կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-24 01:09
Սպորտ

Մեր կանոնավոր աշխատանքը տվեց իր արդյունքը. Արթուր Գևորգյան

Մեր կանոնավոր աշխատանքը տվեց իր արդյունքը. Արթուր Գևորգյան

Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած` բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճեցին oլիմպիական խաղերի 4 ուղեգիր, ինչպես նաև 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է  Թուրքիայի մրցաշարի եւ բռնցքամարտիկների oլիմպիական խաղերի նախապատրաստության մասին:

-Պարո'ն Գևորգյան, հայ բռնցքամարտիկները Թուրքիայի մրցաշարում օլիմպիական խաղերի 4 ուղեգիր նվաճեցին: Արդյո՞ք սպասում էիք նման արդյունք:

-Բազմիցս ասել եմ, որ հավաքականի ցանկացած անդամ, ում մենք վստահում ենք, եւ ով մասնակցում է մրցաշարերի, բոլորն էլ ունակ են մեծ արդյունքներ ցույց տալու: Ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք` ապացուցվեց, եւ մեր կանոնավոր աշխատանքը տվեց իր արդյունքը: Շատ եմ ափսոսում, որ մեր ամենաարժանի մարզիկներից մեկը` Հովհաննես Բաչկովը, չկարողացավ օլիմպիական ուղեգիր ձեռք բերել: Եթե լավ հիշում եք Բաչկովը և' Եվրոպայի, և' աշխարհի առաջնություններում սկզբնական փուլերը հաջողությամբ հաղթահարել է և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել մեդալ նվաճել: Ցավոք, մեր վերջին հնարավորությունը չենք կարող օգտագործել, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում: Ունենք մեկ հնարավորություն աղջիկներից: Անուշ Գրիգորյանը կփորձի Աստանայում նվաճել օլիմպիական ուղեգիր:

-Մինչ օլիմպիական խաղերը դեռ 3 ամսից մի փոքր ավելի ժամանակ կա: Մինչ այդ ի՞նչ նախապատրաստություն են անցնելու բռնցքամարտիկները:

-Նախապատրաստման մի քանի տարբերակներ ունենք: Մի քանի առաջարկներ եմ արել գլխավոր մարզչին: Մենք ունենք տարբերակ` բռնցքամարտի օլիմպիական թիմով նախապատրաստվել ԱՄՆ-ում: Հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգներն ու օլիմպիական խաղերի մրցավայրը գտնվում են նույն ժամային գոտում, և գրեթե նույն կլիմակայան պայմաններն են, այդ պատճառով ԱՄՆ-ում շատ հարմար կլիներ նախապատրաստվելը: Տարբերակներից մյուսը ասիական երկրների հետ համատեղ հավաք անցկացնելն է: Ընտրությունն ամեն դեպքում գլխավոր մարզչինն է, քանի որ թե' լավ, թե' վատ արդյունքի համար պատասխանատվությունը կրելու է գլխավոր մարզիչը, այդ պատճառով այդ հարցում նա ազատ է իր ընտրության մեջ, եւ կարծես թե գլխավոր մարզիչը հակված է ասիական հավաքականների հետ համատեղ հավաք անցկացնելուն:

-Բռնցքամարտիկների համար վարկանիշային վերջին մրցաշարը տեղի է ունենալու Բաքվում: Արդյո՞ք կմասնակցեն մյուս քաշային կարգի բռնցքամարտիկները Բաքվում կայանալիք մրցաշարին: 

-Եթե Թուրքիայի հետ կապված մենք ունեինք մտավախություններ, զգուշանում էինք եւ փորձում ավելի բարձր մակարդակով ստանալ անվտանգության երաշխիքներ, ապա Բաքվի պարագայում դա բացառված է: Այնպես որ` Թուրքիայի մրցաշարը օլիմպիական ուղեգիր նվաճելու` բռնցքամարտիկների վերջին հնարավորությունն էր:

-Նախորդ տարվա վերջում մարզչական նոր նշանակումներ տեղի ունեցան: Ի՞նչպես կամփոփեք մարզիչների աշխատանքն այս ժամանակահատվածում:

-Ժամանակն այնպիսին է, որ չես կարող ամեն ինչ վերագրել այս ժամանակահատվածին: Բոլոր մարզիչներն էլ լավ են աշխատել, եւ գոհ եմ եղել բոլորից: Ինձ ավելի շատ անհանգստացնում է թիմի ընդհանուր մթնոլորտը: Այսօր քիչ թե շատ կայուն եւ համերաշխ մթնոլորտ է տիրում, ինչը վաղ, թե ուշ տալու է իր արդյունքը: Ամեն դեպքում ես շնորհակալ եմ այն մարզչական խմբին, որն աշխատում է հավաքականի հետ, ինչպես նաեւ անձնական մարզիչներին, ովքեր հսկայական աշխատանք են կատարում:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք օլիմպիական խաղերից:

-Մեր բռնցքամարտիկները երիտասարդ եւ շնորհալի տղաներ են: Կարծում եմ, որ իրենց խոսքը պետք է ասեն, քանի որ արդեն հասունացել է այդ պահը: Պետք չէ մոռանալ, որ օլիմպիական խաղերը կատակ բան չեն, և բավականին լուրջ մարզիկներ` Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ չեն կարողանում հաղթահարել օլիմպիական խաղերի լարվածությունը: Ամեն դեպքում, կարծում եմ` դա չպետք է խանգարի մեր տղաներին, քանի որ նրանք բազմափորձ են: Նորեկները քիչ են հավաքականում: Ամեն ինչ այսօրվա մարզիչների ձեռքում է, թե ինչպես կպատրաստեն եւ կտրամադրեն տղաներին կոնկրետ օրվա մարտին, քանի որ բռնցքամարտում գործ ունես կոնկրետ անհատի հետ, ոչ թե գործիքի: Այստեղ ավելի շատ բնավորության ու ինտելեկտի կռիվ է, ոչ թե ուժի: Կախված է նրանց, թե կոնկրետ հակառակորդի հետ մարզիչն ինչպես կկարողանա դասավորել մենամարտը: Մի խոսքով` մարզչական թիմից շատ բան է կախված այս փուլում: Ես` որպես ֆեդերացիայի նախագահ, պետք է ստեղծեմ նրանց համար բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան լավ նախապատրաստվել եւ կաշկանդված չլինեն ոչ մի հարցում: Երբ մենք ասում էինք, որ կունենանք օլիմպիական խաղերի 3-4 ուղեգիր, բոլորը թերահավատորեն էին վերաբերվում: Միայն մենք էինք վստահ այդ հարցում: Ապրիլյան պատերազմական իրավիճակը տղաներին «թասիբի գցեց», ու այն, որ մրցաշարը Թուրքիայում էր, դա էլ ավելի մոտիվացրեց: Ամեն ինչ լավ ստացվեց: Ապրեն տղաները: