կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 15:41
Քաղաքական

Իրար արժանի էին. ՀՀԿ-ական պատգամավորը՝ Շմայս-Փաշինյան միջադեպի մասին

Իրար արժանի էին. ՀՀԿ-ական պատգամավորը՝ Շմայս-Փաշինյան միջադեպի մասին

ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, որի մասնակիցներն էին ՀՀԿ-ականներ Առաքել Մովսիսյանը, Կարեն Ավագյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Կան գրագետ բառապաշարով պատգամավորներ, և կան պատգամավորներ, որոնք այդքան էլ հարուստ բառապաշար չունեն և դա է նրանց լեքսիկոնը: Սակայն ես հորդորում եմ, որ մենք նման բառապաշարով խորհրդարանում չխոսենք և ԱԺ-ում շոուներ չսարքենք: Սակայն ես չեմ կարող բոլորին լռեցնել: Քննադատում եմ, սակայն կարծում եմ, որ միջադեպի կողմերն իրար արժանի էին խոսում: Ես ասելու եմ մեր պատգամավորներին, որ նրանք էլ իմանան էթիկայի հանձնաժողովի և դատարանների տեղը, որ ոչ միայն պաշտպանվեն, այլև իրենք էլ դիմեն»,- ասաց նա:

Հարցին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի ինտելեկտի մասին, և արդյո՞ք նրանք տեղ կունենան հաջորդ խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանեց, որ այս հարցի մասին բազմիցս խոսվել է, ապա հավելեց. «Մենք իրավունք չունենք որևէ մեկի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին արգելելու: Ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է լինի խորհրդարանում, թե ինչպիսի պատգամավոր պետք է լինի ԱԺ-ում: Որևէ մեկին ասել, թե դու իրավունք չունես մասնակցելու ընտրություններին, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Ես այն կարծիքին եմ, որ խորհրդարանում չպետք է լինեն միայն տեսաբաններ, պետք է լինեն նաև ոլորտի մասնագետներ: ԱԺ-ն պետք է խայտաբղետ լինի, և լինեն նաև փորձով մարդիկ: Կան շատ խոսող պատգամավորներ, և կան այնպիսիք, ովքեր քիչ են խոսում, բայց շատ են հանդիպում իրենց ընտրազանգվածի հետ և բարձրացնում հանրությանը հուզող հարցերն ու խնդիրները: Հանրության ճնշող մեծամասնությունը կողմ է ժողովրդին լսել ցանկացող պատգամավորներին»: