Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է բեմադրել` «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 7-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, իսկ հունիսի 11-ին այն կրկին կներկայացվի հանդիսատեսին:
Yerkir.am-ի հետ զրույցում Դուրյանը նշեց, որ ներկայացումը աշխարհում ամենաշատ խաղացած պիեսներից է, որը բեմադրվել է 50-ից ավելի երկրներում:
Հեղինակը տեսել է Նարեկ Դուրյանի ներկայացումները և ցանկություն հայտնել, որ պիեսը բեմադրի նաև Դուրյանը:
«Պիեսը ֆրանսիական է, սակայն ես այն մի փոքր փոփոխել եմ` տեղայնացրել: Պիեսում գլխավոր դերակատարները զույգեր են: Ամուսնուն ես «դարձրեցի» երևանցի, իսկ կնոջը` ֆրանսահայ: Ներկայացումը կին-տղամարդ հարաբերությունների մասին է` այն, ինչ տեսնում ենք մեր շուրջը: Ներկայացումը պատրաստ է, բայց իմ ներկայացումներն ամեն անգամ փոփոխվում են, և դա նորմալ է` հանդիսատեսի կարծիքը չես կարող հաշվի չառնել»,- ասաց Դուրյանը:
Ներկայացման մեջ կան նաև որոշ «բաց տեսարաններ», և այդ իսկ պատճառով այն 16+ են դարձրել:
Հարցին, թե իր ներկայացումները միշտ ինքնակենսագրական բնույթ են կրում, արդյո՞ք այս ներկայացման մեջ էլ կան ինքնակենսագրական տարրեր, Դուրյանը պատասխանեց, թե` ոչ, այս անգամ` ոչ: «Ներկայացումը զուտ պիեսի հիման վրա է բեմադրվել` ինչ-ինչ բաներ փոփոխվելով»,- ասաց նա:
Ներկայացման մեջ խաղում են Նարեկ Դուրյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գալստյանը, Տաթև Միրումյանը, Զավեն Աբրահամյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Գոհար Կարապետյանը: