կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 17:17
Հասարակություն

Պետք է երկու կողմից նայել հարցին և նոր միայն դատապարտել բժշկին

Պետք է երկու կողմից նայել հարցին և նոր միայն դատապարտել բժշկին

Երեկ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում շտապ օգնության ծառայության աշխատակիցներից մեկը` բժիշկ Վահրամ Անդրեասյանը, մի փոքր անհարգալից է խոսում տղամարդու հետ: Խնդիրն այն է, որ, տղամարդու առողջական վիճակի հետ կապված, արդեն որերորդ անգամ դիմում էին շտապ օգնությանը, սակայն նա կտրականապես հրաժարվում էր բուժօգնությունից: Ի դեպ, բժիշկը ոչ թե հրաժարվում է օգնություն ցուցաբերել, այլ, հիվանդի /որը, կարծես այնքան էլ ադեկվատ վիճակում չի գտնվում/ որոշումից ելնելով, հեռանում է:

Երեկ լուրեր տարածվեցին, թե բժիշկը հեռացվել է աշխատանքից, սակայն yerkir.am-ի հետ զրույցում Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ բժիշկը խիստ նկատողության է արժանացել, այլ ոչ թե ազատվել աշխատանքից:

«Այն, որ բժիշկն իրեն ճիշտ չի պահել, միանշանակ է, բայց  ոչ ոք չի խոսում այն մասին, թե ի՞նչն է բերել նրան նման վիճակի, ոչ ոք չի ասում, որ դա առաջին կանչը չէր, որ բժիշկները գնում էին տղամարդու մոտ, և նա հրաժարվում էր օգնությունից, մանավանդ` երբ գալիս ենք այն փաստին, որ տղամարդն առողջական լուրջ խնդիր չի ունեցել, ուրիշ բան, որ նրան վատ վիճակում թողնեին, գնային»,-ասաց Ստեփանյանը:

Ըստ նրա` լրատվամիջոցների արձագանքն ու գնահատականը երբեմն շատ հապճեպ է լինում` առանց  հարցը երկկողմանի զննելու: «Պետք է երկու կողմից նայել հարցին և նոր միայն դատապարտել բժշկին: Բժշկի վերաբերմունքն այս դեպքում, միանշանակորեն, ճիշտ չէր, և կապ չունի` դիմացինն ո՞վ է. հիվանդը մնում է հիվանդ: Ես չէի կարող ասել, թե` բժի\'շկ ջան, շատ ճիշտ բառեր ես ասել: Նա չպետք է իջնի դիմացինի մակարդակին և նրա նման կոպիտ լինի, այլ պետք է ունենա ճիշտ պահվածք ու բառապաշար: Բայց սա չի նշանակում, որ, վերջ, պետք է բժշկին դատապարտել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Ստեփանյանի` տհաճ էին կողքի մարդկանց խոսակցությունները, թե` «մենք բժիշկներին չենք հավատում»: Նրանք սրում էին իրավիճակը. չի կարելի նման ձևով վերաբերվել բժիշկներին:

«Ինչ վերաբերում է Անդրեասյանին, ապա ասեմ, որ նրա հետ կապված երբեք բողոք չենք ստացել, որ կոպիտ է խոսում հիվանդի հետ, սա առաջին դեպքն էր, դրա համար էլ, որպես տույժ, նա մեկ ամիս չի աշխատի, հետո կշարունակի իր աշխատանքը: Անդրեասյանն աշխատանքի է ընդունվել իմ օրոք, ես հավանել եմ նրա աշխատանքը: Որոշ ժամանակ նա անգամ ՌԴ-ում է աշխատել, հետո նորից վերադարձել Հայաստան»,- ասաց Ստեփանյանը: