կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 10:27
Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ին լրջորեն մտահոգում են սահմանին խաղաղ բնակչության նկատմամբ կանխամտածված բռնությունները

ԵԱՀԿ ՄԽ-ին լրջորեն մտահոգում են սահմանին խաղաղ բնակչության նկատմամբ կանխամտածված բռնությունները

ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ:

 

Համանախագահները նշել են, որ լրջորեն մտահոգված են լարվածության եւ բռնության ավելացման, այդ թվում՝ զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ բնակիչների կանխամտածված սպանությունների կապակցությամբ: 

 

Միջնորդները վճռականորեն կոչ են անում  կողմերին՝ պարտավորություն ստանձնել զոհերից խուսափելու եւ կանխամտածված բռնի գործողությունները խաղաղ բնակչության նկատմամբ մերժելու վերաբերյալ:

 

Նրանք կոչ են արել արտգործնախարարներին` թուլացնել լարվածությունը եւ պահպանել հրադադարի պայմանները:

Համանախագահները եւ արտգործնախարարները նաեւ քննարկել են երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգի հնարավոր կետերը՝ ընդգծելով այդ հանդիպման կարեւորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Կողմերը նաեւ քննարկել են հանդիպումների հնավորությունը, որոնք կարող են տեղի ունենալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:


ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն  լինի: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Ես ԵԱՀԿ ներկայացուցիչներին հիշեցրեցի, որ, չնայած գլոբալ հիմնախնդիրներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթ լինի»,- գրել է դիվանագետը: