կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 20:03
Արցախ

Ադրբեջանը պատրաստ չէ ռազմական երկարատեւ, հյուծող գործողությունների. ԼՂՀ ԱԺ նախագահ

Ադրբեջանը պատրաստ չէ ռազմական երկարատեւ, հյուծող գործողությունների. ԼՂՀ ԱԺ նախագահ

Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար, սահմանի մյուս կողմում դժվար են դա հասկանում. Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ըստ նրա` 2014 թվականի ամառվանից է Ադրբեջանը իրավիճակը սրել և հասցրել այս ապրիլի ռազմական ակտիվ գործողություններին։ Ռազմական ճանապարհը Ադրբեջանի պատկերացումն է, հարցի լուծման` Ադրբեջանի մոդելը, բայց միջազգային կառույցների դիրքորոշումը, ԼՂՀ ԱԺ նախագահի կածիքով, գոնե այս մասով պետք է լինի սկզբունքային և վերջնական, չէ՞ որ նրանք են հայտարարում, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով։ Ավելին` տարբեր առիթներով շեշտում են, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհ չի կարող լինել, և պատերազմը բացառվում է։

«Այս  պահին մենք լսում ենք այդ նույն հայտարարությունները և տեսնում դրանց կյանքի կոչման համար իրականացվող գործնական քայլերի պակաս, ինչը բերել է հենց այնպիսի իրավիճակի, որ Ադրբեջանը գուցեեւ ճիշտ չի՞ հասկացել այդ ուղերձները։ Ինձ թվում է, որ ճանապարհը մեկն է՝ Ադրբեջանը վաղ, թե ուշ վերադառնալու է այն ուղուն, որը միայն ու միայն կարող է ենթադրել հիմնախնդրի խաղաղ լուծում, որովհետև բոլոր մյուս ճանապարհները շատ անկանխատեսելի են և առաջին հերթին` Ադրբեջանի համար: Ինչքանո՞վ ենք մենք պատրաստ երկարատև պայքարի։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք էլ, ուղղակի մեզ համար ցանկալի չէ, որ գործընթացը գնա տևական, հյուծող ռազմական գործողությունների ճանապարհով։ Ադրբեջանը նույնպես պատրաստ չէ երկարատև այդպիսի գործողություններով հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն, դա նույնպես շատ ակնհայտ երևում է, որովհետև ապրիլի առաջին օրերի գործողությունների ամբողջ իմաստն այն էր, որ բլից կրիգով Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը լիներ, ինչը միանշանակ չի ստացվել: Ադրբեջանը շոկային իրավիճակում է հիմա, եւ անկախ նրանից՝ այսօր ինչ է ասվում լրատվամիջոցներով, կարծում եմ՝ նրանք շատ լուրջ որոնումների մեջ են՝ ինչպես անել հետագայում, ինչպես գտնել այն եզրերը, որ նրանց վերադարձվի միջազգային կառույցների համար ընկալելի գործընկերոջ կարգավիճակ»,- ասաց Ղուլյանը:

Խոսելով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանն ուղղված վերջին գործընթացների մասին`  ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ մենք մի քանի անգամ բաց ենք թողել Ղարաբաղը ճանաչելու` ավելի պատեհ առիթներ։

«Դա եղել է և 1994 թվականին ՝ պատերազմից անմիջապես հետո, այնուհետև էլի են եղել այդպիսի ժամանակահատվածներ, երբ Ադրբեջանը տվել է նման հնարավորություններ։ Շատ դժվար է ասել, թե այս պահին որքանով է դա համարժեք ստեղծված իրավիճակին։ Ես խորապես համոզված եմ, որ այս իրադարձություններից հետո Հայաստանում և Արցախում չի կարող գտնվել մեկը, ով դեմ պիտի լինի ԼՂՀ անկախության ճանաչմանը, բայց պետք է շատ ճիշտ վերլուծություն կատարվի, թե ի՞նչ է դա մեզ տալու այս պահին և ինչպիսի՞ շարունակություն կարող է ունենալ ապագայում։ Եթե այդ ճանաչումը հանգեցնելու է տարբեր երկրների կողմից էստաֆետը միանգամից վերցնելուն, կարծում եմ, որ դա լավագույն տարբերակն է, բայց ես կասկածում եմ, որ այդպես կլինի, որովհետև, դժբախտաբար, այս վերջին տարիներին մեր պատկերացրած լուծումների այդ մոդելը մինչև վերջ չի ընկալվել։ Բայց մյուս կողմից էլ այս օրերին եվրոպական մի շարք կառույցներում տարբեր երկրների ներկայացուցիչներ սկսել են բարձրաձայնել ԼՂՀ ճանաչման նպատակահարմարության մասին։ Սրանք արդեն բավարար նախադրյալներ են, որպեսզի մենք աշխատենք ավելի մեծ հարթակում դրանք ընդունելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ մենք մի քիչ ժամանակ ունենք այս բոլոր հարցերը իրար հետ քննարկելու, պատկերացնելու նաև թե ինչպիսի՞ հնարավորություններ են բացվում այդ հարցը դրականորեն լուծելու կամ հետաձգելու համար, որովհետև, միանշանակ, բացասական տարբերակ չի կարող լինել։ Մենք պետք է կարողանանք գտնել այնպիսի օրենսդրական լուծում, որը հնարավորություն կտա Ղարաբաղի  ճանաչման հարցը համարյա թե ամեն օր կախված պահել օդում` բնականաբար, ակնկալելով, որ դա մեր ամենաազդեցիկ  գործիքն է այս պահին։  Վստահ եմ՝ պատահական չէ, որ այդ  գաղափարի թարմացման հետևանքով Ադրբեջանը շատ լուրջ հիստերիաների մեջ է ընկել, և կարծում եմ, որ դա անակնկալ է նաև բոլոր այն միջնորդ կառույցների համար, որոնք մինչ  այս պահը Ղարաբաղի և Հայաստանի կողմից  ձեռարկվող քայլերի մասով միշտ էլ որոշակի պատկերացումներ, կարծրատիպեր են ունեցել, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն շարունակելու են շատ քաղաքակիրթ և  միայն ու միայն ստանդարտ լուծումներ ենթադրող շրջանակների մեջ գործել»,- ասաց Ղուլյանը։

Հարցին, թե հակամարտության կարգավորման համար ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել, ի՞նչ փոխզիջման է պատրաստ Արցախը, նա պատասխանեց, որ նախորդ տարիներին այնքան շատ են խոսել փոխզիջումների մասին և հայկական կողմի պատրաստակամության մասին, «որ մի քիչ էլ գերակատարել են պլանը»:

«Այնպես որ` այս պահին, երբ իրավիճակը բոլորովին այլ բան է հուշում, խոսակցությունը զիջումների մասին ընդհանրապես պետք է բացառել հայկական իրականության մեջ։ Ես ուզում եմ բոլորին խորհուրդ տալ այս պահին տրամադրվել, որ մենք բազմաթիվ փոխզիջումներ էլ ենք արել, ինչը արժանիորեն չի ընդունվել Ադրբեջանի կողմից, և մինչև Ադրբեջանում չընկալվի մեր խոսքի արժեքը, ստեղծված իրավիճակը պետք է բոլորիս հուշի, որ այս խոսակցությունները, գոնե հիմա, ընդհանրապես պետք է հանել շրջանառությունից։ Այսօր` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի պայմաններում, մեր պատասխանը կարող է լինել միայն ու միայն մեր սահմանների անառիկության պաշտպանությունը։  Հետագայում ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանից։ Եթե նրանց համար այս ամենը դաս կլինի և հասկանան, որ, միևնույն է, իրենք պետք է համակերպվեն ԼՂՀ գոյության փաստի հետ, մեր Արցախի պետականության հետ պետք է կարողանան լեզու  գտնել, այդ իրավիճակը արդեն մեզ կհուշի, թե ինչ պետք է անենք, որպեսզի դա համարժեք լինի Ադրբեջանի ցուցաբերած պատրաստակամությանը»,- նշեց ԼՂՀ ԱԺ նախագահը։

Իսկ, ի վերջո, ե՞րբ է Արցախը լինելու բանակցային գործընթացի մաս։ Պատասխանելով այս հարցին` Աշոտ Ղուլյանն ասաց, որ այս պահին բանակցություններ, որպես այդպիսին, չկան, և ինքը չի էլ կարծում, որ ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված երեք պայմանների առկայության  պայմաններում դրանք մոտ օրերս կարող են լինել։ Բանակցային սեղանի շուրջ նստելը, նրա համոզմամբ, պետք է լինի անհրաժեշտ և ճիշտ ժամանակին։

«Դու չես կարող բանակցել, երբ գիտես, որ քո թիկունքում կրակում են,  դու չես կարող լիարժեք բանակցել, երբ գիտես, որ անընդհատ  կա նոր ագրեսիա ձեռնարկելու վտանգը, և կարծում եմ, որ պատահական չէ, որ բոլոր` մեզ հայտնի կոնֆլիկտների դեպքում առաջին կետը  ռազմական գործողությունների անվերապահ դադարեցման մասին է։ Եթե դա չկա, միամտություն կլինի ինչ-որ հեռահար ծրագրեր կազմել և մտածել՝ ի՞նչ ձևաչափ պետք է լինի, մտածել, թե ովքե՞ր պետք է  խոսեն, ինչպիսի՞ բանակցային առարկա պիտի լինի։ Բնական է, որ, ինչպես նշեցի, այնուամենայնիվ, Ադրբեջանը ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր ցուցիչ է լինելու։ Եթե Ղարաբաղի մասնակցությունը պահանջարկված լինի, և եթե նույն Ադրբեջանը լրացուցիչ խոչընդոտներ չստեղծի Ղարաբաղի մասնակցություն համար, կնշանակի, որ այդ երկրի քաղաքական ղեկավարության մոտ հիմնախնդիրը խաղաղ կարգավորման տարբերակով տանելու միտում կա։ Եթե  շարունակվի նույն ճանապարհը, որ Ղարաբաղն այս պահին  չի կարող մասնակցել, որ Ղարաբաղը պետք է ինչ-որ փուլում մասնակցի, դա կնշանակի, որ Ադրբեջանը դարձյալ շարունակում է ապակողմնորոշող քաղաքականությունը։ Մեզ համար դա ինքնանպատակ չէ։ Մենք պատրաստ ենք և սպասում ենք, թե միջնորդների կողմից ինչպիսի փոփոխություն կլինի` նախկինում թույլ տված սխալների վերանայման համար»,- ասաց Աշոտ Ղուլյանը։

 

Լուսինե Հակոբյան

Արցախ