կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 10:28
Հասարակություն

Գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում

Գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում

Ծաղկաձորում ամփոփվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների  ու  ծրագրերի  վերանայման կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության նախնական արդյունքները:

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հետազոտական աշխատանքն իրականացնելու համար ընտրվել  է  «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ: Հետազոտություն իրականացնող մասնագիտական  խմբի կողմից կատարվել է կրթական չափորոշչի, առարկայական  չափորոշիչների և ծրագրերի ուսումնասիրություն,  փորձ է արվել վերհանել խնդիրներն ու բացերը, դրանք համադրվել են մի քանի երկրների փորձի հետ, ինչպես նաև ներկայացվել են վերանայման առաջարկություններ: 

Ուսումնասիրության մեջ ներկայացվել են աշխարհում առկա  կրթակարգերի հիմնական մոդելները:  Մասնագիտական  խումբն արձանագրել է նաև, որ գործող  կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին:  Իսկ Կրթակարգը, որը իրավական տեսանկյունից համարվում է գործող փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության արձանագրային որոշում, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո փաստացի չի կիրառվում: Փորձագետները  դիտարկել են նաև 19  առարկայական չափորոշիչներ և ծրագրեր՝ հանրակրթության տարբեր աստիճաններում: Հետազոտվել է ավագ դպրոցում  ընդհանուր, հումանիտար և բնագիտական դասարաններում դասաժամերի բաշխումը, որը ցույց է տվել, որ  միջազգային միջին ցուցանիշներով բավական մեծ է ծանրաբեռնվածությունը, ինչը, սակայն, կրթության որակի տեսանկյունից  արդյունավետ չէ:

Վերլուծության է  ենթարկվել գնահատման գործող համակարգը, որպես խնդիր նշվել է, որ 1-ից 10 միավորանոց սանդղակում նվազագույն և առավելագույն նիշերը չեն կիրառվում:
Ներկայացվել են նաև առաջարկություններ, մասնավորապես տարրական և միջին դպրոցների տևողությունների փոփոխման, ծրագրերի վերանայման և բեռնաթափման, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչը  կրթակարգով փոխարինելու,   նոր կրթակարգ  մշակելու վերաբերյալ:

Աշխատաժողովի արդյունքում որոշվել է, որ առկա հետազոտությունը վերջնական տեսքի կբերվի՝ հաշվի առնելով աշխատաժողովում  կրթության փորձագետների կողմից  հնչեցված կարծիքներն ու դիտողությունները:

Հանրակրթական պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության վերջնական և ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում: