կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 18:10
Հասարակություն

Էս մի ատամն ունեմ բերանումս, դրա համար էլ երջանիկ եմ, մարդ կա` էդ էլ չունի

Էս մի ատամն ունեմ բերանումս, դրա համար էլ երջանիկ եմ, մարդ կա` էդ էլ չունի

Հայաստանն ամենաերջանիկ 157 պետությունների շարքում 121-րդն է: Ամենաերջանիկ երկիրը Դանիան է: Նման տվյալներ են հրապարակված World Happiness Report Update 2016 զեկույցում:  

Զեկույցի հեղինակները նշում են` միշտ չէ, որ երջանկության մակարդակը համընկնում է կենսամակարդակի հետ: Քաղաքացիների գոհունակության վրա ազդում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական գործոնների համադրությունը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ հայերի մոտ ազգային դիմագիծ է դառնում մեր դարդերն ուրիշին պատմելը, և մենք պետք է կարողանանք հաղթահարել սա` երջանկությունը վերագտնելու համար:

Ըստ նրա` Հայաստանում մարդկանց 85 տոկոսը դժգոհ է տնտեսական վիճակից, իսկ 13 տոկոսն աղքատ է, հարուստ է բնակչության միայն 0,4 տոկոսը: «Սակայն սա չի նշանակում, որ հարուստները` երջանիկ, իսկ աղքատները դժբախտ են: Ավելին` աղքատին ավելի հեշտ է ուրախացնել, ասենք` օրվա սննդի հարցը լուծվեց, վերջ, այդ օրը, այդ պահին նրանք երջանիկ են: Ցավալի է այն, որ երջանիկ լինելը հայի համար կյանքի նպատակ չէ»,- ասաց սոցիոլոգը:

Հոգեբան Աննա Բադալյանի հավաստմամբ` երջանկությունը կախված է մարդու պահանջմունքներից, ընկալումներից, տեսակից: Ըստ նրա` կարևոր է, որ ներքուստ բավարարված լինես, ինչպես նաև` արարող` ինքդ քո օրը դրականով լցնես:

«Եթե ուզում ենք երջանիկ լինել, կարող ենք հասնել դրան: Սոցիալական պայմանները, այո, ունեն ինչ-որ նշանակություն, բայց դու կարող ես լավ ապահովված լինել, բայց հոգումդ ճգնաժամ լինի: Մենք պետք է մեր երջանկության գործոնը մեր մեջ փնտրենք»,- ասաց հոգեբանը:

Yerkir.am-ը հարցում է իրականացրել Երևանում` իմանալու համար, թե որքանո՞վ են երջանիկ մեր համաքաղաքացիները:

Գարիկ Բաբայան, 38 տարեկան. «Երջանիկ եմ, քանի որ ամեն առավոտ տնից դուրս գալիս տեսնում եմ զույգ աղջիկներիս` քնած, առողջ և կուշտ»:

Արտակ Նիկոյան, 24 տարեկան. «Հա, էլի, երջանիկ եմ, բայց եթե փող աշխատելն ավելի հեշտ լիներ մեր երկրում, ավելի երջանիկ կլինեի»:

Նարինե Ավետիսյան, 61 տարեկան. «Երջանիկ կլինեի, եթե չմտածեի` էս ամսվա կոմունալները տեսնես ո՞նց եմ վճարելու»:

Սուրեն Շահվերդյան, 29 տարեկան. «Ուզում եմ երջանիկ լինել, իսկ դրա համար ինձ տուն է պետք, որ սիրածս աղջկա հետ վերջապես կարողանամ ամուսնանալ»:

Դվին Սահակյան, 71 տարեկան. «Դե, որ առողջ եմ, ընտանիքս առողջ է` երջանիկ եմ, բայց լիարժեք երջանիկ չեմ, որովհետև առողջությունը քիչ է, մարդավարի ապրել էլ է պետք»:

Ռուզաննա Մկրտչյան, 38 տարեկան. «Չգիտեմ… Ամսվա կեսն է, բայց արդեն չգիտենք` ինչով ենք ապրելու` պարտք, պարտք, պարտք: Եթե պարտքով երջանկություն լինում է, ասեք` գոնե դա էլ վերցնենք` չկա-չկա»:

Արծվի Մանուկյան, 49 տարեկան. «Երջանիկ եմ, բա ի՞նչ եմ. մի տղաս ողջ-առողջ ծառայեց, եկավ, մյուսն էլ հեսա մի քանի օրից գալու է: Տղերքիս ցավը տանեմ»:

Լիլիթ Խաչատրյան, 16 տարեկան. «Երջանիկ եմ… Այն, ինչ ուզում եմ այս փուլի համար, ունեմ»:

Սիրուն Կարապետյան, 67 տարեկան. «Այ բալա\', թող երեխեքս, թոռներս առողջ, երջանիկ լինեն ու գործ ունենան, ես երջանիկ կլինեմ»:

Արփինե Դուխիկյան, 53 տարեկան. «Եթե զարթնում ես ու ուշք ու միտքդ սոցիալական խնդիրներն են, չես կարող երջանիկ լինել: Դժբախտ չեմ, ճիշտ հասկացեք, բայց երջանիկ լինելուն լիքը բաներ են խանգարում»:

Սմբատ Նազիկյան, 35 տարեկան. «Եսիմ, է… Եթե կայուն աշխատանք ու կայուն աշխատավարձ ունենայի, երևի երջանիկ կլինեի: Հիմա ի՞նչ իմանամ` էդ ինչ է»:

Ադրինե Բարսեղյան, 27 տարեկան. «Հա, էլի, երջանիկ եմ, բայց ես ինքս եմ ինձ երջանիկ դարձնում, թե չէ` բոլորն ու եղած պայմանները միայն խանգարում են երջանիկ լինելուդ»:

Կարապետ Անդրեասյան, 44 տարեկան. «Երջանիկ եմ, քանի դեռ էս մեքենան ունեմ ու, որպես տաքսի, քշում եմ`ընտանիքս պահում, բայց եթե սա փչանա, բաներս բուրդ է»:

Սարգիս Գասպարյան, 74 տարեկան. «Երջանիկ եմ, բա ոնց: Տես` էս մի ատամն ունեմ բերանումս, դրա համար էլ երջանիկ եմ, մարդ կա` էդ էլ չունի»:

Անի Գրիգորյան, 24 տարեկան. «Երջանիկ եմ, որովհետև սիրում եմ ու սիրված եմ»:

Արկադի Լազարյան, 40 տարեկան. «Երջանիկ եմ, ու գիտեք` ինչո՞ւ, որ էսքան մարդկանց միջից եկաք ու ինձ այդ հարցը տվեցիք, ուրեմն` տեսքիցս էլ երևում է, որ երջանիկ եմ: Չէ, լուրջ, երջանիկ եմ, ապրում ենք, էլի»:

Նարե Սողոմոնյան, 5 տարեկան. «Ես ուրախ եմ, որովհետև քեռին երեկ ինձ Բարբի է նվիրել: Իսկ դու Բարբի ունե՞ս…»:

 

Կարինե Հարությունյան