|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը պարտավորվել է պատասխանատու կերպով ավարտել ԱՄՆ երկարաժամկետ արտերկրյա ռազմական գործողությունները՝ աջակցելով Աֆղանստանում խաղաղության հաստատման գործընթացին: Այս հայտարարությունը երեքշաբթի լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ավելի վաղ նշել էինք, որ նախագահ Բայդենը պարտավորվել է պատասխանատու կերպով դադարեցնել, այսպես կոչված, հավերժական պատերազմները: Մենք նաև նախատեսում ենք աջակցել Իսլամական Հանրապետության (Աֆղանստան) և «Թալիբան»-ի միջև ընթացող խաղաղ գործընթացին»,- ասել է դիվանագետը:
Այս կապակցությամբ նա պարզաբանել է, որ ԱՄՆ կառավարությունը դեռ ոչ մի հայտարարություն չի արել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական հետագա ներկայության մակարդակի վերաբերյալ: Այդուհանդերձ, Վաշինգտոնը սերտորեն խորհրդակցելու է այս գնահատականի շուրջ օտարերկրյա դաշնակիցների և գործընկերների հետ. հավաստիացրել է ԱՄՆ պետդեպի խոսնակը:
«Իհարկե, այս շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եվ մենք, ինչպես արդեն նշեցինք, ուշադիր ուսումնասիրում ենք ԱՄՆ–ի և «Թալիբան»-ի միջև համաձայնագրերի պարտավորությունները կատարելու կարողությունն ու պատրաստակամությունը» - շեշտել է Փրայսը և հավելել․ «Իհարկե, սերտ խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի գործընկերների և դաշնակիցների հետ այս հարցի վերաբերյալ ապագայում կլինեն այս գործընթացի առանցքային մասը։ Օսթինը (Պենտագոնի ղեկավարը) անհամբեր սպասում է դրան»։