կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 17:31
Տարածաշրջան

Հա´մ հոսանքի գինը բարձրացրեցին, հա´մ էլ վա՞րկ են վերցնում այդ էներգահամակարգի պարտքը մարելու համար

Հա´մ հոսանքի գինը բարձրացրեցին, հա´մ էլ վա՞րկ են վերցնում այդ էներգահամակարգի պարտքը մարելու համար

ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված` «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման վրա լուրջ ազդեցություններ են թողել մի շարք գործոններ, մասնավորապես` համակարգի ընկերությունների գործունեության հետ չկապված ծախսերի կրումը և փոխառությունների տրամադրումը, սակագների հիմքում դրված ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները և դրա արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից արտադրող կայաններին թերվճարումները: Սկսած 2014-ից Հայաստանի կառավարությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք միտված են էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանը: Այս համաձայնագրով` ֆինանսական առողջացման ծրագիրը կայունացման ազդեցություն կունենա էներգահամակարգի ընկերությունների` «Հրազդան» ՋԷԿ-ի և ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի վրա, կնպաստի էլեկտրաէներգիայի երկարաժամկետ հուսալի ապահովմանը: Վարկը տրամադրվում է Երևանի ատոմակայանին ու «Երևան» ՋԷԿ-ին` համապատասխանաբար, 8,5 միլիոն ու 21,5 միլիոն դոլար: Ստացվող միջոցներով վերջիններս մարելու են առևտրային բանկերից ներգրավված` բարձր տոկոսադրույքներով վարկերը, իսկ «Երևան» ՋԷԿ-ը կմարի «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած` բնական գազի դիմաց իր պարտքերը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խնդրեց հստակեցնել, թե, մասնավորապես, ում համար են վերցնում այդ վարկը, եթե` պետական ընկերությունների համար, ապա հնարավո՞ր է ապագայում այդ ընկերությունները մասնավորեցվեն, բայց պետությունը շարունակի մարել այդ վարկը:

Արեգ Գալստյանը պատասխանեց, որ վարկային միջոցները ուղղվելու են միայն երկու պետական ընկերությունների` Հայաստանի ատոմակայանին ու «Երևան» ՋԷԿ-ին, որոնք պետք է մարեն բարձր տոկոսով վերցրած վարկերը և երկարաժամկետ ընթացքում այդ գումարները վերադարձնեն Համաշխարհային բանկին` 2030-ից սկսած` 10 տարվա ընթացքում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում եղավ մի քանի անգամ, որը բացատրվում էր ամեն անգամ նույն կերպ` ճեղքվածք, թերվճարում, պարտքերի մարում և այլն:

«Հոսանքի գինը երբ բարձրացվում էր, նրա համար էր, որ  ՀԷՑ-ը կարողանար փակել ՋԷԿ-երին ու մյուս արտադրողներին ունեցած պարտքերը: Հիմա հա'մ գներն ենք բարձրացրել, հա'մ էլ նորից  վա՞րկ ենք վերցնում»,- հարցրեց պատգամավորը: Փաշինյանը կրկին խնդրեց հստակեցրել` ինչպե՞ս եղավ, որ, հոսանքի գինը երեք տարի անընդմեջ բարձրացնելով, չփակվեցին այդ պարտքերը, հիմա նորից վարկ են վերցնում` 30 միլիոն դոլար, այդ պարտքը փակելու համար: Նա հարցրեց նաև, թե այդ ի՞նչ վարկեր են վերցրել էներգահամակարգի ընկերությունները, որը նշված է` որպես գործունեության հետ չկապված վարկեր:

Արեգ Գալստյանը պատասխանեց, որ երկար տարիների ընթացքում երկու պետական ընկերություններին` ատոմակայանին ու «Երևան» ՋԷԿ-ին առաջարկվել է կատարել իրենց գործունեության հետ չկապված գործողություններ, այն է` փոխառություններ «Նաիրիտ» գործարանին, որ վճարվեն աշխատակիցների աշխատավարձերը: Եվ տարիների ընթացքում կուտակվել են մեծ դեբիտորական պարտքեր, որոնց վերադարձը կարող է կատարվել միայն ու միայն այս ձևով, այսինքն` փորձ է արվում թանկ փողերը վերակառուցել էժան փողերով, որ այդ ընկերությունները կարողանան բնականոն աշխատել:

Փոխնախարարի խոսքով` օբյեկտիվ պատճառներով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, այն է` ատոմակայանը որոշ ժամանակ չաշխատեց, սակավաջուր տարիներ եղան, բաշխիչ ցանցը հայտնվեց վատ վիճակում` վատ մենեջմենտի պատճառով և այլն: Այդ ամենը հանգեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: