Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում հարկային նոր օրենսգիրքն ակտիվորեն է քննարկվում, այնքան ակտիվորեն, որ որոշ ընտրատարածքների ընտրողներ վերջապես տեսան իրենց պատգամավորներին, երեւան եկան որոշ գործարարների շահերի պաշտպան պատգամավորներ՝ «հարկերն ուզում են բարձրացնել, բա մեղք չի՞ էս ժողովուրդը» տրամաբանությամբ: Իմ կարծիքով` մեղք չէ, ժողովուրդը երբեք մեղք չէ, երբ ժողովուրդը դարձավ մեղք, այդ ժողովրդի պետությունը կարելի է փակել, բանալին նետել օվկիանոսը: Ուրեմն ինչո՞ւ են ասում, թե ժողովուրդը մեղք է, որովհետեւ ցանկանում են, որ ժողովուրդն իրենց պաշտպանի, քանի որ վստահ են, որ ժողովուրդը պաշտպանում է նրան, ով իր անունից խոսում է, իր ցավերի մասին բարձրաձայնում է, իր հոգսերի մասին հիշեցնում է: Պարադոքս է, բայց փաստ` ժողովրդին ասում են` խեղճ, որպեսզի այդ խեղճ ժողովուրդը նրանց պաշտպանի:
Իսկ ինչի՞ց են վախենում: Գաղտնիքը հենց այստեղ է: Նրանք վախենալու բան ունեն` վախենում են բարձր հարկերից եւ նոր հարկերից, մանավանդ, երբ երկրում դրությունն այնպիսին է, որ ով հարկ չվճարեց, դավաճան է: Նրանք այդ դրությունից չեն վախենում, ոչ էլ` դավաճան լինելուց, վախենում են հարկ վճարելուց: Սա նորմա՞լ է, ե'ւ այո, ե'ւ ոչ: Այո` որովհետեւ ցանկացած բիզնեսմեն ցանկացած երկրում վախենում է հարկերից կամ ձգտում է հնարավորինս քիչ հարկ վճարել: Ոչ` որովհետեւ ոչ մի բիզնեսմեն այս օրերին կարծես ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա չարեց, որպեսզի դեմ արտահայտվի հարկային նոր օրենսգրքին, եւ գիտե՞ք` ինչու, որովհետեւ բիզնեսմենները ԱԺ-ի դիմաց չեն կարող հավաքվել, նրանց մեծ մասը ԱԺ-ի ներսում է աշխատում` որպես պատգամավոր: Աննորմալը սա է: Սրանից էլ` ակտիվությունը, բա սրբության սրբոցին են կպել, հարկերն են բարձրացնում, բա մեղք չի՞ էս ժողովուրդը:
Չէ, տղե'րք, ժողովուրդը մեղք չի լինում երբեք, համենայն դեպս` այս ժողովուրդը: Մեղքը դուք եք, որովհետեւ վախենում եք, վախենում եք, որովհետեւ երբ գողանալը սովորություն է դառնում, դրա հնարավորությունից զրկվելու վտանգը վախ է: Անշուշտ, հարկային նոր օրենսգրքով բոլորը մի մարդու պես հարկ չեն վճարելու, որովհետեւ եթե բոլորը մի մարդու պես հարկ վճարեին, դա կանեին հին օրենսգրքով էլ, առանց օրենսգրքի էլ: Բայց սա արդեն ձեր խնդիրը չէ, տղե'րք, հաջորդ խորհրդարանական ընտրություններում, երբ ժողովուրդը գնա ընտրության, իսկ խեղճ ժողովուրդը ընտրության հնարավորություն չի ունենում, ինքը կպատասխանի այս պատմության ամենակարեւոր հարցին, թե ո՞վ է մեղքը` նրանք, ովքեր աշխատում են ԱԺ-ո՞ւմ, թե՞ նրանք, որոնց «խեղճ» են անվանում ԱԺ-ում աշխատողները:
Հաջորդ ընտրություններն այս արժեքն ունեն, ամեն հաջորդ ընտրություն այս արժեքն ունի, ոչ թե` 5 հազար դրամ:
Հովիկ Աֆյան