կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 15:45
Առանց Կատեգորիա

Վերին Լարսը փակ է եւ «հղի»

Վերին Լարսը փակ է եւ «հղի»

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վերին Լարս անցակետը, որով Վրաստանից մտնում ես Ռուսաստան, այսօր աշխատելու է հատուկ գրաֆիկով. բաց է առավոտյան 05:30-ից եւ փակվելու է երեկոյան 19:00-ին: Հաղորդագրության մեջ նշված է, որ անցակետը փակվելու է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Վերին Լարսը հատկանշական է, ոչ թե այն պատճառով, որ այդ անցակետով հնարավոր է Վրաստանից մտնել Ռուսաստան, այլ քանի որ դա միակ ցամաքային ճանապարհն է, որով հնարավոր է Հայաստանից մտնել դարավոր ռազմավարական դաշնակից, բարեկամ, եղբայր Ռուսաստան: Այսինքն, ըստ Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության՝ հայ-ռուսական ցամաքային կապը փակվելու է այսօր երեկոյան ժամը 19-ից, քանի որ այդ կապը այդ ժամից հետո հղի է անվտանգության խնդիրներով: Լուրջ հղի է:

Անշուշտ չի կարելի կասկածել, որ Վերին Լարսն իրոք վտանգավոր ճանապարհ է, այն էլ գիշերային ժամերին, բայց, ո՞րն է ավելի վտանգավոր հայ-ռուսական եղբայրության համար, Վերին Լարսը գիշերն անցնե՞լը, թե՞ միայն Վերին Լարսի հույսին մնալը: Լավ, հնարավոր չէ՞ր այսքան տարիների ընթացքում, մանավանդ հիմք ընդունելով եւ հաշվի առնելով ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը՝ մեկ այլ, այլընտրանքային ճանապարհ ստեղծել, որով Հայաստանը կկապվեր Ռուսաստանին: Փաստորեն հնարավոր չէր, կամ գուցե հնարավոր էր, պարզապես մարդիկ ալարել են, ընդ որում եւ ռուս մարդիկ եւ հայ մարդիկ: Խոսքն ամենեւին էլ աբխազական՝ ես կասեի քաղաքական երկաթգծի վերաշահագործման մասին չէ, խոսքը նոր ավտոճանապարհի, նոր անցակետի մասին է, որը Հայաստանը կկապի Ռուսաստանին եւ դա կանի գիշեր-ցերեկ: Համաձայնեք, եթե անգամ այդ ճանապարհն ավելի երկար լինի, քան Վերին Լարսինը, ապա հաստատ կաշխատի, քանի որ Վերին Լարսն, ինչպես տեսնում ենք, միշտ չէ, որ աշխատում է:

Փաստորեն, եթե բարեկամներն իրար տուն գնում են միայն գրաֆիկով, ու կան ժամեր, երբ միմյանց տուն գնալն անհնարին է, ուրեմն դա բարեկամություն չէ: Այլ կերպ ասած, Վերին Լարսը հայ-ռուսական բարեկամության պատկերն է, երբեմն աշխատում է, երբեմն՝ ոչ, իսկ քանի որ այդպես է, ուրեմն չի աշխատում եւ միշտ հղի է վտանգներով: Լուրջ հղի է:

Երբ Լարսի անցակետը փակվում է՝ հետաձգվում է այն սհաթը, երբ ռուսի ոտը մտնում է հայի հողը, ռուսի ոտը եւ ռուսի զենքը, ռուսի զենքը եւ ռուսի ապրանքը:

Բայց այս պատմությունը մի լավ կողմ ունի, որքան փակ է Վերին Լարս՝ Հայաստան-Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհը, այնքան Հայաստանում կմնան Ռուսաստան մեկնող, բայց ինքնաթիռի փող չունեցող խոպանչիները: Ու քանի որ նրանք առանց աշխատանքի մնալ չեն կարող կսկսեն այստեղ փնտրել այդ աշխատանքը, գուցե եւ գտնեն եւ խոպանչուց սահուն անցում կատարեն քաղաքացու ու հաջորդ տարի գնան Ռուսաստան, օրինակ Պետերբուրգ, ոչ թե աշխատելու համար, այլ որպեսզի հիանան, թե ինչպես են բաժանվում պիտերյան կամուրջները: Հիանան եւ հետ գան, ոչ Վերին Լարսով…

Հովիկ Աֆյան