Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի զինված տղաները երկու օրվա ընթացքում ոստիկանությանը պատկանող 3 ավտոմեքենա են այրել ու ըստ ամենայնի՝ պատրաստվում են նույնկերպ շարունակել: Թե նրանք, և թե Խորենացի փողոցում հավաքված նրանց համախոհ հանրույթն այս քայլն արդարացնում են երկու հիմնական փաստարկով: Առաջին՝ որ դա բողոքի դրսևորում է՝ իշխանության կողմից իրենց սննդից, էլեկտրաէներգիայից, բուժօգնությունից զրկելու որոշման դեմ: Երկրորդ՝ որ այդ կերպ վարվելու բարոյական իրավունքը նրանց տվել է իշխանությունը, որը տարիներ շարունակ յուրացրել, մսխել, փոշիացել է պետական միջոցները, սեփականությունը:
Զուտ հումանիզմի տեսանկյունից բերված առաջին փաստարկը միանգամայն հասկանալի է: Առավելևս այն մարդկանց համար, ովքեր ճիշտ են համարում ՊՊԾ-ն գրավելու խմբի անդամների քայլը, դրանում հանցագործության որևէ տարր չեն տեսնում և այդ տղաների արարքն ընդունելով որպես հերոսություն՝ նրանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում դիտարկում են որպես թշնամություն ինչպես նրանց, այնպես էլ իրենց հանդեպ: Եվ սա ձևավորում է մի մոտեցում, ըստ որի եթե այդ մարդիկ ազգի նվիրյալներ են, ապա պետությունը պարտավոր է հոգալ նրանց բոլոր կարիքները և բավարարել նրանց հիմնական կենսական պահանջները: Ավելին. նրանք համարում են, որ «ծռերը», ազատ արձակելով պատանդ ոստիկաններին, վաստակել են այդ կարիքների բավարարման իրավունքը:
Ամեն ինչ թվում է տրամաբանական: Ողջ հարցը հետևյալն է, սակայն. արդյո՞ք երբ նրանք իրականացնում էին հարձակումը ոստիկանության զորամասի վրա, ելել են այն կանխավարկածից, որ ոստիկանությունը կամ իշխանությունը դրանից հետո պետք է բավարարեն իրենց ցանկացած կենցաղային պահանջ: Նրանք շատ լավ գիտեին՝ ինչի են գնում, շատ լավ գիտեին այն հետևանքները, որոնք թողնելու էր իրենց որոշումը և շատ լավ գիտեին, որ կրելու են զրկանքներ, առավելևս, երբ հայտնի չէ՝ գործընթացն ինչքան կձգվի: Ուղղակի անտրամաբանական է գործողության դիմել որևէ ուժի, տվյալ դեպքում՝ իշխանության դեմ, հետո ակնկալել, որ վերջինս իրենց համար գրավված տարածքը դարձնելու է հյուրանոց: Նման բան չի լինում ընդհանրապես, ոչ մի երկրում: Առավելևս այն դեպքում, երբ հարձակում իրականացրած կողմը հայտարարում է, թե որևէ փոխզիջում իր համար չկա և զենքը վայր չի դնելու, մինչև չկատարվեն իր բոլոր պահանջները:
Այն հիմնավորումը, թե հացից, էլէներգիայից, կապից ու բուժօգնությունից զրկելով՝ իշխանությունը խախտել է պատանդներին հանձնելու հետ կապված պայմանավորվածությունները, թվում են ոչ այնքան համոզիչ: Գուցե պատանդներին հանձնելու ժամանակ կողմերն ունեցել են դրա հետ կապված չբարձրաձայնված պայմանավորվածություններ: Բայց հուլիսի 22-ին, երբ խումբը նրանց ազատ արձակեց, թե նրանք և թե իշխանությունը հայտարարում էին, որ պայմանավորվածությունը վերաբերել է պատանդներին արձակելու դիմած ՊՊԾ-ին հարող տարածքում այսպես կոչված մամուլի կետ ունենալուն: Հետևաբար, եթե անգամ պայմանավորվածություններ խախտվել են, ապա դրանք կարող էին լինել միայն այս մասով: Եթե ոչ, ապա կողմերն ակնհայտորեն պարզաբանումներ տալու խնդիր ունեն: Մյուս կողմից՝ առ այսօր խմբի անդամները հայտարարում էին, թե պատանդների ազատ արձակումն իրենց բարի կամքի դրսևորումն էր, քանի որ իրականում իրենք երբեք պատանդ պահելու անհրաժեշտություն չեն ունեցել: Անկախ ամեն ինչց՝ այդ վեհանձն քայլը նրանց կողմից արժանի է հարգանքի: Բայց հիմա, երբ այդ զրկանքները կրելիս անընդհատ շահարկվում է պատանդներին բաց թողնելու մարդասիրության մասին, կարելի՞ է ենթադրել, որ դա բոլորովին էլ բարի կամքի դրսևորում չէր, այլ պրագմատիկ «փոխանակություն»: Երևի այս մասով ևս պարզաբանումների կարիք կա: Բայցևայնպես, սննդի, էլէներիգիայի, բուժօգնության, կապի վերականգնման խնդիրը գտնվում է բացառապես իշխանության ցանկության, հումանիզմի և պրագմատիզմի, այլ ոչ թե պարտավորությունների տիրույթում: Եվ պետք է հուսալ, որ վերջինս հենց դրանով էլ կառաջնորդվի՝ իրավիճակն ավելի չսրելու համար, որի նախադրյալներն արդեն ստեղծվում են: Այսօր առավոտյան ոստիկանական պատնեշը ավտոմեքենայով ճեղքելով խմբին սնունդ հասցնելու և նրանց միանալու՝ քաղաքացիներից մեկի ձեռնարկը չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում: Այն հնարավոր է դարձնում նման նոր ձեռնարկները՝ ոչ միայն որպես սննդի հարցը լուծելու, այլ նաև խմբի շարքերը համալրելու, զինված մարդկանց քանակն ավելացնելու միջոց դարձնելու, դրանով նաև խաղաղ քաղաքացիների կյանքի համար սպառնալիք ստեղծելու իմաստով:
Գնդի տարածքում գտնվող ավտոմեքենաները վառելու արդարացման երկրորդ փաստարկը, սակայն, բնույթով շատ ավելի տխուր ու հուսահատեցնող է: Մինչև հիմա թվում էր, թե այս հանդուգն քայլը «Սասնա ծռեր»-ը ձեռնարկել են երկրում տիրող հոռի բարքերը, հանցավոր երևույթները, այդ թվում նաև՝ պետական միջոցների, սեփականության վատումը կանխելու և նոր, լուսավոր, պատախանատու և հաշվետու իշխանություն ձևավորելու ազնիվ մղուներից ելնելով: Բայց պետության գույքի ոչնչացումն արդյո՞ք դրան հասնելու ամենալավ միջոցն է: Արդյո՞ք դա է այն իդեալը, որի համար սկսվել է այս ամենը: Եթե խմբի թիրախը լիներ իշխանության ներկայացուցիչների սեփականությունը հանդիսացող գույքը, շատերի պարագայում՝ պետական միջոցների յուրացման գնով ձեռք բերված շքեղ ավտոմեքենաները, գուցե կարելի էր հասկանալ: Բայց պետասկան սեփականության ոչնչացմամբ խմբի անդամներն իսկապես հաստատում են, որ պետական գույքը Հայաստանում ամենաանպաշտպանն է: Դրանով նրանք լեգիտիմացնում են այն, ինչի դեմ սկզբունքորեն դուրս են եկել նման հուսահատ, ծայրահեղ միջոցի դիմելով: Չի կարելի ու տրամաբանական չէ երկրում հաստատված ախտերի դեմ պայքարել նույն այդ ախտերի միջոցով: Արդյոք այսպիսի մոտեցումից կարելի՞ է եզրակացնել, որ եթե պետությանը պատկանող ավտոմեքենաների ոչնչացումը նորմալ է, ապա նորմալ է լինելու նաև ընտրությունների կեղծումը կամ՝ մեր վճարած հարկերով սրանից ավելի դաժան ոստիկանություն ունենալը: Եթե այսքան հեշտ ու հանգիստ և հասարակական «ադաբրյամսի» պայմաններում պետության գույքի ոչնչացումը համարվում է նորմալ և օրինաչափ, ապա պետք է գոնե խոստովանել, որ խնդիրը բացարձակապես ախտերի և դրանք ծնող պատճառների վերացումը չէ, այլ իշխանության պարզ փոխատեղումը, անցանկալիներին ցանկալիներով փոխարինելը՝ առանց արժեքային, մտածողության, մենթալային ու քաղաքակրթական խորքային փոփոխություների: Ուրեմն պետք է նաև խոստովանել, որ այն իշխանությունը, որը գալու է «Նոր Հայաստանը» կերտելու, բոլորովին էլ նախորդից կամ այսօրվանից լավը չի լինելու, և որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը հանդիսացող պետական մտածողության ճգնաժամը «Նոր Հայաստանում» ողբերգականորեն ակտուալ է լինելու նույնքան, որքան հիմա: Այն քաղաքացիները, ովքեր Խորենացու փողոց են դուրս գալիս ամեն օր, ձեզ աջակցում են հենց ավելի լավ վաղվա օրվա հույսով ու հավատով: Մի՛ այրեք այդ հույսն ու հավատը, տղե՛րք:
Գևորգ Դարբինյան