհետև դեռ պարզ չէ՝ ի՞նչ ընթացք էր տրվելու հրապարակին, եթե նրանք, ինչպես նախորդ օրերին, լինեին ամբիոնում: Ամենայն հավանականությամբ՝ ոչինչ էլ չէր լինելու, որովհետև նույնն էին թե պահանջները, թե այդ պահանջների կատարմանը հասնելու համար ընտրված «ուռռա-հայրենասիրական երթ-ելույթներ» ճանապարհային քարտեզը: Խորհրդի՝ հարթակին մոտ գտնվողների ինքնամեկուսացումը ցույց տվեց, որ այն ոչ մի ուղեգիծ, պլան, ռազմավարություն չունի, որ ընդհանրապես ոչ մի պատկերացում չկա՝ ինչպես զարգացնել շարժումը՝ գոնե այսպիսի ծանր գնով ոտքի հանված հասարակության ճնշման տակ իշխանությանը որոշակի փոփոխությունների մղելու, որոշակի արդյունքներ ունենալու համար: Միակ տարբերությունը, որ հավանաբար կլիներ նրանց ամբիոնում լինելու դեպքում, այն էր, որ բարձրախոսը չէր հայտնվի ինքնահաստատման խնդիր ունեցող «ջահելների» ձեռքին, և որ մարդկանց տուն ուղարկելու, հաջորդ օրը կրկին հավաքվելու և երթ անցկացնելու ժամերը հավանաբար այլ կլինեին:
Մեր աչքի առջև տեղի է ունենում հնարավոր ամենավատ երևույթներից մեկը. քաղաքականության և իրական լիդերային առաջնորդման տոտալ մերժումը: Քաղաքականությունը փոքրացել է այնքան, որ արդեն սահմանափակվում է ամբիոնը հնարավորինս պաթետիկ, արտիստիկ և կրեատիվ ձևերով իշխանությանը «քֆրտելու», դերասանական վարպետության մակարդակը ցուցադրելու բեմ դարձնելով, քաղաքականություն թելադրելու լավագույն գործիքը ավտոմատը դարձնելով, ոստիկանական «հնձիչին» ապավինելով:
«Հիմնադիր խորհրդարանը» մինչև հուլիսի 17-ը իր քաղաքական կապիտալով կարող էր հրապարակ հանել առավելագույնը մի քանի տասնյակ մարդկանց: «Սասնա ծռեր»-ի այս հարձակումը, սակայն, փողոց հանեց հազարավորներին, իսկ տասնյակ հազարավորներին ստիպեց լուռ համակրել նրանց: Այսինքն քաղաքական կապիտալը, քաղաքական միտքը, առավելևս քաղաքական ուժերը դադարել են ընկալվել որպես որևէ տեսակի փոփոխության, հանրային պահանջների առաջմղման և բավարարման կառուցակարգեր: Մարդկանց մոտիվացնում է ոչ թե քաղաքականությունը, այլ հակաքաղաքականությունը, ընդ որում` թե այսպես կոչված ընդդիմության և թե իշխանության դաշտից:
Արդյունքում տպավորություն ստեղծվեց, թե քաղաքականությանը պետք է փոխարինի այսպես կոչված «ժողովրդի ինքնակազմակերպումը»: Այս գաղափարը մաստակի նման այնքան ծամծմվեց, ոչ առանց քաղաքական ուժերի անգործության ու ինքնամեկուսացման պատճառով, մինչև մարդիկ սկսեցին դրան իսկապես հավատալ՝ առանց հասկանալու՝ ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես է առարկայորեն դրսևորվում կամ կարո՞ղ է առհասարակ դրսևորվել, թե՞ ոչ: Որոշ քաղաքագետներ իրենց իրավունք վերապահեցին կոչ անելու մերժել բոլոր տեսակի քաղաքական ֆիգուրներին և որ էլ ավելի սոսկալի էր՝ ամբիոնից վտարել բոլոր նրանց, ում ելույթների բովանդակությունը, տոնը չի համապատասխանում հավաքված զանգվածի ակնկալիքներին: Մարդիկ քաղաքականությունը և առաջնորդումը շփոթել են պոպուլիզմի և ամբոխավարության հետ: Նրանց թվում է, թե լավ լիդերը նա է, որ նայում է զանգվածի դեմքին և նրա հետ ժպտում, նրա հետ գոռում, նրա հետ ընկճվում, արտասանում միայն նրա սրտից բխող ֆրազներ, շարժվում նրա բնազդներով: Եվ այն, ինչ երեկ ուշ երեկոյան տեղի ուենցավ Խորենացի փողոցում, այդ կոչերի ուղղակի արգասիքն էր: Զանգվածը «ինքնակազմակերպվեց» հերթով բոլոր ելույթ ունեցողներին՝ արժանի թե անարժան, ամբիոնից ցած իջեցնելու, «ռուպորը» իրար ձեռքից խլելու, հանրահավաքի վայրը տղայական «ռազբորկեքի» տարածքի վերածելու միջոցով: Եթե այդ անգլուխ զանգվածը հանկարծ մղվեր դեպի ոստիկանությունը, և սկսվեր իսկական արյունահեղություն, ոչ այդ քաղաքագետները և ոչ էլ որևէ մեկը պատասխանատվությունն իրենց մեջ չէին փնտրելու: Նրանք շարունակելու էին վանկարկել, թե իշխանությունն այլընտրանք չի թողել:
Ասում են՝ մեղավորը իշխանությունն է, որ ամայացրել է քաղաքական դաշտը, կործանել հավատը կուսակցությունների հանդեպ: Դա եղել է իշխանության ինքնապահպանության հիմնական տակտիկական մեխանիզմներից մեկը: Բայց հարց է առաջանում. Իսկ ի՞նչ է անում «ինքնակազմակերպվող», լյումպենի վերածվող զանգվածը` դա թույլ չտալու համար: Կանխակալ դատապարտելով ցանկացած քիչ թե շատ առողջ կամ առողջ թվացող նախաձեռնողականություն, երկարաժամկետ հեռանկարի վրա հիմնված ծրագրային մոտեցում, գաղափարական և ծրագրային մտքի արտահայտումն ընկալելով որպես դավադրություն, գնահատել չկարողանալու, երևույթները տևականության մեջ դիտարկելու փոխարեն «հիմա, հիմա»-ի նեղ կաղապարի սահմաններից դուրս չգալու իր մակերեսային մտածողությամբ: Այն, որ իշխանությունն ամայացնում է այլընտրանքի դաշտը, արդարացնո՞ւմ է արդյոք նաև հանրության կողմից այդ դաշտի ամայացումը: Ի վերջո հենց նմանատիպ գործընթացների ժամանակ է ծնվում առաջնորդը, հենց այսպիսի իրավիճակներում է պարզ դառնում՝ ով ու ինչ չափով ունի քաղաքականություն վարելու, սկզբունքային լինելու և ի վերջո տարերային հեղեղը գետի վերածելով դեպի արդյունք բերող «ջրաղացի» պտտեցմանն ուղղորդելու կարողությունը: Եթե հանրությունը դա թույլ չի տալիս, ինչո՞ւ է նեղանում իշխանություններից: Հանրություն, որը գիտի տալ ինքնազոհողության, սխրանքի, «դուխ»-ի փայլուն, անկրկնելի օրինակներ, որոնք ուղղակի վերածվում են անարդյունք դոնքիշոտության միայն այս համատարած ատելության, փոխադարձ կույր անվստահության, միայն ներկայով ապրելու ենթագիտակցական մղումներին գերի մնալու պատճառով:
Իսկապես, զանգվածից հասարակության վերածվելու ժամանակն է:
Գևորգ Դարբինյան