կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 16:03
Մշակույթ

Մեկ տղամարդ և երեք կին. սիրային քառանկյունուց գլուխ կհանի՞ տղամարդը

Մեկ տղամարդ և երեք կին. սիրային քառանկյունուց գլուխ կհանի՞ տղամարդը

Մեկ տղամարդ և երեք կին, արդյունքում` սիրային քառանկյունի, որից հաղթող է դուրս գալիս միայնակ մնացած տղամարդը, սակայն, դժվար է ասել` որքանով էր հաղթանակը հաղթանակ:

 

Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ /Ֆելիքս Խաչատրյան, Լյուբա Սահակյան, Գլորիա Գևորգյան, Սնեժանա Յակուբովա/: Բեմադրության հեղինակը Հակոբ Ղազանչյանն էր: Սա արդեն վերոհիշյալ պիեսի երրորդ բեմականացումն էր:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հակոբ Ղազանչյանը նշեց, որ առաջին անգամ պիեսը բեմադրվել է Հայաստանում, որից հետո արդեն` Բուլղարիայում: Նա խոստովանեց` ամենից առավել իրեն դուր է եկել առաջին բեմադրությունը, թեեւ բեմադրություններից ոչ մեկը նման չէ մյուսին:

 

«Իսկ այս` վերջին բեմադրությունը, սկզբունքորեն տարբեր է մյուսներից, նույնիսկ երկրորդ հատվածը լրիվ այլ կերպ է մատուցված: Սա առաջին դեպքը չէ, որ նույն ներկայացումը բեմադրում եմ և՛ այստեղ, և՛ դրսում, սակայն ես, կրկին բեմադրելով ներկայացումը, աշխատել եմ զարգացնել և շարունակել այն, որ նախորդի պատճենը չլինի: Մյուս կողմից էլ, ուզես-չուզես, նույնը չի էլ կարող լինել` նոր դերասաններ, նոր հոգեբանություն ու միջավայր»,- ասաց Ղազանչյանը:

 

Նա նշեց նաև, որ Կարինե Խոդիկյանի պիեսը շատ է հավանում, և, իր կարծիքով, շատ ճիշտ է վերլուծված տղամարդու հոգեբանությունը: Ղազանչյանի հավաստմամբ` տղամարդն իրականում այնպիսին է, ինչպիսին ներկայացված է պիեսում:

 

«Մի դեպքում տղամարդն իրեն զսպում է և ամբողջ կյանքում փորձում բարեկիրթ մարդու տպավորություն թողնել, մյուս դեպքում` չի կարողանում զսպել և տրվում է իր ցանկություններին: Սա տղամարդու հոգեբանությունն է, տեսակը: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ բավական ճիշտ էին տղամարդուն վերլուծում ու բնութագրում կանայք, այնպիսի տպավորություն է, որ նրանք դիսերտացիա են պաշտպանում` տղամարդու հոգեբանությունը բացահայտելու համար: Գիտե՞ք` գալիս է մի տարիք, երբ տղամարդը սկսում է անհանգստանալ` ինքը կորցրե՞լ է սիրելու ունակությունը, թե՞ ոչ, ինչը հիանալիորեն էր ներկայացված պիեսում: Կարծում եմ, որ Խոդիկյանը բավական լուրջ աշխատանք է կատարել»,- ասաց Ղազանչյանը:

 

Նա նշեց նաև, որ դերասանների առջև խնդիր էր դրված` իրավիճակը ներկայացնել հեգնանքով, որ պիեսը դրամայի չվերածվի, քանի որ դրամայի վերածվելու դեպքում, այն կէժանանար: Ինչ վերաբերում է կանանց` մշտապես լարված վիճակին, Ղազանչյանը նշեց, որ դա բնական էր, քանի որ կինն ունի մի հատկություն, որը տղամարդը չունի` կինը չի սիրում պարտվել, և այս պարագայում` պարտության շեմին, կանանցից յուրաքանչյուրը փորձում է պարանն իր կողմը ձգել:

 

Ի դեպ, ներկայացումը կցուցադրվի նաև Թբիլիսիում, Վանաձորում և Գյումրիում: